Friday, October 21, 2011

Քոչարյանին սպասում են.....

<Գործունյա մարդու համար խոսքերն ավելորդ են>,- այս բառերը կարող են ճշմարտացի լինել առանձին անհատների համար, բայց առանձնահատուկ կարևոր են քաղաքական գործիչների պարագայում: Քաղաքականության մեջ առհասարակ մեծ դեր ունի, թե անձն ինչ է ասում, և արդյոք անում է այն, ինչ ոչ թե ասել էր, այլ  խոստացել: Մենք փորձեցինք այս կտրվածքով ուսումնասիրել Հայաստանի երեք նախագահների գործունեությունը, և արդյունքում ստացվեց, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է, ով մինչ այսօր երբևէ չի ասել մի բան, բայց արել այլ բան: Սա շատ կարևոր հատկանիշ է նախագահի համար, քանի որ հասարակությունը պետք է հավատա և վստահի իր ղեկավարին, որպեսզի կարողանա տվյալ երկրում ապագա տեսնել և ցանկանա բարգավաճել իր իսկ երկրում, այլ ոչ թե վաղվա օրվա նկատմամբ հավատը կորցրած հեռանա: Քոչարյանի կառավարման տաս տարիների ընթացքում մենք ականատես եղանք տնտեսական հզոր առաջընթացի, (մանրամասն կարդալու համար հետևիր այս-http://www.2rd.am/  հղումին), դատական և օրենսդրական ոլորտում կատարվեց գլոբալ փոփոխություն, ինչը համապատասխանեցված էր ոչ միայն Հայաստանի հասարակության պահանջներին, այլ նաև միջազգային չափանիշներին, կատարվեցին հսկայածավալ ներդրումներ, Հայաստանին որպես պետություն ճանաչեցին ամբողջ աշխարհում, մի խոսքով ավերակների վրա երկիր կառուցվեց, որն արդեն կարող էր իր առջև Եվրոպայի հետ ոտք մեկնելու  նպատակ դնել: Մարդիկ, ովքեր Լևոնի կառավարման տարիներին ուղղակի փախել էին Հայաստանից, վերադառնալով չէին ճանաչում երբեմնի խայտառակ, հակամարդկային օրենքներով լեցուն և ստրկատիրական ռեժիմ որդեգրած Հայաստանը: Քոչարյանին մի անգամ հաջողվեց դուրս բերել Հայաստանն այդ գերկրիզիսային վիճակից, դեմք ունեցող պետություն դարձնել այն առանց ժողովրդին խաբելու և ոսկե սարեր խոստանալու: Յուրաքանչյուր սկսված նախագիծ իր ավարտին էր հասցվում, ամեն ասված բառ հիմնավորում և իմաստ էր ունենում: Թերություններ էլ, իհարկե, կային, բայց այստեղ էլ չկար խաբեություն, առկա խնդիրները չէին ծածկվում մեղրի բարակ շերտով և քողարկվում: Այս պարագայում յուրաքանչյուր խելացի մարդ կարող էր կանխատեսումներ անել և գծել իր հետագա կյանքը Հայաստանում` հաշվի առնելով նորանոր զարգացումները և առկա թերությունները: Այսօր արդեն փաստ է, որ ելնելով համաշխարհային ծանրագույն վիճակից պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել, այնպիսի լուծումներ տալ տարաբնույթ իրավիճակներին, որոնք աշխարհում կատարվող իրադարձությունների ազդեցություններից ապահովագրված կլինեն, քանի որ Հայաստանն ի վիճակի չէ դիմանալ նույնիսկ փոքր ցնցման: Հայ հասարակությունը քաջ գիտակցում է այդ փաստը, ուստի անկախ այն հանգամանքից, որ Քոչարյանն այսօր գտնվում է այսպես ասած հանգստի ռեժիմի մեջ, միևնույն է պահանջարկ է ձևավորվում, մարդիկ ուզում են տեսնել Հայաստանի երկրորդ նախագահին մեծ քաղաքականության մեջ: Մենք արդեն մի քանի ամիս է հետևում ենք սոցիալական ցանցերում քաղաքականության վերաբերյալ քննարկումներին, նոր ձևավորվող քաղաքական խմբերին ու էջերին, և հաճելի է հետևել հայ հասարակության խելամիտ շերտի օրեցօր ավելացմանը: Շատ կարճ ժամանակահատվածում Քոչարյանին սատարող մեծ բանակ է ձևավորվել տարբեր սոցիալական ցանցերում, ինչը կանխատեսելի էր: Հասարակությունն ինչքան էլ քննադատելուն ավելի հակված լինի, ամեն դեպքում վերլուծելու և տրամաբանելու կարողությամբ օժտված էակը չի կարող չնկատել փաստերը, որոնք օգուտ են տվել ոչ միայն իր հայրենիքին, այլ նաև նպաստել են իր և իր ընտանիքի բարեկեցության բարձրացմանը: Այսքանից հետո մեզ մնում է ավելացնել, որ հասարակությունն, իհարկե, ըմբռնումով է մոտենում  Ռոբերտ Քոչարյանի հանգիստ կյանք վարելու ցանկությանը, բայց Քոչարյանի  վերադարձն  ավելի  բուռն կերպով կխրախուսի և խորին երախտագիտություն կհայտնի, քանզի Հայաստանին այսօր գործունյա, նպատակային քաղաքականություն վարող և կայուն ղեկավար է պետք:
                                                                                                                    Ա.Հովհաննիսյան

No comments: