Saturday, October 8, 2011

Իշխանության սխալ որոշումը...


Առհասարակ հասարակությունը միշտ չէ, որ կարողանում է հասկանալ` ինչն է անհրաժեշտ պետությանը , ինչ չէ. սա էլ իր հերթին կարող է հանգեցնել բազմաթիվ անհիմն դժգոհությունների: Այս ամենին մեկ այլ տեսանկյունից նայելիս լրիվ նորմալ է, որ ամեն մարդ առաջին հերթին մտահոգված է իր և իր ընտանիքի բարեկեցությամբ, սակայն, պետք է հաշվի առնենք, որ այդ նույն բարեկեցությունն էլ կախված է պետության վիճակից: Առհասարակ ամեն ինչ կարելի է մեկնաբանել ցանկացած տեսանկյունից, բայց փաստացի հիմնավորումը միայն մեկն է: Այս տեսանկյունից նայելիս հասկանում ենք, որ հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք արվել են քայլեր, որոնք ոչ մի օգուտ չեն տվել մարդկանց:  Այսօր կքննարկենք Ծաղկաձորի որպես հանգստյան գոտի անհրաժեշտությունը և ինչ չափով այն օգուտ տվեց կամ վնասեց մեր պետությանը: Սկսենք նրանից, որ ամեն երկիր պետք է ունենա հանգստյան գոտի, ինչը միանշանակ խթանում է զբոսաշրջիկների հոսքը տվյալ տարածք: Ժամանակակից պայմաններում հանգստյան գոտին պետք է լինի ոչ միայն հարմարավետ, այլ նաև հագեցած գերժամանակակից բոլոր սարքավորումներով, դրա հետ միասին ունենա այնպիսի առաջարկ, որը մեկ այլ պետություն չի կարող անել: Աշխարհագրական պայմաններից ելնելով մենք չենք կարող առաջարկել ծով, էկզոտիկ անտառներ, չնաշխարհիկ բնություն, ուստի մենք մեր ունեցածը գոնե պետք է կարողանանք մատուցել հնարավորինս լավ: Արդեն հասկանալի դարձավ, որ հանգստյան գոտին անհրաժեշտ է տուրիզմը խթանելու համար: Հիմա դիտարկենք, թե տուրիզմի կենտրոնի հավակնող տարածքի  բնակչության համար ինչքանով կարող է նպաստավոր լինել հանգստյան որևէ վայրի կառուցումը` առաջին ու հիմնական պատճառն, իհարկե, նոր աշխատատեղերի ի հայտ գալն է: Օրինակ վերցնելով նույն Ծաղկաձորը, հասկանում ենք, որ այնտեղ հանգստյան վայրեր կառուցելուց հետո այդ քաղաքը շունչ ստացավ, մարդիկ աշխատանք ունեցան և <արտագաղթը> զգալիորեն նվազեց: Բացասական կողմ կարող է լինել այն, որ գներն են թանկ միջին աշխատավարձ ունեցող հայերի համար, բայց չպետք է մոռանանք ներդրումների մասին, քանզի ամեն մեկս էլ ինչ-որ գործունեություն ծավալելիս մտածում ենք այնպես անել, որ սնանկության առջև չկանգնենք: Ծաղկաձորի դեպքում էլ իրականացվել է մեծածավալ աշխատանք, դրվել են  հսկայական գումարներ, որոնք պետք է բառացի ասած հետ բերել գոնե, օգուտի մասին  շուտ է խոսել: Այս ամենը հաշվի առնելով պետք չէ ամեն ինչին մակերեսորոն նայել և միայն մեզ համար նպաստավոր տեսանկյունից: Այսօր եթե շարունակվեր Ծաղկաձորի որպես հանգստյան գոտու շինարարությունը, ապա մենք արդեն ունակ կլինեինք աշխարհին ներկայացնել ժամանակակից  ու պահանջված հանգստյան գոտի, ինչը հաստատ չէր վնասի Հայաստանին: Այսօր իշխանությունների սխալն այդ հարցում այն էր , որ նրանք մի վայրը վերջացնելու փոխարեն մի քանի վայրերում կենտրոնացրեցին  իրենց  ներուժը, ինչի արդյունքում Ծաղկաձորը մնաց այն կետի վրա, որում Քոչարյանի ժամանակ էր թողնվել: Դիլիջանում, Ջերմուկում, Տաթևում կցկտուր շինարարություններ իրականացվեցին և վերջ: Արդյունքում  վնասեցին թե Ծաղկաձորը, որն արդեն որպես հանգստյան գոտի կայացմանն էր հասել, գումարներ ներդրեցին, որոնք ուղղակի սառեցված վիճակում են հայտնվել, և հարց է , թե ինչքան ժամանակով:
Վերջում էլ կարելի է ուղղակի ավելացնել, որ ղեկավարի ընդունած որոշումներից է կախված ազգի առաջընթացը, ուստի ամեն ինչին պետք է նայել  ավելի լայն տեսանկյունից , այլ ոչ թե միանգամից քննադատական դեմքով ամեն արարք մեկնաբանել մեզ հաճելի տեսանկյունից:

No comments: