Friday, June 3, 2011

Իշխանություն ընդդիմություն երկխոսություն

Զարմանալիորեն արագ են զարգանում մեր շրջապատում քաղաքական իրադարձությունները: Մի կողմից կարելի է մտածել, որ թևակոխում ենք մի նոր փուլ ավելի քաղաքակիրթ, <ինքնաբուխ> ցույցերից անցում է կատարվում դեպի կլոր սեղան, բայց զարմանալին այն է, որ այդ կլոր սեղանը միշտ էլ այն անկյունում դրված էր, ուղղակի նոր են հայտնաբերել այդ սեղանի գոյությունը: Փորձենք վերլուծել, թե ինչ եզրերով կարող են իրար հետ երկխոսել իշխանությունն ու ընդդիմությունը, եթե վերջինս պահանջում է արտահերթ ընտրություններ:
Այս պահանջը ենթադրում է, որ ընդդիմությունը չի ընդունում այսօրվա իշխանության իշխանություն լինելու փաստը, չի ընդունում այսօրվա իշխանության օրինականությունը: Այստեղ մի հետաքրքիր հարց է առաջ գալիս, եթե ընդդիմությունը չի ընդունում իշխանությանը` որպես իշխանություն և հրաժարական է պահանջում, ապա ինչպե՞ս է նա երկխոսում մի իշխանության հետ, որին նա չի ընդունում: Դուրս եկավ, որ ընդդիմությունը հակասում է ինքն իրեն, սովորական կենցաղային օրինակով կարելի է այս իրավիճակը ներկայացնել այսպես`  ես չեմ ընդունում, որ իմ հարևանի տունը պատկանում է իմ հարևանին, ամեն օր գոռում եմ, բողոքում ու համայն աշխարհին հայտարարում, որ այդ տունն իմն է, բայց այն ինձանից անարդարացիորեն գողացել են, հետո մի գեղեցիկ օր գնում եմ հարևանիցս թույլտվություն հարցնում, որպեսզի թույլ տա իր հետ միասին բնակվեմ իր տան մեջ: Դուրս եկավ, որ իմ ուզածը ոչ թե այն էր, որ հարևանս անարդարացի կերպով զավթած բնակարանը հետ վերադարձնի, և ես ուզում եմ արդարություն հաստատել, այլ ուղղակի ես ուզում էի բնակվել այդ տան մեջ, իսկ թե ինչ պատասխան եմ տալու մյուս հարևաններիս, ովքեր իմ հետ միասին պայքարում էին <անարդար> ու <ավազակ> հարևանի դեմ, պարզ է ասելու եմ, որ սխալ չհասկանան իմ արարքը, մենք պետք է շարունակենք պայքարը ավազակների դեմ, իսկ ես էլ նրա տան մեջ եմ բնակվում, քանի որ դա միայն օգտակար կլինի մեր պայքարին, այնինչ իմ գերնպատակը հենց հարևանի տանը բնակություն հաստատելն էր:
Այս պարագայում, իհարկե, հնարավոր է, որ իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսության եզրեր գտնեն` դուք պահանջեք, մենք չեմուչում կանենք սկզբունքով, մինչև որ ընտրությունների  ժամանակը կգա:
 Ներկայիս ստեղծված  քաղաքական իրավիճակում  կա իշխանության և ընդդիմության միջև երկխոսության պահանջարկ, այսօր ժողովուրդը փաստացի դժգոհ է թե ընդդիմությունից, թե իշխանությունից, ավելի լավ է միասին գործել, որ գոնե եղած հետևորդներին պահեն, քան թե իրարից անկախ, այս դեպքում երրորդ ուժի հայտնվելուն պես երկուսի շանսերն էլ կզրոյանան:  Ոսւտի պարզ դարձավ, որ մեր իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այդքան անհանգստացած չեն այն մարդկանցով, ովքեր հայրենասիրությամբ ոգևորված  <Լևոն> և <Սերժիկ հեռացիր> էին գոռում, իրենց կարծիքով հիմա էլ <Սերժիկ, Լևոն միասին> կգոռան, բայց մի բան հաշվի չեն առնում, որ հայ ազգն այդքան էլ անուղեղ չէ և մի քանի անգամ նույն կուտը չի ուտում:
Անցնենք  Լևոնի ելույթում ասվածին, իբր երկրի սոցիալ տնտեսական անտանելի պայմաններից դրդված է իշխանությունը որոշել ավելի մեղմ վերաբերվել ընդդիմությանը և երկխոսության գնալ: Իսկ ի՞նչ է, եթե երկխոսություն լինի, սոցիալ-տնտեսական պայմանները կբարալավվե՞ն կամ նոր աշխատատեղե՞ր կստեղծվեն: Իշխանությունը կարող էր սոցիալ-տնտեսական պայմանները ավելի ռեալ տարբերակով բարելավել, և մարդիկ աշխատանք կունենային, Ազատության հրապարակ էլ կգնային զբոսնելու, այլ ոչ թե պահանջեր ու բողոքներ ներկայացնելու: Իշխանությունը կարող էր ավելի մարդասեր գտնվել և բավարարեր ժողովրդի կարիքները, աշխատանքով ապահովեր, այլ ոչ թե այս իրավիճակի ելքը երկխոսության մեջ տեսներ, որը այդ նույն ցուցարարներին հացով չի ապահովում: Լևոնի ապահոված սոցիալ-տնտեսական պայմաններից էլ չարժե խոսել, նույնիսկ ամենաբարձր <պայքար, պայքար> գոռացողը լավ հիշում է, Լևոնի ապահոված սոցիալ-տնտեսական պայմանները, ավելի շուտ չապահովված պայմանները:
Շատ անիմաստ ենք համարում Հայաստանը Արաբական երկրների հետ Լևոնի արած համեմատությունը ,քանի որ Արաբական երկրների բնակչությունը մուսուլման է, իսկ մուսուլմաների մեջ էլ միշտ եղել են ու կլինեն ծայրահեղականներ, որոնց այս թեմայում անիմաստ ենք համարում մանրամասն անդրադառնալը, երկրորդը` այդ երկրներն ունեն նավթ, գազ և շատ ուրիշ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են որոշ գերտերությունների և միշտ էլ այդ երկրներում ներքին խառնաշփոթ ստեղծելը ձեռնտու է եղել այդ նույն գերտերություններին: Իհարկե, գուցե Լևոնն էլ ինչ-որ գերտերության պահանջով է իր թանկարժեք ժամանակը Ազատության հրապարակում ելույթ ունենալով զոհում հանուն հայ ազգի, ավելի շուտ հանուն ինչ-որ գերտերության շահի, ուստի համեմատությունը նրա համար լավ էլ տեղին է:
Լևոնի հաջորդ սրամիտ տեսակետը, ըստ որի իշխանությունը վախենում է Ադրբեդջանի կողմից հնարավոր պատերազմից դրա համար է որոշել երկխոսության գնալ: Իսկ ի՞նչ է, եթե Աստված մի արա , պատերազմ սկսվի Լևոնի կարծիքով հայ ընդդիմադիր տղամարդը  չի՞ պաշտպանի իր հայրենիքն ու ընտանիքը, թե Լևոնի կարգելի իր հետևորդներին կռվել հանուն Ղարաբաղի, մինչև իշխանությունը չհամաձայնի բավարարել ընդդիմության պահանջները: Չնայած չենք զարմանա, մի անգամ հայերն արդեն տեսել են Լևոնի ոչ այնքան էլ բարիդրացիական մոտեցումը Ղարաբաղում կռվող հայ մարտիկների նկատմամբ: Սա բոլորովին ուրիշ թեմա, որը ցանկանում ենք թողնել անցյալում, չենք ուզում քննարկել անցած-գնացած տարիները, պետք է դեպի ապագան նայել, իսկ այս պարագայում ապագան գուշակելու կարողություն պետք չէ, որպեսզի հասկանանք, որ փաստորեն Ազատության հրապարակում լավ էլ լուրջ խաղ էր տարվում, և ո՞վ իմանա այսօրվա իշխանություններին գուցե ձեռնտու էր այդ խաղը, և երկխոսությունն էլ կար ծրագրերի մեջ, ուղղակի հիմա է ժամանակը, ավելի շուտ հնարավոր չէր գնալ երկխոսության, քանի որ ընդդիմության արհեստական լինելը միանգամից աչքի կզարնեն, իսկ հիմա գուցեև հաջողվի համոզել ժողովրդին ընդդիմություն-իշխանություն երկխոսության մարդասիրական և ժողովրդի շահերից բխող լինելու մեջ, բայց այստեղ են ասում <Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում>, ուստի մի գրամ չենք կասկածում հայ մարդու խելամիտ լինելու մեջ: Համոզված ենք, որ հայը երբեք էժանագին խաղերի զոհ չի դառնա, գուցե հիասթափություն է տիրում հիմա, բայց ավելի լավ է հիասթափվել, քան հիմարացվել:

2 comments:

Davit said...

Ես չգիտեմ սա ով է գրել, բայց շատ առոխչ դատողություններ էին...միայն թե դրանք գրվեցին զուտ աչքին երևալու համար, ԿՈԽԿԻՑ ասվելու, այլոց էլ ծանոթ դարձնելու համար, թե մի օրինակ ել հասել է նրանց? նրանց ում մասին խոսվում էր...մի հատ հիշեք, ձեզ հարց տվեք, քանի անգամ եք ԱՆՁԱՄՓ ծանոթ դարցրել ձեր մտքերին նրանց, գուցե դժվար է, բայց փորձել եք? եթե հնարավորություն եք ունեցել էսպես ի ցույց դնելու սայտում անհատական, ինձ թվում ա դա էլ կստացվեր թե փորցեյք ու ՀԵՏևԵՅՔ պատասխանին...դրա պատասխանի պահանջը թե ամենքս դնեյնք շուտ, հաստատԷ ես օրին չէինք հասնի...

FreePolitics said...

Կարծում ենք, որ եթե ժողովուրդն էլ ծանոթանա և կարողանա ստեղծված իրավիճակը ճիշտ վերլուծել արդեն իսկ մեծ ձեռքբերում կլինի:Իսկ ինչ վերաբերում է այս երկխոսության տեղեկացնելուն, իրենք մեզանից լավ են տեղյակ իրենց վարած էժանագին խաղից: