Քաղաքական դաշտում վերջին շրջանում բավականին հանգիստ մթնոլորտ է տիրում: Վերջապես հաջողվեց գտնել մարդկանց, ում շուրջ կարելի է կենտրոնացնել հասարակության ուշադրությունը և շեղել գլխավոր թեմաներից: Տիգրան Սարգսյանն էլ կարծես թե արդեն կորցնում է իր երկարատև գործունեության ընթացքում ձեռք բերած խելացի մարդու համբավը: Խելացիությունը միայն ամպագոռգոռ նախագծեր մտածելու մեջ չէ, պետք է այդ նախագծերի գոնե նվազագույն մասն իրականացնելու կարողություն ունենալ: Տիգրան Սարգսյանին հաջորդեց Վլադիմիր Գասպարյանը, ով այսօր մամուլի ուշադրության կենտրոնում է: Վերջին օրերին <աստղ> դարձած այս անձանցից զատ հետաքրքիր է, թե ինչով է զբաղված մեր հանրապետության նախագահը: Այս հարցի պատասխանը պահանջում է զուտ ուշադրություն նախագահի քայլերի նկատմամբ և տեղի ունեցող կադրային փոփոխությունների վերլուծություն` նախագահն իր աշխատանքային ժամերի գերակշիռ մասը տրամադրում է գալիք ընտրությունների կազմակերպմանը: Առհասարակ ժողովրդավարական երկրի համար շատ կարևոր է, երբ ընտրություններն արդար ու ճիշտ են կազմակերպված, բայց երբ ողջ իշխանությունը կենտրոնանում է ոչ թե այս գործառույթի ապահովման վրա, այլ իր հաղթելու վրա, և այն դեպքում, երբ այդ նույն իշխանությունն իր ստեղծման օրվանից ոչ միայն խնդիր չի լուծել, այլ նորանոր խնդիրներ է ավելացրել, դա արդեն կործանարար կարող է լինել Հայաստանի համար: Այս պարագայում ճիշտ կլիներ, որ հենց իրենց ուսերին էլ թողնեինք իրենց ստեղծած շիլափլավի միջից դուրս գալու գրեթե անհնարին գործը, սակայն, այդ դեպքում էլ մենք վտանգում ենք մեր հայրենիքը: Այսօր գրեթե յուրաքանչյուր հայ մարդ գիտակցում է, որ այժմյան իշխանությունների ուժերից վեր է Հայաստանի տնտեսության բարելավումը, արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում ճիշտ հարաբերությունների կառուցումը, մի խոսքով երկիր կառավարելը նրանց պատկերացմամբ գեղեցիկ շարադրված նախագծերն են, որոնք հպարտորեն ստորագրվում են և շարվում մնացած մեղրածոր, բայց թղթի վրա մնացած նախագծերի վրա: Ժողովուրդն այս ամենը շատ լավ գիտի, ուստի այսօր իշխանությունը պետք է ամեն քայլ ձեռնարկի, որպեսզի մարդիկ մոռանան իրականությունը տարվեն ինչ-որ անկարևոր իրադարձություններով, որոշ ժամանակով հանգիստ թողնեն իրենց, մինչև նրանք ժողովրդի մոտ անմեղ գառի դիմակով ներկայանալու ձև կգտնեն: Լևոնն էլ իր հերթին այս նախագծի իրագործման մեջ իր ներդրումը կունենա` շեղելով իր թիմ կոչեցյալին գլխավորից հերթական աննպատակ ցույցերի շարանի միջոցով: Մեր իշխանական վերնախավն այսօր որդեգրել է <Ես մեղավոր չեմ, սպասեք մինչև մեղավորին կգտնենք> քաղաքականությունը: Այս վիճակը կտևի այնքան ժամանակ, մինչև քավության նոխազ չհայտնվի, ում գլխին էլ կբարդվի այժմյան իշխանության բոլոր սխալները, բայց բանականություն ունեցող յուրաքանչյուր անհատ էլ գիտակցում է, որ թերացում ոչ միայն կառավարության որևէ օղակի մոտ է նկատվում, այլ ողջ համակարգի, քանի որ այսօր Հայաստանում կաղում է թե արտաքին ու ներքին քաղաքականությունը, թե տնտեսական ու արդյունաբերական ոլորտը, էլ չենք խոսում ներդրումների բացակայության, արտագաղթի, գործազրկության, գնաճի և սոցիալական անբարո պայմանների մասին: Ուստի մեղավորներ փնտրելու, ընտրություններում հաղթելու մասին մտածելու փոխարեն իշխանությունն այսօր պետք է քայլեր ձեռնարկի առկա խնդիրների լուծման համար կամ էլ <տղամարդավարի> ընդունի իր անկարողունակ լինելու փաստն ու երկրի ղեկը հանձնի այնպիսի մարդու, ով կարող է դուրս բերել Հայաստանն այս վիճակից:
P.S.Լավատեսությունը լավ բան է, բայց այն ժամանակ, երբ դրա հիմքում ռեալիզմն է ընկած:
Ա.Հովհաննիսյան
P.S.Լավատեսությունը լավ բան է, բայց այն ժամանակ, երբ դրա հիմքում ռեալիզմն է ընկած:
Ա.Հովհաննիսյան
No comments:
Post a Comment