Monday, July 2, 2012

SOS... ՀԱՅԵՐ, ԶԱՐԹՆԵՔ...!!!

Նախ խորապես ցավակցում ենք Վահեի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին, ինչպես նաև ամբողջ հայ ազգին...
Այս սարսափելի միջադեպը Հայաստանում առաջինը չէ, հույս ունենանք, որ վերջինը կլինի, քանզի այս կերպ շարունակելն արդեն սպառնում է  մեր ազգի անվտանգությանը: Անհասկանելի է, թե ինչպես ենք մենք այսքան դաժանացել, ինչպես է հայ ազգի ներկայացուցիչն իր ազգակիցների հանդեպ այս աստիճան տականք գտնվելու հակում ձեռք բերել: Հասարակության բոլոր անդամներն են այսօր հայտնվել անպաշտպան վիճակում, քանի որ ստացվում է` մարդ պետք է զենք-զինամթերքով գնա զվարճանքի վայրեր, եթե այդ վայրը պատկանում է հասարակ պատգամավորի, ինչի համար հասարակ, քանի որ ես կուզենայի, որ մեր բոլոր պատգամավորները, ինչպես նաև հայ ազգը գիտակցեր` պատգամավորն ընդամենը ժողովրդի ներկայացուցիչն է Ազգային Ժողովում, մենք ենք նրանց տալիս այդ լիազորությունը և իշխանությունը` մեր անունից խոսելու և ի շահ մեզ գործելու: Հաշվի առնելով վերոնշյալը այդ նույն անձը, ով հարստացել է, կայացել է, այս կյանքում կարողացել է ինչ-որ դիրք ձեռք բերել, այնուհետև որոշել է, որ հենց ինքը պետք է ներկայացնի այս արդեն մեղք ժողովրդի <շահերը>, պետք է ոչ թե մարդկանց սպանելով զբաղվի, այլ մարդկանց համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծելով: Գուցե հիմա ասեք, որ ես շատ ռոմանտիկ եմ, բայց մի կողմ դնենք մարդկային և բարոյական նորմերը, որոնք այդ կատեգորիաին չեն վերաբերում և փորձենք հասկանալ, թե ով է պատասխանատու այս վիճակի համար, ինչու ենք մենք, մեր ընտանիքի անդամները, մեր երեխաներն ամեն օր հասկանում, որ մենք մեր երկրում վտարանդի ենք, անկոչ հյուր, կիսափախստականի կարգավիճակ ունեցող անձ, ով եթե փորձի ասել այն, ինչ հաճելի չէ լսող <էլիտային>, ապա կաքսորվի կամ ստիպողաբար` համապատասխան վայր, կամ էլ ինքնակամ: Այս վիճակը դեռ երկար կշարունակվի, եթե մեր հասարակության անդամները շարունակեն հանուն իրենց շահի երգել թուրքերին և մեր իշխող <էլիտային> հաճելի երգը, ինչն էլ մեր կործանման գերագույն պատճառը կդառնա: Վահեի դեպքը բացառություն չէ մեր երկրում, ուղղակի եզակի է այն առումով, որ լուսաբանվեց և հասարակության լայն շերտեր տեղեկացան նման սարսափելի պատահարի մասին: Այսօրինակ հակահայկական և հակամարդկային դեպքեր տեղի են ունենում ամեն օր մեր երկրում, տարբերությունը միայն այն է, որ դրանք չեն լուսաբանվում, կոծկվում են և մոռացվում նույնիսկ զոհերի հարազատների կողմից, այլապես նրանք էլ կտուժվեն: Կարծես մեր իշխանությունը պատվեր կատարելիս լինի` լուծարել Հայաստանը, ինչու լուծարել, քանզի նրանց ամեն ինչ բիզնեսի տեսանկյունից են միայն դիտարկում: Վիճակը շտկելու համար ոմանք ցույցեր են անում, ոմանք մարգինալության գիրկն են ընկնում, ոմանք չարանում են և բոլորին անիծում, ոմանք էլ ուղղակի իրենց կաշին փրկելու համար այս երկրից փախնում են: Չէի ուզենա, որ Վահեի անունը շատ շահարկվեր այսօրինակ թեմաներում, ուղղակի կուզենայի, որ մեր հասարակության մեջ բոլոր այն մարդիկ, ովքեր հիշում են, որ մարդ են, էակ են, հոգի ունեն, վերջապես համախմբվեինք, միասնականորեն գոնե փորձեինք դուրս բերել մեր արդեն ողբացող երկիրն ու ազգին այս վիճակից: Այս կերպ այլևս չի կարելի շարունակել, ՉԻ ԿԱՐԵԼԻ հանցագործին պատգամավոր ու նախարար դարձնել, թմրամոլին ու խաղամոլին աթոռ շնորհել, հայատյաց գործարարի արտադրանքը գնել: Մենք ենք այս երկրի տերը և մեր ազգի ապագան մենք ենք կառուցելու, ուստի չի կարելի թույլ տալ, որ մեր սերունդները որբ մեծանան, չի կարելի հայ տղաներին զոհ տալ հանուն ինչ-որ մարդկանց ագրեսիայի բավարարման... Եվ վերջում կխնդրեի աղոթել Վահեի հոգու հանգստության համար և նրա երեխաների ապագայի համար, մենք պարտավոր ենք հոգալ և մտածել մեր հասարակության անդամների` մեր  մասին: