Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը հրաժարա-կան տվեց....
Ամեն իշխանություն էլ ունենում է թերություններ, որոնք կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով, բայց պատահում է նաև, որ իշխանությունն ուղղակի չի կայանում: Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին, ուղղակի կայացած իշխանության դեպքում բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնում են աշխատանքից վատ ծառայության համար, իսկ երբ պաշտոնյաներն են հրաժարական տալիս, դա արդեն մտածելու տեղիք է տալիս: Նախ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը, հիմա էլ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով այս երեք տարվա մեջ ամենահաջողված կադրային ընտրությունն էր: Քաղաքապետը մեկնաբանեց իր հրաժարականն այսպես.
<Ես պատրաստվում եմ տալ հրաժարական, որը պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխման դրդապատճառներով, նաեւ որոշակի անձնական բնույթի պատճառներ կան, որոնցով, կարծում եմ, հանրությանը ծանրաբեռնել ճիշտ չէ>: Կարեն Կարապետյանին դեռ վաղուց էին առաջարկում այլ աշխատանք, և դրա մասին գիտեն բոլորը, սակայն, նա հրաժարվում էր այն ժամանակ, երբ դեռ Գազպրոմի գլխավոր տնօրենն էր, իսկ դառնալով քաղաքապետ` ընդունեց: Հարց է առաջանում ` ինչի՞: Իրադարձությունների այսպիսի դասավորության պարագայում, եթե տվյալ անձնավորությունը լինել ոչ գործունյա, անկարող իրականացնել իր վրա դրված պարտավորությունները, դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց Կարեն Կարապետյանի պարագայում, ով այս ընթացքում ցույց տվեց ազնվություն, քաղաքական գործչին վայել բարձր որակ, կառավարման ճիշտ տեխնիկա և ժողովրդանպաստ գործունեություն, մի փոքր անհասկանալի է դառնում, նույնիսկ իր տված հարցազրույցից հետո: Ուղղակի կան բաներ, որոնց մասին պետք է լռել, գուցե սա հենց այդ դեպքն է, ինչևիցե պատասխանը թողնում ենք ձեզ և հաջորդ քաղաքապետին, ով զբաղեցնելով պր.Կարապետյանի պաշտոնը ենթադրելի է, որ կառնչվի այն խնդիրների հետ, որոնց պատճառով գուցե քաղաքապետը հրաժարական տվեց: Քաղաքապետի հրաժարականը բացասական անդրադարձավ Երևան քաղաքի բնականոն ռիթմի վրա, քանզի Երևանն իր գլխավորությամբ նոր-նոր սկսել էր ծաղկել, շենանալ և քաղաքը դրական դեմք էր ստանում: Վերջում էլ ավելացնենք, որ քաղաքապետի հրաժարականի իրական պատճառն այդպես էլ չբացահայտվեց, ինչն ավելի վատ է ժողովրդավարական երկրի համար, և մեզանից ամեն մեկը թող իրեն մի պահ պատկերացնի Կարեն Կարապետյանի տեղում, հաշվի առնի այն ամենը, ինչի մասին խոսվեց ու վերջում ինքն իրեն հարց տա` ինչո՞ւ եմ հրաժարական տալիս: Ա.Հովհաննիսյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն: Նա այդ մասին հայտարարել է «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն փաստը, որ վերջին շրջանում շատ է խոսվում իր վերադարձի հնարավորությունների մասին, որը կապվում է Պուտին-Մեդվեդեւ փոխատեղման հետ:«Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եւ դա տեղի է ունենում Հայաստանի անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկտվեն դրսից: Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետեւյալ երեք գործոնները.
1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավվման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը;
2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;
3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը:Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար:
Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն հանդիսանում», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Տասնամյակն ամբողջացնող բացառիկ ժողովածու...
Փրինթ-Ինֆո" տպագրատունը լույս է ընծայել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթների եւ հարցազրույցների ժողովածուն
Նկատենք, որ Ռ.Քոչարյանը ո՛չ պաշտոնավարման 10-ամյա շրջանում, ո՛չ էլ պաշտոնաթողությունից հետո, անցած երեք տարիներին որեւէ գիրք չի հրատարակել, չնայած պետական եւ քաղաքական գործիչների շրջանում նաեւ այդ ձեւով հանրությանը ներկայանալու փորձը տարածված տարբերակ է:
Նախ ուշագրավ է այս շքեղ հրատարակության շապիկը, ուր արտատպված է հեղինակի յուղաներկ դիմանկարը` մեզ փոքր-ինչ "անծանոթ" դիմագծերով:
Բնականաբար անհնար է մեկ գրքում "սեղմել" այն բոլոր ելույթները, հարցազրույցները, ուղերձներն ու շնորհավորական խոսքերը, որ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում հնչեցրել է երկրորդ նախագահը: Սակայն այն, ինչ ամփոփված է գրքում, լավագույնս են «բացահայտում» երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ Ռ.Քոչարյանի ծրագրերը:
Այդ ծրագրերը անշուշտ ծանոթ են բոլորիս, քանզի մենք, որ հիմա ընթերցողի կարգավիճակում ենք, ոչ թե ինչ-որ մոլորակից ենք հայտնվել, այլ ուղղակիորեն ապրել ենք 1998-2008-ի տասնամյակում, եւ իհարկե, ի մոտո հետեւել քոչարյանական ծրագրերի իրականացմանը:
"Կարելի է վստահորեն ասել, որ ընտրված նյութերը թույլ կտան ընթերցողին մեծ ճշգրտությամբ պարզել իր համար ինչպես արտաքին եւ ներքին քաղաքականության բոլոր սկզբունքները, որոնք իրագործվել են հայոց պետության կողմից 1998-2007 թվականներին, այնպես էլ նախագահ Քոչարյանի անհատական ու քաղաքական դիմանկարի հիմնական գծերը: Առավել եւս, որ այդ տարիներին գործող սահմանադրությունը բացառիկ իրավունք էր տալիս հենց նախագահին որոշելու քաղաքական ուղեգիծը պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում, իսկ ժողովածուի մեջ զետեղված տեքստերի միակ հեղինակը ինքը` Ռոբերտ Քոչարյանն է:
Մարդիկ, որոնք երբեւէ աշխատել են իշխանական համակարգում, սեփական փորձից գիտեն, որ շատ նախագահներ գերադասում են օգտվել սփիչրայթերների ծառայություններից: Հակառակ դրան, այս գիրքը պատկանում է բացառապես երկրորդ նախագահի գրչին, չկան հանրությանը հայտնի կամ անհայտ համահեղինակներ»,- գրքի նախաբանում գրել է Հայաստանի Հանրապետության նախագահի 2005-2008թթ. մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
Բացառիկ ժողովածուն ներառում է երկրորդ նախագահի երդմնակալության ելույթները, ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ գագաթաժողովներում, ինչպես նաեւ ԵԽ ԽՎ-ում, Շվեդիայի արտաքին քաղաքականության ինստիտուտում, Բերտելսման հիմնադրամում, Արաբական պետությունների լիգայում եւ արտաքին քաղաքական այլ կարեւորագույն հարթակներում ունեցած Ռ.Քոչարյանի ելույթները:
Գրքում տեղ են գտել նաեւ երկրորդ նախագահի հայաստանյան ու օտարերկրյա ազդեցիկ լրատվամիջոցներին տված հարցազրույցները, այլ կարեւոր ու ուշագրավ նյութեր:
Մեջբերենք 1998-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում Ռ.Քոչարյանի արտասանած ելույթից մի հատված. «Ցավոք, ներկայումս բանակցությունների գործընթացը հայտնվել է փակուղում: Մենք այն կարծիքին ենք, որ ստեղծված փակուղու հիմնական պատճառներն են բանակցությունների գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հստակորեն չորոշված կարգավիճակը, Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության հետ անմիջական բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելը, ինչպես նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է պնդել իր նախապայմանները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչը պետք է ընդունվի բուն բանակցությունների ընթացքում:
Միջազգային հանրությունը պետք է շարունակի առավելագույն ջանքեր գործադրել այդ խոչընդոտները վերացնելու համար: Մեր կարծիքով, հակամարտության խորությունն ու առանձնահատկությունները ենթադրում են դրա կարգավորման ոչ ստանդարտ մոտեցումներ, որի հիմքում պետք է ընկած լինեն հակամարտության կողմերի իրավահավասարության սկզբունքները, Լեռնային Ղարաբաղի անկլավայնության բացառումը եւ նրա բնակչության անվտանգության միջազգային երաշխիքը: Հայաստանը պատրաստ է առաջ ընթանալ",- 1998-ի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է նախագահ Քոչարյանը:
Թերեւս կհամաձայնեք, որ երկրորդ նախագահի ցանկացած հարցազրույց լայն արձագանք է գտնում հանրության շրջանում: Հիշեցնենք նաեւ դրանցից մեկը, որը, ի շարս այլ ուշագրավ ու հետաքրքիր հարցազրույցների, նույնպես տեղ է գտել ժողովածուում:
Խոսքը 2007-ին Հայաստանի տարվա առիթով պաշտոնական այցով Փարիզում գտնվելու օրերին հայտնի "Ֆիգարո" պարբերականին տված Ռ.Քոչարյանի հարցազրույցի մասին է: Հարցին, թե "Հայաստանն ինչո՞ւ է մերժում Ցեղասպանության հարցում պատմաբանների խառը հանձնախումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկը", երկրոդ նախագահը պատասխանել է. «Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կառավարությունների գործն է եւ ոչ թե պատմաբանների: Ահա թե ինչու մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, պատրաստ ենք ստեղծել միջկառավարական հանձնաժողով եւ քննարկել բոլոր, այդ թվում՝ առավել ցավոտ հարցերը:
Եվրոպա աշխարհամասում շատ երկրներ ունեն պատմական կամ տարածքային վեճեր: Դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, բնականոն հարաբերություններ եւ զուգահեռաբար քննարկել առկա խնդիրները: Իրական հարցը հետեւյալն է. Անկարայի իշխանություններն ինչո՞ւ են մերժում երկկողմ բոլոր խնդիրների լուծման նպատակով միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը»,- հարցին հարցով է պատասխանել Ռ.Քոչարյանը:
"Այս գիրքը ոչ միայն պարզապես Հայաստանի նորագույն պատմությանն առնչվող ամբողջական եւ արժեքավոր նյութ է: Սա պետական գործչի քաղաքական ծրագրերի հավաքածուն է, ճնշող մեծամասնությամբ կենսագործված: Շատ բան` այն ամենից, ինչի մասին խոսել է նախագահ Քոչարյանը տասը տարվա ընթացքում` տնտեսական նախագծերից մինչեւ արտաքին քաղաքական ծրագրեր, իրականացված է, եւ իրականացված է հաջողությամբ: Իրողություն, որ ժամանակի հետ ավելի ու ավելի մեծ արժեք է ձեռք բերում",- իրավացիորեն նկատում է Վիկտոր Սողոմոնյանը:
Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքս»-ին։ Այն ներկայացվում է ստորև։
- Մեկ շաբաթից Հայաստանը տոնելու է անկախության 20-ամյակը: Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ այդ հոբելյանի մասին ու թույլ տվեք շնորհավորել Ձեզ գալիք տոնի առթիվ:
- Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին Անկախության 20-ամյակի կապակցությամբ:
- Անկախ Հայաստանի 20 տարիների ուղիղ կեսը բաժին է ընկել Ձեր նախագահության տարիներին: Այդ 10 տարիների ընթացքում անկախ պետականության Ձեր ընկալումը ենթարկվե՞լ է որոշակի փոփոխությունների` պայմանավորված ձեռք բերվող փորձով, լուծվող խնդիրների ծավալների փոփոխությամբ, այլ գործոններով:
- Այո, իհարկե: Նախ, աշխարհն ինքնին բավականին արագ է փոփոխվում, և պետք է կարողանալ ներդաշնակորեն ներգրավվել այդ փոփոխություններին: Ի դեպ, դա վերաբերվում է և երկրին, և քաղաքացիներին: Այլ կերպ պարզապես հետ կընկնես: Իհարկե, նաև կառավարման փորձը և բնազդը օգնում են արագ կողմնորոշվել բարեփոխումների ուղղվածության ընտրության, նրանց արագության և խորության հարցերում: Գլոբալիզացիայի գործընթացն, օրինակ, արդեն թելադրում է տնտեսական քաղաքականության որոշ չափորոշիչներ, որոնց անտեսումը պարզապես կործանարար է երկրի տնտեսության համար: Պետք է ընկալել նոր ծնվող միտումները, և ոչ թե վազել-հասնել դրանց: Հայաստանը պարզապես պարտավոր է և կարող է համաշխարհային ցուցանիշներից շատ ավելի արագ զարգանալ:
- Դուք հանդիպել եք մեծ ու հզոր երկրների ղեկավարներին, նրանց հետ քննարկել եք բարդ խնդիրներ ու ենթադրում եմ, որ միշտ չէ, որ եկել եք ընդհանուր հայտարարի: Ո՞րն է այն «բանալին», որը թույլ է տալիս թեկուզ փոքր, բայց անկախ երկրի ղեկավարին «ոչ» ասել աշխարհի հզորներին:
- Պարզապես պետք չէ բարդութավորվել: Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է և արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում: Գլխավորը` կարողանալ կառուցել ճիշտ, ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ, հստակ ներկայացնել քո երկրի շահերը և ունենալ համոզիչ փաստարկային հիմք, եթե դու ինչ-որ բանի հետ համաձայն չես: Ինձ մոտ, օրինակ, շատ ջերմ հիշողություններ են մնացել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի և Բիլ Քլինթոնի հետ շփումից: Նրանցից ոչ ոք երբեք չի փորձել ընդգծել իր գերազանցությունը:
- Այն տղաներն ու աղջիկները, որոնք ծնվել են 1991 թվականին, այսօր 20 տարեկան են: Սա այն սերունդն է, որը խորհրդային կարգերը չի տեսել ու լավագույն դեպքում գիտի դրանց մասին ծնողներից կամ գրքերից: 10-15 տարի հետո այս սերունդը պետք է որոշիչ դեր խաղա Հայաստանի ապագայի ձևավորման հարցում: Ի՞նչ կարող եք խորհուրդ տալ այդ երիտասարդներին:
- Կարծում եմ, որ խորհուրդներն օգտակար են միայն այն ժամանակ, երբ դրանց հասցեատերը հասկանում է, որ ունի դրանց կարիքը, այդ պատճառով չեմ սիրում խորհուրդներ տալ: Ավելի շուտ, կցանկանամ, որպեսզի նրանք իրենց գիտելիքներով և ստեղծարարությամբ դառնան Հայաստանի մրցակցային առավելության գործոնը:
- 30 տարի հետո անկախ Հայաստանը կլինի 50 տարեկան: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանն այդ ժամանակ:
- Չգիտեմ: Ավելի քան 50 տարի առաջ Սոմալին և Հարավային Կորեան ունեին ՀՆԱ-ի գրեթե նույն ցուցանիշը մեկ շնչի համար, իսկ այսօր այդ երկրները հնարավոր չէ անգամ համեմատել: Սոմալին պատառոտվում է տարաձայնություններից, բնակչությունը սովի է մատնված, իսկ Հարավային Կորեան դարձել է հզոր արդյունաբերական երկիր և համաշխարհային առաջատարներից է տնտեսության մի շարք ոլորտներում: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարում, հեռանկարները տեսնելու ունակություն և զարգացման ճիշտ մոդելի ընտրություն: Համոզված եմ, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար: Թե ինչպե՞ս այն կօգտագործվի, ցույց կտա ժամանակը:
- Գլոբալիզացիայի, աշխարհով մեկ մարդկանց ազատ տեղաշարժի, ինտերնետի, սոցիալական ցանցերի և առհասարակ տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պարագայում ավելի ու ավելի հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ անկախ պետության գաղափարը գնալով կորցնում է իր սկզբնական նշանակությունը և ի վերջո կունենա խորհրդանշական նշանակություն: Որքանո՞վ իրական եք համարում այդպիսի սցենարը:
- Եվրամիության մոդելը, իհարկե, նման մտքերի առիթ դառնում է: Սակայն այդ մոդելը գործում է միայն Եվրոպայում, ունի ընդգծված եվրոպական առանձնահատկություն և, տեսանելի հեռանկարում, ինտեգրացիայի նման աստիճան որևէ այլ տեղում չի սպասվում: Հենց նույն ԵՄ-ում ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել ազգային պետություններից, չէ՞ որ դա պետությունների միություն է: Կարծում եմ, որ անկախ պետությունները դեռևս երկար ժամանակ կշարունակեն լինել միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտները:
- 20 տարի առաջ Ստեփանակերտ այցելեցին Բորիս Ելցինը և Նուրսուլթան Նազարբաևը: Ինչ հիշողություններ ունեք այդ այցելությունից: Միգուցե կա՞ն մանրամասներ, որոնք հանրությանը հայտնի չեն: Երբ նայում եք այսօրվա դիրքերից, ի՞նչ եք կարծում. այդ այցը կարող էր իրական արդյունքներ տալ, թե իրավիճակն արդեն այնպիսին էր, որ Ադրբեջանը պատրաստ չէր զիջումների և պատերազմը անխուսափելի էր:
- Այո, ես լավ եմ հիշում այդ այցը: Լեոնարդ Պետրոսյանի հետ միասին բանակցություններ էինք վարում Բորիս Ելցինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ` Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին մեր պատկերացումների վերաբերյալ: Իսկապես, կան այդ իրադարձությունների մանրամասներ, որոնք դեռևս հայտնի չեն հանրությանը: Սակայն չեմ կարծում, որ եկել է ժամանակը դրանց մասին հրապարակային խոսելու համար: Դա միջնորդների անկեղծ փորձն էր դադարեցնել հակամարտության տարածումը, սակայն այդ ժամանակ, կարծում եմ, դժվար թե հնարավոր էր որևէ բան փոխել: Գործընթացը զարգանում էր այլ տրամաբանությամբ` ԽՍՀՄ փլուզման համատեքստում:
Թուրքական «Today’s Zaman»-ը հաղորդում է, որ Թուրքական դատարանն օգոստոսի 25-ին մերժել է Հեռահաղորդակցության տնօրինության (TİB) բողոքը, որն ուղղված էր Հրանտ Դինքի սպանության վայրին մոտ գտնվող մարդկանց ձայնագրությունները տրամադրելուն: Պահանջվել է ձայնագրությունները դատարան ներկայացնել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանությունը տեղեկացված է եղել Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին: Ոստիկանությունը մեղադրվում է նաև մի քանի կասկածյալների պաշտպանության և ապացույցների ոչնչացման մեջ:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ գազամուղի նախագիծը չի իրականանա...
Հայաստանն առաջարկել է Իրանից Հայաստան գազամուղ անցկացնել, բայց շատ կարևոր գործոններ, ինչպիսիք գազի սակագինը և գազամուղի չափն են, չեն նշվել: Սակայն, իրանական գազի պահանջը Հայաստանում մեծ չէ, այդ իսկ պատճառով էլ գազամուղի կառուցումն իմաստ չի ունենա, եթե չհովանավորվի արտասահմանից կամ էլ Ռուսաստանից մատակարարվող գազի գինն այնքան չբարձրանա, որ գազատարը մրցունակ դառնա մասնավոր ներդրողների համար: ԱԷԿ-ի փակումը հաշվի առնելով`Հայաստանը ձգտում է թուլացնել կախվածությունը Վրաստանի տարածքով անցնող գազատարից: Սակայն, քանի որ հիմա արտասահմանից ֆինանսավորում չի կանխատեսվում, հայ-իրանական նախագիծն առաջխաղացում չի ունենա:
Գիտությունը ֆինանսավորման կարիք ունի..
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի և ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի նախաձեռնությամբ անցկացվող սեմինարին, որին մասնակցում էին երիտասարդ գիտնականներ, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ կուսակցությունների եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ, անսպասելիորեն իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Սերժ Սարգսյանը: Սեմինարի մասնակիցները պահանջում էին գիտությանը ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնել, սակայն Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ավելի տեղին կլինի եղած ֆինանսական միջոցները ճիշտ օգտագործելը: Նա նաև ավելացրեց, որ երիտասարդ գիտնականներին օգնելու համար իր աջակցությամբ կստեղծվի հիմնադրամ:
Պատգամավոր-բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանը մեղավոր չէ շաքարավազի թանկացման մեջ
Երևանի սուպերմարկետներում այսօր շաքարավազի գինը 350 դրամից հասել է 450 դրամի։ ՀՀ ԱԺ պատգամավոր, շաքարավազի խոշոր ներկրող Սամվել Ալեքսանյանը, այսօր անդրադարձել է շաքարավազի թանկացման պատճառներին։ «Շաքարավազն ամբողջ աշխարհում է թանկացել, նայեք՝ Վրաստանում ինչ գներ են»,– ասել է Սամվել Ալեքսանյանը՝ բացատրելով, որ մինչև այսօր շաքարավազը ցածր գնով է վաճառվել, որովհետև վաճառվում էր հին պայմանագրով ձեռք բերված շաքարավազը։ «Մենք էժան պայմանագրերով ներկրած ապրանք ունեինք, դրանով էինք աշխատում, բայց հիմա արդեն նոր ապրանք ենք բերել, որը գնել ենք բարձր գնով ու նոր գներով ենք վաճառում։ Նավը երեկ է եկել, նոր ենք մաքսազերծել»: Հաղորդում է asekose.am-ը:
P.S. Զարմանալի է, որ ՀՀ Սահմանադրության մեջ հասկանալի լեզվով գրված է, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ մեր պատգամավորներն ոչ միայն չեն թաքցնում իրենց բիզնես ունենալու փաստը, այլ նույնիսկ հայտարարություններ են անում, ժողովուրդն էլ հանգիստ լսում է..Հետաքրքիր է...
Օգոստոսի 23-ին՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսության 6-րդ արարի ավարտին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հավանեց կոալիցիայի ներկայացրած փաստաթուղթը։ «Այսօր կայացած հանդիպման ժամանակ կոալիցիան 40 տոկոսով ներկայացրեց փաստաթղթի իր տարբերակը։ Այդ փաստաթուղթն, իմ կարծիքով, ավելի լավն է, քան ՀԱԿ նմանատիպ փաստաթուղթը։ Ինչո՞ւ։ Քանի որ ավելի լավ է հիմնավորում արտահերթ ընտրությունների մեր գաղափարը»,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը։ Փաստաթղթի էության գնահատականները նա գերադասեց թողնել մինչեւ դրա վերջնական ներկայացումը` իշխանական պատվիրակությունը ներկայացրել է փաստաթղթի հարցերի 2/3-ը, իսկ մնացածը ներկայացնելու է հաջորդ հանդիպման ժամանակ։ Երկխոսողների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ՝ ժամը 10-ին։
Անհետևողականության հետևանքները
Թերթերը հայտնում են, որ վերջերս Արաբկիրի շրջանում աղբը չտեղահանելու պատճառով գարշահոտություն էր առաջացել: Այս հարցը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ բարձրացրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ըստ նրա` սանմաքրման ձեռնարկության մեքենա-մեխանիզմների մի մասն անսարք էր, ինչն էլ նման տհաճ իրավիճակի պատճառն է հանդիսացել: Սակայն, իրականում օրեր շարունակ Արաբկիրի շրջանում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվել:
Կանայք ԴԱՀԿ-ում
Հայաստանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մտադիր է իր շարքերը համալրել կին ծառայողներով: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությում կին հարկադիր կատարողների մասնակցությունը կատարողական վարույթների գործողությունների իրականացման ընթացքին հարկադիր կատարող-պարտապան հարաբերությունները դարձնում է ավելի զգոն և հավասարակշռված: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշում է, որ անհրաժեշտ է, որպեսզի կանայք առավել հաճախ ներկայացված լինեն բոլոր պետական, քաղաքական և հասարակական կառույցներում, այդ թվում և ԴԱՀԿ-ում: ԴԱՀԿ-ում այսօր 8 թափուր պաշտոնի համար պայքարել է 23 թեկնածու:
90-ականների թողած հետևանքներից մինչև այսօր տուժում ենք
Ըստ վերջին տարիների ժողովրդագրական տվյալների` Հայաստանում ծնելիության մակարդակի անկում է նկատվում: Այս մասին հայտնում է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը: Նա նաև հավելում է, որ շուտով մահացության գործակիցը կգերազանցի ծնելիության գործակցին: Ներկայումս բնակչության 12 տոկոսը թոշակառու են, այդ իսկ պատճառով էլ Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Եգանյանը կարծում է, որ երկրին սպասում են ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ: Քաղաքական տեսանկյունից իր տարածաշրջանում Հայաստանը կկորցնի իր կշիռը: Սրա պատճառն է նաև այն, որ 90-ականներին բնակչության 25-30 տոկոսը լքել է երկիրը:
<Սովետական Հայաստան> ու հիվանդ համարվող հղիներ
ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած <Հանրապետ-ական>-ի ծննդատանը թղթաբանությունը կատարվում է հիմնականում ռուսերեն, իսկ հղիության վարման քարտերը` նաև անգլերեն: Այստեղ ապագա մայրերին համարում են «հիվանդ», իսկ հղիությունը` «ախտորոշում»: Իսկ երբ կինը ծննդաբերում է, հաճախ ըստ փոխանցման քարտի տվյալների պարզվում է, որ նա դեռ ապրում է Սովետական Հայաստանում:
Չղջիկները վտանգի մեջ են
Վայոց ձորի մարզում` Նորավանքի կիրճում Մագելի քարանձավի մասին չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ` օգտագործել այն զբոսաշրջության համար, թե ոչ: Այնտեղ բնակվում է չղջիկների 8 տեսակ, որոնցից 6-ն ընդգրկված են Կարմիր Գրքում: Այն զբոսաշրջության վայր դարձնելուն բնապահպանները դեմ են, ըստ նրանց մինչև չվերականգնվի այնտեղ եղած չղջիկների պոպուլյացիան, որոնք 10000-ից մնացել են մոտ 700, քարանձավը չի կարելի բացել զբոսաշրջիկների համար: Բայց քարանձավի վրա ուշադրություն չդարձնելն էլ է սխալ, քանի որ այնտեղ կան խոր ճեղքվածքներ, ուր կարող է ընկնել մարդը: Բացի այդ, չղջիկներն ունեն քնի ժամանակահատված, որի ընթացքում, եթե նրանց քունը խանգարվի, կսատկեն: ՈՒստի, ըստ էկոնոմիկայի նախարարության, հարկավոր է քարանձավը բացել զբոսաշրջիկների համար` նախօրոք սահմանելով քարանձավում գտվելու հատուկ ռեժիմներ:
Ժամկետանց մանկական սնունդ է վաճառվել
Երևանի քաղաքացի Տաթևիկ Ղարիբյանը դիմել է սննդամթերքի անվտանգության տեսչությանը` հայտնելով, որ Yerevan City սուպերմարկետներից մեկում ժամկետանց վարսակի շիլա են վաճառել: Նա հայտնում է, որ նախկին պիտակի վրա, որը մեկ տարվա հնություն ուներ, նորն են փակցրել:Սննդամթերքի անվտանգության տեսչությունը Yerevan City սուպերմարկետներում երեկվանից մոնիթորինգ է սկսել: Yerevan City սուպերմարկետների ցանցի լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնի պետ Դավիթ Մարտիրոսյանը հերքում է, թե իրենք ժամկետանց մանկական սնունդ են վաճառել:
Գործազրկությունը կրիտիկական մակարդակի է հասնում
Զբաղվածության կենտրոնի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Ամալյա Ադամյանը հայտնում է, որ գործազրկության մակարդակը Շիրակի մարզում ամենաբարձրն է: Այդ իսկ պատճառով էլ ազատ աշխատանքի իրավունքը չի պահպանվում: Ըստ գրանցված արդյունքների գործազուրկներն ու արդյունքները հարաբերվում են ինչպես 70:1: Այսինքն ընտրության հնարավորություն ունի միայն աշխատատուն, քանի որ մի տեղի համար պայքարում են 70 հոգի:
Կարևոր է ...
Պարմայում լույս տեսնող «Եվրասիա» աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների ամսագրում («EURASIA. Rivista di Studi Geopolitiici») տպագրվել է վերլուծաբան Ջուլիանո Լուոնգայի «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամ. պատմական վերականգնում և հեռանկարներ» հոդվածը: Հոդվածում նշվում է, որ «սկզբում հաշվի առնելով ժողովրդագրական պատկերը` խորհրդային իշխանությունները որոշում եմ Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայաստանի կազմում, սակայն հետագայում Թուրքիայի հետ ապագա ռազմավարական դաշինք կազմելու տեսլականը ունենալով` Լեռնային Ղարաբաղը թողնում եմ Ադրբեջանի կազմում»: Հոդվածում նշվում է Ադրբեջանի ռազմականացման, Իլհամ Ալիեւի հայտարարությունների եւ զինադադարի խախտման դեպքերի մասին, որի համար ըստ հեղինակի պատասխանատու է Բաքուն:
Բարձիթողի վտանգ
Հարավ-Արևմտյան Բ զանգվածում արդեն մեկ տարի է ինչ գործում է մի աղբանոց, որը հայտնի չէ անգամ, թե ում թույլտվությամբ է գործում և օրինական է , թէ ոչ: Նյութերի թերայրումը հանգեցնում է դիօքսիդի արտանետմանը, ինչը ծխի հետ տարածվելով մթնոլորտում հանգեցնում է չարորակ նորագոյացությունների առաջացմանը եւ անոմալ ծնունդների:
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայ Ոսկերիչների Ասոցիացիայի անդամներին
Օգոստոսի 16ին Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՈԱ-ի ծրագրերն ու նպատակները, ուշադրություն է դարձվել սեպտեմբերին ՀՀ անկախության ամյակին նվիրված ՀՈԱ առաջին ցուցահանդեսին և արտասահմանի հետ կապերի ընդլայնմանն այս ասպարեզում:
Կապույտ ափսեները փակում են ախորժակը
<Երևան> բժշկական կենտրոնի փոխտնօրեն Բամինե Բաղրամյանը հայտարարել է, որ շատացել են ճարպակալման հետ խնդիր ունեցող հիվանդները, ինչը հանգեցնում է սիրտ-անոթային համակարգի, ողնաշարի հետ կապված խնդիրների, ինչպես նաև շաքարային դիաբետի պատճառ է դառնում։ Նա նաև ասաց, թե ինչպես կարելի է որոշել` ճարպակալում սպառնում է, թե ոչ: Անհրաժեշտ է մարմնի քաշը բաժանել հասակի վրա և քառակուսի բարձրացնել: Եթե թիվը 18-25-ի միջակայքում է, ապա անհանգստանալու կարիք չկա, իսկ 25-28-ն արդեն ճարպակալման վտանգի մասին է խոսում: Մարիաննա Ավետիսյանն ավելացրեց, որ դեռահասների մոտ ճարպակալումը հանգեցնում է դեպրեսիայի և խորհուրդ տվեց ծնողներին օգտագործել կապույտ գույնի ափսեներ, ինչը փակում է ախորժակը:
Փորձագիտական ուսումնասիրություն Վանաձորում
Հայ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, Գերմանիայի պետքարտուղար Յորգ Ասմուսենիի, Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկի (KfW) գործադիր խորհրդի անդամ Նորբերտ Կլոպենբուրգի, բանկի փոխնախագահ Եվա Վիտտի, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի և այլոց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: ՀՀ-ի եւ Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկի միջև կնքվել է ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի պետք է իրականացվեն Վանաձոր քաղաքի եւ հարակից այլ համայնքների կոշտ կենցաղային թափոնների կառավարման փորձագիտական ուսումնասիրություն: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը եւ բանկի գործադիր խորհրդի անդամ Նորբերտ Կլոպենբուրգը: Փորձագիտական ուսումնասիրությունը կտևի մոտ 10 ամիս, դրամաշնորհի չափը կազմում է 650 հազար եվրո:
ղեկավար Կիրո Մանոյանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հայկական դիվանագիտությունը ձախողվել է, և պատճառն այն է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հարցի կարգավորումն սկսել եմ կապել Ղարաբաղի հարցի լուծման հետ:
Երկխոսություն
Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ Արման Մուսինյանի հայտարարությունը, թե իշխանություն-ընդդիմություն երկխոսության նպա-տակահարմարությունը կախված է կալանքի տակ գտնվող ՀԱԿ ակտիվիստների հետագա կարգավիճակից, անպատասխանատու հայտարա-րություն է։ Ինչ վերաբերում է երկխոսության չորրորդ փուլի շրջանակներում ՀԱԿ-ի կողմից ներկայացված արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների պահանջը հիմնավորող 85 էջանոց փաստաթղթին, Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խումբը պատրաստվում է վաղվա նիստին, որտեղ էլ կներկայացնի այդ հարցի վերաբերյալ իր փաստաթուղթը։
Ի դեպ, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ օգոտոսի 9-ի հայտնի միջադեպի արդյունքում կալանավորված Հայ ազգային կոնգրեսի երեք երիտասարդ ակտիվիստներին ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը որակել էր որպես քաղբանտարկյալներ են և նշել իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու նպատակահարմարությունը կորոշվի ըստ նրա, թե ինչ վիճակում կլինեն նրանք մինչ վաղը:
«Այս փաստը շատ մեծ խոչընդոտ է երկխոսության ճանապարհին: Բայց դեռեւս 24 ժամ ժամանակ կա, եւ կախված նրանից, թե մինչև վաղը ինչպիսին կլինի կալնավորվածների կարգավիճակը, մենք համապատասխան որոշում կկայացնենք: Վաղը մինչեւ ժամը տասը ժամանակ ունենք, և Կոնգրեսն իր գործողություններում հստակություն կմտցնի առավոտյան»,- նշել էր Մուսինյանը։
P.S. Մինչ այս ՀԱԿ-ի ղեկավարն ասում էր, թե ընկխոսությունը պետության համար է բարենպաստ, իսկ հիմա երկխոսության ընթացքը կախված է ինչ-որ շինծու քաղբանտարկյալներից, բայց լավ էլ մտածել են, նոր թեմա էր պետք, որպեսզի ժողովրդին շեղեն, մի տարի էլ այս <քաղբանտարկյալների> թեմայով կերկխոսեն, մինչև նոր բան մտածեն:
ԼԱ դատարանն ի օգուտ հայկական կողմի որոշում է ընդունել
Հայոց ցեղասպանությունից տուժածների ժառանգների հայցով Լոս Անջելեսի դաշնային դատարանը թուրքական պետության, Թուրքիայի Հանրապետության, Թուրքիայի Կենտրոնական բանկի եւ Ziraat բանկի դեմ պատմության մեջ առաջին որոշումն է ընդունել : Հայցվորների խումբը, Ալեքս Բակալյանի գլխավորությամբ Ցեղասպանության արդյունքում հողերի ապօրինի օգտագործման եւ Ադանայից հայ բնակչության տեղահանման հետ կապված հայտ էր ներկայացրել: Ներկայումս այդ տարածքներում տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Ինջիրլիք» բազան։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ հայցվորների փաստաբաններին մի քանի անգամ համապատասխան պատասխանողների գտնվելու վայրի հասանելիության հարցում մի քանի անգամ մերժել են և ոչ ճշգրիտ տվյալներ են տրվել Ziraat բանկի մասին:
Իսկ Թուրքիան ԱՄՆ-ում Անկարայի դեսպանատան և արտգործնախարարության միջոցով տեղեկացվել է գործընթացի մասին։ Գործընթացի վերաբերյալ իր եզրակացությունը նա պետք է ներկայացնի օգոստոսի 19-ին։
ԸԸՀ-ի հանձնաժողովը ձևավորվել է
Օգոստոսի 15ին կայացած արտահերթ նիստում Հայաստանի ԿԸՀ-ն միաձայն ձեւավորվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմը հաստատող հանձնաժողովը: Ապա ԿԸՀ անդամները սկսել են ԸԸՀ անդամների ընտրությունը: ԸԸՀ անդամներում ընդգրկված են լինելու 7 անդամ, որոնցից 2-ը պետք է կին լինի: ԸԸՀ-ների կազմը ձևավորվում է 6 տարին մեկ անգամ: Ինչպես հայտնել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, ԸԸՀ անդամության համար ավելի քան 830 հայտ է ներկայացվել:
P.S. 830 հայտ` վատ չի Հայաստանի նման փոքր պետության համար...:))))
Միացյալ դեսպաններ Միացյալ Թագավորությունից
Միացյալ դեսպաններ Միացյալ Թագավորությունից
ՀՀ-ում Միացյալ Թագավորության համատեղ դեսպաններ են նշանակվել ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը` հաջորդելով Չարլզ Ջոն Լոնսդեյլին, ով կանցնի դիվանագիտական մեկ այլ աշխատանքի: Նրանք պետք է ստանձնեն իրենց պարտականությունները 2012 թվականի հունվարին: Նրանց մշտական նստավայրը լինելու է Երևանը, իսկ դեսպանի պաշտոնը կատարելու են 4-ամսյա հերթագայությամբ: Նրանք խորը գիտելիքներ ունեն Հարավային Կովկասի եւ տարածաշրջանի պատմության, լեզուների եւ մշակույթի մասին: Իրենց նշանակման մասին ասել են. «Մենք ուրախ ենք, որ նշանակվել ենք Հայաստանում համատեղ դեսպաններ: Հավատում ենք, որ մեր միասնական եռանդով ու փորձով նոր լիցք կհաղորդենք Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի միջև ավանդական ջերմ հարաբերություններին: Կարծում ենք, որ միասին աշխատելով կարող ենք իրական ներդրում ունենալ մեր երկու երկրների բարեկեցության ու անվտանգության հարցում»: