<Մի ծաղկով գարուն չի գա>. Կարծում եմ այս արտահայտությունն այսօր բավականին ակտուալ է մեր քաղաքական դաշտի համար: Աշունը ոնց որ այդքան էլ լավ չանդրադարձավ մեր քաղաքական գործիչների վրա, փոխարենը նախագահականի վրա արդրադարձավ` սրելով հիվանդությունները, որոնք այս պարագայում վախի տեսքով են դրսևորվում: Իշխանության վերին օղակները բոլորովին կորցրել են իրենց իրական պարտականությունների գիտակցման զգացումը, այնպիսի տպավորություն է, որ Հայաստան երկրում գերագույն հարցն ԱԺ ընտրություններն են, և գոյություն ունեցող բոլոր լծակները պետք է ուղղորդել դեպի այն: Ընտրություններն, իհարկե, պատրվակ են մարդկանց հրաժարականներն ինչ-որ կերպ մեկնաբանելու համար, բայց եկեք մի փոքր ուսումնասիրենք և հասկանանք այս շարունակվող պանիկայի պատճառը: Մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում, որ պր. Սարգսյանը աթոռաթող է անում Ռոբերտ Քոչարյանի <մարդկանց>` իրենց միջև ծագած հակամարտության պատճառով: Այս տեսակետը միանգամից կարելի է բացառել, քանի որ գործող նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը միանշանակ Քոչարյանի կողմնակից չէր կարող լինել, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երևի թե ավելի շատ ինքն իր կողմնակիցն է, և եթե Սերժ Սարգսյանը կասկածեր նրա քաղաքական ոչ իրեն ձեռնտու հայացքների վրա, ապա նախընտրական շտաբի ղեկավար դժվար թե նշանակեր, Միքայել Մինասյանի Քոչարյանի <մարդ> լինելն էլ միանգամից կարելի է բացառել, Վլադիմիր Գասպարյանն էլ ավելի արտահայտված Քոչարյանի կողմնակից է , քան Ալիկ Սարգսյանը: Այս պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Գագիկ Բեգլարյանը, ում տարածված լուրերի համաձայն պաշտոն են տալու, բոլորս էլ հիշում ենք, թե Բեգլարյանին ինչպես ազատեցին աշխատանքից, ու բավականին աբսուրդային կլինի, եթե նրան հիմա նշանակեն ավելի բարձր պաշտոնի այն դեպքում, երբ մարդ ծեծելու համար հեռացրել են, չանդրադառնանք այն փաստին, որ մարդ ծեծելու համար դատարանի համապատասխան որոշման համաձայն մարդուն պատժում են, այլ ոչ թե աշխատանքից հեռացնում: Բեգլարյանի քաղաքական կողմնորոշումներն էլ դժվար է որոշել, բայց նույնիսկ եթե վերը թվարկված մարդիկ բոլորն էլ Քոչարյանին սատարող բանակից լինեն, ինչի համար էլ որոշ մարդկանց կարծիքով ազատվել են աշխատանքից, ապա Սերժ Ազատիչն ինքն իրեն էլ պետք է ազատի աշխատանքից, քանի որ Քոչարյանի <մարդ> հասկացությունն առաջին հերթին հենց իրեն է վերաբերում: Հանգամանքների բերումով այնպես է դասավորվել, որ այսօր պարոն Սարգսյանը սկսել է իրեն հանել Քոչարյանի մարդկանց շարքից և Սերժի <մարդ> նորամուծությունը մտցնել, բայց այս պարագայում էլ մեկ ուրիշ խնդիր կարող է ծագել` պետական պաշտոնյաների փոխարեն Հայաստանի քաղաքացիներին պետք է վտարանդի դարձնի, քանզի Քոչարյանին սատարող բանակն օրեցօր մեծանում է: Ուստի հրաժարականների այս շարունակվող ալիքի պատճառն ավելի շատ անհաջող քայլ է սեփական պաշտոնը փրկելու համար, քան թե ճիշտ քաղաքական որոշում: Ընդհանուր առմամբ մարդկանց տեղերը փոխելուց ոչինչ էլ չի փոխվելու, քանի որ Հայաստանն անմխիթար վիճակից դուրս հանելու համար պետք է համապատասխան նախագիծ կազմվի և իրագործվի, ինչը մեր գերխելացի վարչապետն արդեն երեք տարի է փորձում է անել, իսկ փորձերն էլ հերթով փորձանքի վերածվեցին ու կախվեցին մեր ժողովրդի գլխին: Սերժ Սարգսյանն էլ երկրի և ժողովրդի գերագույն խնդիրները թողած նախընտրական շտաբի ձևավորմամբ է զբաղված կամ ավելի շուտ իր աթոռի պահպանմամբ: Հրաժարականների գլխավոր պատճառը կարծում ենք հենց աթոռապահպանումը հնարավոր դարձնելն է, բայց գործող նախագահի ընտրած ձևն ավելի շատ քարեդարյան ժամանակաշրջանին է հատուկ, քան ժամանակակից քաղաքակրթությանը: Միայն պարոն Սարգսյանը չի, մեր իշխանավորներից շատերին է մի տեսակ հոգեհարազատ դարձել <տապոռային> քաղաքականությունը` մեջբերում Տիգրան Սարգսյանի խոսքերից.<Հանրապետական կուսակցությունը երկրի ամենաազդեցիկ ուժն է, որը կարող է ապագայում էլ ձևավորել քաղաքական դաշտի միջուկը: Ուստի նրանք, ովքեր կհամագործակցեն մեր կուսակցության հետ, կհաղթեն դրանից, ով չի ցանկանա, կմնա կոտրած տաշտակի առջև>: Այս ամպագոռգոռ հայտարարությունը կարծում ենք վերլուծելու կարիք էլ չկա, ուղղակի պետք չէր այդքան քարկոծել մեր միակ անկեղծ պաշտոնյային, ով առանց ձևապաշտության և կեղծավորության համայն ազգի դիմաց <գողական>-ով հարց դրեց, բայց ՀՀԿ-ն էլի թերացավ , իրենց կուսակցության անունից այդպիսի <գողական> հայտարարություն անելու համար ընտրությունը մի փոքր սխալ մարդու վրա էր կանգնել: Այս հայտարարությունն էլ ինչի մեջբերեցինք, քանի որ ամեն ինչ հենց այս հայտարարությամբ էլ սկսվեց, <հրաժարականների> շարանը հաջորդեց մեր վարչապետի այս հայտարարությունից հետո: Կարծում ենք արդեն պարզ է` ինչի համար է այս կատակերգությունը, որը կարելի է անվանել` <Աթոռապահպանման գործընթաց>:
Ա. Հովհաննիսյան
No comments:
Post a Comment