Saturday, August 20, 2011

Աբսուրդային իրականություն...


Արդեն ինչքան ժամանակ է լսում ենք երկխոսություն, բանակցություն, ծրագրեր բառերը, և մի տեսակ երեք տարի շարունակվող դեժավյու է տիրում ողջ Հայաստանում: Մարդիկ միացնում են հեռուսատցույցը` տեսնում մտազբաղ դեմքով վարչապետի, ով իրեն ավելի շատ ուսուցիչ է զգում, քան վարչապետ: Ամեն անգամ հերթական հավաքի ժամանակ վարչապետն իր պարտքն է համարում հիշեցնել նախարարներին, որ պետք է լուրջ վերաբերվել, համապատասխան լրջագույն մոտեցում ցույց տալ և, իհարկե, մի քանի ջղային նկատողութ-յուններ է անում, այնպիսի տպավորություն է ստեղծվում ,որ հավաքվել են ավագ դպրոցի սաներ, և նրանց խրատում են, այլ ոչ թե խելամիտ պարոնայք, ովքեր մեր երկրի տարբեր ոլորտների կառավարմամբ են զբաղված: Մի կողմ դնենք վարչապետի վարած անհաջող տնտեսական <առաջընթացը>, որն իրականում բավականին արագ տեմպերով ներքև գլորվող հետընթացի վերածվեց, անցնենք իբր թե ընդդիմության ժողովրդական լինելուն: Երեք տարում երկրի վիճակն այնքան է վատացել, որ գրեթե բոլորը մտածում են Հայաստանը լքելու մասին, սոցիալական պայմանների մասին էլ չասենք, բայց այս ամենի հետ միասին ընդդիմությունն ավելի հարմար գտավ երկխոսել իշխանության հետ, այլ ոչ թե զբաղվել ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերով: Իշխանությունն էլ իր հերթին մտածում է աթոռը պահելու մասին, ստացվում է ինչ-որ բրգաձև կառույց, որի գլխամասում կանգնած է Սերժ Սարգսյանը, բուրգի միջնամասում հպարտորեն Սերժ Սարգսյանին իր ուսերի վրա է առել Լևոն տեր Պետրոսյանը, որն էլ իր հերթին բազմել է ժողովրդի ուսերին: Բուրգի գագաթին կանգնած պարոն նախագահի համար գերխնդիր է այնտեղ մնալը, իսկ ԼՏՊ-ի համար էլ նրան այդ հարցում օգնելը, այս ամենի հետ միասին նրանք առիթ բաց չեն թողնում Ռոբերտ Քոչարյանի անունը հոլովելու համար, ով նույնիսկ  հայտարարություն էլ չի արել: Մոռանում են, որ հենց Քոչարյանն է Լևոնի թողած քայքայված տնտեսությամբ, մինուսային տվյալներով Հայաստանին մի կերպ խելքի բերել և երկրի տեսք տվել: Անցյալը մոռանալը շատերին է հատուկ, բայց պետք չէ այս երեք տարվա վարած խայտառակ քաղաքականության արդյունքում տնտեսական, սոցիալական և մարդկային կրիզիսի մեջ հայտնված Հայաստանի հարցում նախկին իշխանություններին մեղադրել: Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվելուց հետո վարչապետի հետ միասին գերերևակայական ծրագիր էր ներկայացրել, այսինքն նա հույս ուներ, որ կարող է շարունակել Քոչարյանի տեմպերով, բայց, ափսոս, այդ հիասքանչ ծրագիրն այդպես էլ թղթի վրա մնաց, գոնե մնար այն, ինչ կար, բայցՄի խոսքով, բամբասանքները, բարբաջանքները ու ժողովրդի աչքերը կապող երկխոսությունները չեն կարող քողարկել փաստերը, բոլորս էլ լավ հասկանում ենք` որ նախագահն ինչքանով է ժողովրդավարական և ժողովրդանպաստ քաղաքականություն վարել, մնում է միայն հուսալ, որ Հայաստանի պայծառ օրերը նորից հետ կգան:

P.S. <Առաջ Հայաստան> կարգախոսն էլ ոնց հասկանում ենք պետք էր հասկանալ` առաջ Հայաստան դեպի անդունդը: <Պայքար, պայքար, մինչև վերջ>-ն էլ` պայքարենք իրար դեմ հայեր, մինչև Հայաստանում էլ մարդ չմնա: Նույնիսկ կարգախոսներն են հակաժողովրդավրական, կարծում ենք, որ մի փոքր անկեղծությունը չէր խանգարի մեր ընդդիմասեր իշխանությանն ու իշխանասեր ընդդիմությանը:
                                                                                                           .........

Friday, August 12, 2011

Ոմանց ուղեղն է պետք ապամոնտաժել…


Զարմանալի ու անհավատալի դեպքերի շարանը շարունակվում է մեր բազմադարյան մշակույթ ունեցող ու տրամաբանորեն արդեն <քաղաքակիրթ> դարձած երկրում: Ենթադրվում էր, որ այն պետք է քաղաքակիրթ դառնա, իսկ իրականությունը մեր երազած ենթադրություններից, ցավոք, արմատապես տարբեր է: Այս աբսուրդի հասնող իրականությունը  քաղաքական ծաղրուծանակ վիճակի հետ միասին մի կողմ դնենք: Լավ է գոնե ամառը մտավ ժողովրդի դրության մեջ ու մի քիչ զովացավ: Ի տարբերություն ամռան, իշխանությունները չեն էլ թողնում մարդիկ թեկուզ  քաղաքի մեջ հանգստանան. <Պետք է քաղաքը բարեկարգել>,- ասացին հարգարժան պարոնայք ու ձեռնամուխ եղան բառիս բուն իմաստով ժողովրդին <քցելուն>:  Մետրոյի թանկացումը քիչ էր ամռան շեմին, ինչին արդեն անդրադարձել ենք, հիմա էլ մարդկանց հաց գնելու համար անհրաժեշտ գումարի հաշվին քաղաք են գեղեցկացնում: Դեմ չենք, յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր մտածում է իր մայրաքաղաքի բարեկարգման մասին, բայց ոչ թե ժողովրդի հացի հաշվին ու ժողովրդին քցելով: Մի կողմ դնենք մարդասիրական մոտեցումը և մոտենանք զուտ օրինական տեսանկյունից տվյալ հարցին` այս պարագայում կրպակների ապամոնտաժմանը, որն իրականացնելու համար նախ պետք է պետությունը լուծեր ապամոնտաժման հետևանքով առաջացած խնդիրները: Չէ՞ որ մարդիկ տարիներով աշխատել են, իրենց համար հացի աղբյուր են ստեղծել, շատերը նույնիսկ զրկանքների գնով տվյալ կրպակի համար անհրաժեշտ մուծումներ են արել` հարկեր, տուրքեր, սեփականաշնորհում և այլն, իսկ հիմա գալիս, վերցնում ու տանում են: Հարգարժան պարոնայք, վերցրեք ուսումնասիրեք կամ մի խնայեք ձեր փողերը գնացեք ավելի զարգացած երկրներ սեմինարների` հասկանալու համար, թե իշխանությունն ինչպես պետք է բարեկարգի ինչ-որ բան առանց որևէ զանգվածի վնաս, այն էլ կեսամակարդակի հետ կապված մեծ վնաս տալու: Տարիներ առաջ Հյուսիսային Պողոտան կառուցվեց, բայց այն  ժամանակ պետությունը մարդկանց շուկայական գնից մի բան էլ ավել գումար վճարեց տեղանքի համար, ու նախապես, մարդկանց համար տեղափոխվելու, անձնական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ  ժամանակ տրամադրվեց, այլ ոչ թե ասեցին` քանդելու ենք ու առանց որևէ փոխհատուցում տալու, եկան ու  քանդեցին, գոնե հենց Հայաստանի նախկին քաղաքական գործիչներից օրինակ վերցրեք: Հասկանալի է, որ երկխոսասեր իշխանությունը չի կարող սխալներ չունենալ, բայց ժողովուրդը չպետք է իր գոյատևման գնով վճարի իշխանությունների անհետևողականության, անուշադրության ու անտարբերության համար: Իշխանությունը կոչված է, որ պաշտպանի մարդու իրավուքները, հոգ տանի, որպեսզի այդ իրավունքները չոտնահարվեն և  ինչքան հնարավոր է բարենպաստ  պայմաններ ստեղծի մարդկանց համար, բայց վերջին երեք տարում թե իշխանությունը, թե ընդդիմությունը մոռացել են` ով ինչի համար է և ինչ պետք է անի: Իշխանությունը ժողովրդին գոհացնելու փոխարեն հազիվ կոնկրետ անձանց գոհունակության ու բավարարվածության մասին է մտածում, ընդդիմությունն էլ աջակցում է իշխանությանն այդ հարցում: Այսքանից հետո էլ զարմանում են, թե ինչի է Հայաստանում արտագաղթն աննորմալ տեմպերով աճում:  Անտերության մատնված երկիրը չի կարող նույնիսկ զարգացման մասին երազներ տեսնել, բայց մեր հարգարժան երկխոսիկները մի վարկյան բաց չեն թողնում զարգացման , առաջընթացի ու ժողովրդի շահերի մասին խոսելու համար: Այսօր ժողովուրդը շատ գոհ կլիներ, որ թեկուզ չխանգարեիք իրեն, ժողովրդի հացի հաշվին քաղաք կբարեկարգեիք: Մենք էլի հանուն մեր երկրի հարգում ենք մեր նախագահին էլ, մանդատավոր պարոնայքին էլ, երկխոսասեր ու առհասարակ անիմաստ խոսասեր գործիչներին էլ, բայց դուք էլ բարի եղեք` հարգեք հայ ժողովրդին ու նրա շահերը:  ՀԱԿ էլ արդեն հոգնացրեց երկխոսության բարենպաստ լինելու մասին խոսելով, այդ դեպքում փոխարենը կրպակների տերերին ցույցի կանչելու, թող ինքն էլ այդ մարդկանց լավություն անի ու լուծի այդ հարցը, ՀԱԿ-ն այսօր ունի այդ հնարավորությունը , քանի որ իշխանության հետ հենց ինքն է երկխոսում,  բայց դե ՀԱԿ-ն այդ ե՞րբ է ժողովրդանպաստ քայլ արել, որ այսօր էլ պետք է աներ:
P.S.Կրպակներն ապամոնտաժելու փոխարեն ոմանց ուղեղներն է պետք ապամոնտաժել, որ մարդկանց սոված թողնելուց առաջ գոնե մի քիչ մտածեն հետևանքների մասին, որոնք ժողովրդի  որոշ  շերտի համար կարող են ուղղակի կործանարար լինել, ու նրանց կենսամակարդակը զրոյից  էլ  ցածրի հասցնել:

Wednesday, August 3, 2011

L&S PRODUCTION-ի մտքի ճկունությունը չափ չունի...!!!


Երևանյան տոթ օր, շոգից խելքահան ու ջրաքամ եղած մարդիկ, ու այսքանի հետ բացօթյա թատրոն  քաղաքի կենտրոնում: Մարդիկ դուրս են եկել զբոնելու, մաքուր օդ շնչելու, վերջապես սիրած էակին տեսնելու, մեկ էլ Երևանի ամենաբանուկ մասում նորից տեսնում ենք արդեն զզվացնելու չափ ծանոթ դեմքը` <հա՜ էլի Լևոնն ա խոսում>: Այո, էլի Լևոնը մենախոսեց ժողովրդի հետ, բայց սա ծանոթ պատմություն է, կարևորը, թե ի՜նչ գյուտեր է արել հարգարժան ԼՏՊ-ն ու ինչե՜ր ասեց: Փաստորեն պարոն Լևոնը  հիշողության հետ էլ լուրջ պրոբլեմներ ունի, մոռացել է, որ երկիրը խայտառակ կեղեքված վիճակում թողեց ու հրաժարական տվեց, հիշողությունից լրիվ թռել է, որ հենց իր նախագահության օրոք էր մենաշնորհը հասել ահռելի չափերի` մենակ Արմենթելն էլ որ հիշենք բավական է, մեր Լևոն պապիկի լեզվիմացության պատճառով էինք երկար ժամանակ աստղաբաշխական թվերով  մի հատիկ բջջային հեռախոսահամար ձեռք բերում, մինչև  որ Քոչարյանին հաջողվեց շտկել ստեղծված աբսուրդ վիճակը: Լևոնը մոռացել է, որ հենց իր կառավարման տարիներին  Հայաստանի բնակիչների մտքով արտագաղթն անցավ, տնտեսական գերժգնաժամ, սոցիալական Չպայմաններն էլ չասենք, էլ ի՞նչ է ուզում , իր երկխոսասեր բարեկամն ու իրեն ենթակա իշխանություններն էլ   նույն իր երբեմնի անցած ճանապարհով են գնում, ուստի զարմանալի չէ, որ երկխոսելու շատ բան կունենան միմյանց հետ: Հիմա անցնենք գլխավորին` պահանջներին, որոնք ներկայացնում է մեր հմտալեզու ԼՏՊ-ն, ի դեպ նախօրոք երկխոսած պահանջների մասին է խոսքը:
 Արտահերթ ընտրություն`թատրոնասեր հասարակությունն էլ է արդեն հոգնել այս տառակույտից, ուղղակի Սերժ Ազատիչին էլ, Լևոնին էլ ժամանակ է պետք, ուստի լրիվ անիմաստ ենք համարում նորից կրկնելը, որ ոչ մի արտահերթ ընտրություն էլ չի լինելու, Լևոնն էլ մինչև ընտրությունների վերջին օրն արտահերթ ընտրություն է գոռալու` քաջ իմանալով իր ասածի աբսուրդ լինելը, Սերժն էլ իր կաբինետից Լևոնի ելույթից գոհ ծափ է տալու: Հաջորդ պահանջը համամասնական ընտրություններն են, բայց լավ էլ մտածել են: Առաջին նախագահ ԼՏՊ-ին Ազգային Ժողովում տեղեր են պետք, ինչքան մարդկանց է խոստացել, գոնե մի քանիսի պահանջները պետք է բավարարվեն, թե չէ  բոլորս էլ գիտենք չբավարարված պահանջներն ինչ անկանխատեսելի քայլերի կարող են հանգեցնել, իսկ դա ոչ Սերժ Սարգսյանին է պետք, ոչ էլ Լևոնին: Այստեղ ուղղակի մի խնդիր կա,  այնպես է ստացվել, որ ԱԺ-ն առաձգականություն չունի, ընդամենը 131  տեղ է,  մեր հարգարժան նախագահն էլ հայտնվել է անելանելի վիճակում` ոչ կարող է տեղերի քանակը կախարդական փայտիկի ուժով ավելացնել, ոչ էլ իր երկխոսիկ բարեկամ Լևոնին ձեռնունայն թողնել:  Սրա հետ միասին շատ սխալ քայլ կլիներ մյուսների ունեցածը վերցնելն ու Լևոնին տալը: ՕԵԿ-ն էլ է Սերժի խաղալիքը, պետք չէ նրանց նեղացնել, ՀՀԿ-ն… չէ… ինքն իրենից ոնց վերցնի հանուն Լևոնի, ինչքան էլ որ սիրում է Լևոնին:  Բարգավաճի հետ զգույշ է պետք լինել, մեկ էլ տեսար իրական ընդդիմություն դառան, ո՞վ իմանա, ամեն դեպքում պետք չի նեղացնել, Ժառանգությունն էլ չափից շատ է համը հանում,  համայն Եվրոպայի աչքի առաջ Զարուհի Փոստանջյանի հարցից հետո Սերժը դժվար ցանկանա նրանց էլ նեղացնել: Ահա այսպիսի անելանելի վիճակ է ստացվում, մարդիկ էլ նստել երկխոսել են, ու նման գերմտքի  եկել, որ կարելի է ԱԺ ընտրություններն անցկացնել միայն համամասնական կարգով` այսինքն միայն  կուսակցությունների առաջադրած թեկնածուները  կարողանան թեկնածություն դնել, ինչպիսի մտքի փայլատակում: Այս դեպքում 131-ից 10 տեղ ապահովված կլինի ՀԱԿ-ի համար,  այն էլ առանց որևէ մեկի շահերին կպնելու, տեսնո՞ւմ եք ինչ ճկուն մտքով իշխընդդիմություն ունենք: Լևոնն էլ այսօր ժողովրդին իբրև ՀԱԿ-ի պահանջ ներկայացրեց սա, ինչը խորը մտածելու դեպքում ոչ մի օգուտ էլ չի տալիս ժողովրդին, ուղղակի ԱԺ-ում գործող նախագահ պրն. Սարգսյանի  թիմն ավելի ուժեղ կդառնա, այդքան բան:  Զարմանալի է, որ այս խելքահաս պարոնայք չեն ուզում հասկանալ` միայն իրենք չեն այդքան խելացի Հայաստանում, առհասարակ հայերը խելացի ազգ են, միգուցե հիմա սոցիալական դաժան պայմաններից ելնելով մի փոքր հոգնել են իրենց տունտունիկների մեջ խառնվելուց, բայց ամեն ինչ էլ շատ լավ հասկանում են, հասկացանք, որ սիրում եք երկխոսել, մենախոսել, սիլի-բիլի ու քարկտիկ, բայց սթափվեք վերջապես: Վերջում էլ ավելացնենք, որ Լևոնն ասելով, թե ոմանք վատ են վերաբերում երկխոսությանը մի անգամ ևս հաստատեց իր մոռացկոտությունը, քանզի ընդդիմություն բառն անգամ ենթադրում է, որ դա մի կառույց է այսպես ասած, որը տեսնում ու փորձում  է շտկել իշխանության սխալները` ի օգուտ ժողովրդի, այլ ոչ թե ԱԺ-ում տեղ ունենալու համար երկխոսում է իշխանության հետ: Ընդդիմությունը բարձրացնում է ժողովրդին հուզող հարցերը և հասնում դրանց լուծմանը, իսկ այս երեք տարում ՀԱԿ-ը որպես ընդդիմություն ոչ միայն չկայացավ, այլ նույնիսկ չկարողացավ պահել դիմակը, արհեստական ընդդիմության վերջն էլ սա պետք է լիներ: Ավելացնենք միայն, որ հարգելի հայ ազգ, ԴՈՒ ես այս երկրի տերը` ես, դու, նա, ամեն մեկս, իսկ մեր ճակատին <հիմար> բառ գրված չէ, ուստի պետք է կարողանանք մի ձև դիմանալ այս շոգին էլ, Լևոնի ու Սերժի անհաջող թատրոնին էլ, մեր երկխոսասեր ու երկխոսված քաղաքական գործիչներին էլ, մինչև իրական ուժեղ ու ժողովրդանպաստ քաղաքական գործիչներ ի հայտ կգան:
P.S. Լեգիտիմ, ոչ լեգիտիմ բառերն էլ  օրինակարգ և ոչ օրինակարգ բառերով փոխարինելը հաստատ այս պահին ամենահրատապ հարցը չէր, որ ԼՏՊ-ն չդիմացավ ու նորից ցույց տվեց իր լեզվի ճկունությունը: Ի դեպ առաջինը նախագահն էլ  կարող է  հաջողությամբ <Իմ լեզուն> վերնագրով երգ ձայնագրվել, մնում է միայն երգի հեղինակի թույլտվությունը, համ էլ այս պարագայում <ցույցը> հենց ինքն էլ կեզրափակի` թատրոնից հետո համերգ տալով:
                                                                                                                         .........

Saturday, July 23, 2011

Ժողովրդին գրավ են դրել…

 Հուլիսն էլ է մոտենում իր տրամաբանական ավարտին, լավ է գոնե անձրևներ են գալիս, շոգն էլ իր հերթին այդքան չի զզվեցնում մեզ մեր քաղաքական գործիչների նման, իսկ երկխոսությունն էլ իր համար հանգիստ, մարդկանց աչքից հեռու ոչ մեկին օգուտ չտվող իր զարգացումն է ունենում: Ժողովուրդն է միայն, որ էլի մնաց գրավի կարգավիճակում, ու էլ իրոք տեղ չկա լռելու ու պետք էլ չի, քանի  որ Հայաստանը  համարվում է ժողովրդավարական երկիր, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այստեղ պետք է խորը շունչ քաշել և զարմացած հայացքով հարցնել` լո՞ւրջ: Այո, ամենայն լրջությամբ, և դա իրոք այդպես է, ուղղակի պետք է վերջապես գիտակցենք ժողովրդավարություն բառի բուն ու ամբողջական իմաստը և սկսենք ուշքի բերել մեր մոլորված ու երկխոսասեր քաղաքական գործիչներին: Այստեղ պետք է հաշվի առնել, որ կան մոլորյալների երկու տեսակ` ստիպված և ի ծնե մոլորյալներ:  Ստիպված մոլորյալներին հետ բերելն ավելի հեշտ է, քանզի նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծելուց հետո գուցե և նրանք իրոք սկսեն մտածել ժողովրդի մասին, իսկ այ ի ծնե մոլորյալների հարցը շատ ավելի բարդ է: Ի ծնե մոլորյալների շարքին են դասվում այն քաղաքական գործիչները, ովքեր ի սկզբանե հանդես են գալիս բացառապես ժողովրդի շահերից բխող տեքստերով, քաղցրահունչ ու խոստումնալից բարբաջանքներով, համոզում, երդվում, ժողովրդի վստահությունն   են ամեն կերպ շահում, վերջում էլ ժողովրդին գրավ են դնում ու պաշտոն ստանում: Այս խմբի մեջ կարելի է դասել Գեղամյանչիկին, Արթուրիկին ու հիմա արդեն պատկառելի տարիքի հասած ի ծնե մոլորյալ Լևոն պապիկին, ով իր նախագահության տարիներին ժողովրդին իր հետ մոլորեցրեց հերիք չէր, հետո էլ որոշեց արդեն փորձված մեթոդը նորից կիրառել: Հիմա էլ Լևոն պապին իրեն հավատացող ու իր հետևից անվերապահորեն գնացող մարդկանց գրավ է դրել Սերժ Ազատիչի դիմաց` երկխոսության սեղանի մեջտեղում և զուտ իր ու իր մտերիմների անձնական կյանքն ու շահերն է դասավորում միայն իրենց ձեռնտու տարբերակով: Բայց ոչ մեկ չհարցրեց ժողովրդից, նույնիսկ չասաց` <այ մարդիկ, Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, ես ձեզ գրավ եմ դնում, գոնե իմացեք էլի>: Անգամ <անշունչ գույքը> գրավ դնելուց սեփականատիրոջից թույլտվություն են պահանջում, չնայած, եթե նայենք այն տեսանկյունից, որ մեր հարգարժան նախագահն իրեն է համարում մեր սեփականատերը, ուրեմն թույլտվությունը կա: Չէ՞ որ նա էլ ունի գրավադրման փորձ: Այս լոմբարդային երկխոսությունն արդեն այնքան տրամաբանական է դարձել բոլորիս համար, որ կանխագուշակումներ էլ չենք անում կամ ինչի՞ համար կանխուգուշակենք արդեն պարտված, իրենց սպառած ու գրավադիր հոգեբանությամբ օժտված երկխոսիկների <սիլի-բիլի> անող հանդիպումները, մենք հարգում ենք մարդկանց անձնական կյանքը, ուստի չենք ներխուժում այնտեղ: Այս ամեն ինչի մեջ միակ եզրահանգումը, որ պիտի անենք, դա այն է, որ մենք չենք ուզում գրավի դեմքով պառկել երկխոսության սեղանին,կամ ակամա <մոմ բռնողի> դերում հանդես գանք. ուստի հարգելիներս, թեթև է պետք տանել այս հումորային երկխոսությունը, նույնիսկ մեր իշխանավորներն իրենց ասած խոսքին լուրջ չեն վերաբերվում, ուր մնաց մենք լուրջ վերաբերվենք: Մեզանից հասնում է գրավի սեղանից հեռանալը ու այս երեք տարվա խայտառակ ու ծիծաղելի քաղաքական փորձը որպես դաս հիշելը, որն, իհարկե, հանգեցրեց շատ ցավոտ ու քայքայիչ արդյունքների:

P.S.Եթե արտագաղթող հոծ զանգվածի փոխարեն երկիրը լքեին  մեր հարգարժան իշխ-ընդ-դիմադիր երկխոսիկները  և’ օդը կմաքրվեր ավելորդ քաղաքական բացիլներից, և’ երկիրը նախկին զարգացման ուղու վրա դնելն ավելի արագ կստացվեր: Բացատրել է պետք նրանց, որ գրավադրման համար աշխարհի տարբեր երկրներում հատուկ հաստատություններ կան` խաղատների տեսքով, այնտեղ գոնե բախտներդ բերի, թե չէ Հայաստանում էլ մարդ չի մնացել, որ գոնե մի քիչ հավատա ձեր պաշտոնատենչ խոսքերին ու օդային  խոստումներին: 
                                                                                                                  .........

Wednesday, July 13, 2011

Իսկական Հիթ-Շքերթ

Ամառային այս օրերին մարդու մոտ ցանկություն է առաջանում մտածել բնության գեղատեսիլ վայրերում հանգստանալու, գեղեցիկ ու առողջարար արևայրուք ունենալու, մի խոսքով լիցքաթափվելու մասին, բայց դա այն դեպքում, երբ մարդ բախտի բերումով ծնվել է այնպիսի երկրում, որտեղ ամեն մեկը զբաղված է իր գործով, և մարդն էլ կարող է իրեն թույլ տալ իր հանգիստը կազմակերպել, վերջում էլ ստիպված չի լինի հանուն այդ հանգստի իր մշտական ծախսերը բավականին քչացնել որոշ ժամանակով: Այս ամենը մի կողմ դնենք, ոնց էլ լինի ամեն մեկը հանգստանալու մի  ձև այսպես ասած կգտնի, մնում է մեր <երկխոսության գերիները> թողնեն մի քիչ հանգստանանք:  Չնայած մի փոքր մանկամտություն կթվա, եթե ինչ-որ մեկն արդեն նման հայտարարություններին լուրջ վերաբերվի, վերջին երեք տարում սովորել ենք բոլոր տեսակի հայտարարություններին մի քիչ անհավատորեն, ավելի հումորային վերաբերմունք ցույց տալուն: Այստեղ էլ մի բայց է առաջանում, լավ ինչքա՞ն ժամանակ կարող ենք հումորով վերաբերվել, ինքներս մեզ ծաղրանքի արժանացնենք, մխիթարվենք նրանով, որ Ֆորբս ամսագրում Հայաստանը` որպես տնտեսություն չունեցող երկիր ոչ թե վերջին տեղում է հայտնվել, այլ նախավերջին, <հիանանք> երկխոսասեր Լևոնի լեզվաիմացության բազմազանությամբ, որը մի գրամ օգուտ չի տալիս ոչ իրեն, ոչ էլ հայ ազգին:  Լավ, փորձենք մեզ դնել կոպիտ ասած անհասկացող երկխոսասեր ազգի տեղ ու տրամաբանենք, թե ինչով կարող է վերջանել արդեն Հիթ դարձած երկխոսությունը:  Երկխոսության Հիթ շքերթում կարծում ենք, որ առաջին հորիզոնակը պատկանում է մեր հարգարժան նախագահ պարոն Սարգսյանին,  ով էլ մյուսներին միայն իր իսկ քվեարկութ-յամբ  բարձր կամ ցածր հորիզոնականներ է շնորհում: Լևոնի երազանքն այս հիթ-շքերթը դասավորողի պաշտոնը ստանձնելն էր, արդեն հասկացավ, որ չի ստացվում, ուստի ավելի լավ է ինչ-որ հորիզոնական զբաղեցնի, քան թե ձեռնունայն հեռանա: Այս թեմայով էլ մեր խելամիտ պարոնայք կհավաքվեն, մի լավ կերկխոսեն, կհասկանան, որ եթե իրար հետ չերկխոսեն, ապա շուտով ժողովուրդը երկուսի հետ էլ շատ կոպիտ ձևով կերկխոսի ու Հիթ շքերթն ավարտված կհամարվի, ուստի  պետք է մի բան անել, գոնե ժողովրդին մի փոքր էլ <Հաղթելու ենք> , <Պայքար, պայքար…> և նման 6/8 երգերին բնորոշ, հեշտ հիշվող անիմաստ կարգախոսներով սնեն այսպես ասած, մինչև տեսնեն` ինչ կլինի:  Մեզ էլ մնում է սպասել, ավելի շուտ կարող ենք մի քիչ հանգստանալ, մինչև բացի երկխոսասեր, ֆուտբոլասեր, դեմագոգիասեր ու ստասեր գործիչներից մեր քաղաքական դաշտում արդեն կոնկրետ հայտարարությամբ հանդես կգան մեր ավելի խելամիտ, կշռադատված քայլերի կողմնակից ու  իրոք ժողովրդի մասին անհանգստացած քաղաքական գործիչները:
P.S.Մեր ուսումնասիրություններն էլ  դեռ շարունակվում են, և շուտով հնարավորություն կունենանք տեսնել, թե ինչպես է  ստացվել, որ վերջին 3 տարում արտաքին պարտքի գերավելացման պայմաններում, Հայաստանի տնտեսությունը ոչ միայն զարգացում չի ապրել, այլ հակառակը` հետընթաց է ապրել: Եվ հիշելով մեր նախագահի նախընտրական ելույթը, ցանկություն է առաջանում հարցնել նրան` ո՞ւր մնացին խոստումները: Երկխոսելու փոխարեն, ավելի լավ կլիներ կառավարությունը որպես գործադիր իշխանություն իր առջև դրված խնդիրներին լուծում տար, ընդդիմությունն էլ ժողովրդին անհանգստացնող խնդիրների մասին բողոք ներկայացներ, այլ ոչ թե աթոռակռիվ տար:
                                                                                                               .........