Շատ հետաքրքիր ստացվեց ամեն ինչ, մի մարդ, ով որոշել էր պայքարել ավազակապետության դեմ հանկարծ որոշում է իր կարծիքով գլխավոր ավազակապետի հետ երկխոսության գնալ և որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել: Այս իրավիճակը յուրաքանչյուր խելացի մարդ վերլուծելով հասկանում է, որ տվյալ մարդը փաստորեն ոչ թե ուզում էր իր կողքին կանգնած մարդկանց խնդիրները լուծել, այլ ուղղակի մտքով անցել էր իր զբաղվածությունն ավելացնել ու իր անձնական նպատակներն իրականացնել: Ստեղծվում է շատ հետաքրքիր կերպար` պայքարը շարունակվում է, բայց չի հասկացվում ինչի կամ ում դեմ է այդ պայքարն ուղղված: Եթե պայքարում էր ավազակապետության դեմ, ապա ինչ բանակցությունների մասին է խոսքը, ապա ինչի համար մարդիկ տարիներ անցկացրեցին բանտում, այն ժամանակ էլ էր իշխանությունը բանակցություններ առաջարկում, թե պետք էր մարդկանց կորցրած տարիների հաշվին բանակցություններ ձևավորելու հնարավորություն հայտնվեր: Զարմանալի է, աբսուրդի հասնող երևույթ է, կարելի է պատկերացնել այն մարդկանց դրությունը, ովքեր հավատալով գնում էին ցույցերին ու մինչև վերջ փորձում էին համոզել իրենք իրենց, որ չեն սխալվել, բայց գալիս է մի պահ, երբ մարդ այլևս ի վիճակի չէ խաբել ինքն իրեն, այն էլ ինչ-որ մեկի կամ մի քանիսի անձնական շահի համար: Ուստի վերջին ներկայացումը, որ բեմադրվեց 31.05.2011-ին կոտրեց նույնիսկ այն մարդկանց, ովքեր ֆանատիկորեն շարունակում էին հավատալ, որ իրենց չեն խաբում, որ գաղափարախոսության համար է պայքարը մղվում, բարեփոխումների, արդարության, ժողովրդի, բայց երևի շատ քչերը կարող էին պատկերացնել, որ դա շատ հեռու է իրականությունից, պայքարը ոչ թե գաղափարախոսություն կամ նպատակ էր, այլ ընդամենը խաղ, շատ լավ մշակված խաղ: Այդ խաղն այնքան մանրամասն էր մշակված, որ նույնիսկ բեմի վրա կանգնածներից ոմանք, ովքեր իրենց կյանքից տարիներ կորցրեցին ուրիշի խաղն իրականության տեղ ընդունելու համար, նոր են գիտակցում, որ վերջնական նպատակն ամենևին էլ ժողովրդավարության ու ժողովրդի, նույնիսկ իրենց նպատակների ու գաղափարների հետ կապ չունի: Մենք, լինելով ազատ քաղաքական դաշտում այս ամենին ուղղակի տալիս ենք մի գնահատական` վերջ տվեք բեմականացված ներկայացումներին, որոնք դատապարտված են բացահայտման, հայ ժողովուրդը երբեք հիմար չի եղել, չի էլ լինի, ուստի մի փորձեք նրանց ձեր անձնական խաղում ուղղակի զինվորներ դարձնել, ձեր նպատակին հասնելուց հետո էլ ոտքով հրել ու անդունդը գլորել: Մենք հայ ենք ու հիմար չենք:
No comments:
Post a Comment