Ամեն իշխանություն էլ ունենում է թերություններ, որոնք կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով, բայց պատահում է նաև, որ իշխանությունն ուղղակի չի կայանում: Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին, ուղղակի կայացած իշխանության դեպքում բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնում են աշխատանքից վատ ծառայության համար, իսկ երբ պաշտոնյաներն են հրաժարական տալիս, դա արդեն մտածելու տեղիք է տալիս: Նախ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը, հիմա էլ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով այս երեք տարվա մեջ ամենահաջողված կադրային ընտրությունն էր: Քաղաքապետը մեկնաբանեց իր հրաժարականն այսպես.
<Ես պատրաստվում եմ տալ հրաժարական, որը պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխման դրդապատճառներով, նաեւ որոշակի անձնական բնույթի պատճառներ կան, որոնցով, կարծում եմ, հանրությանը ծանրաբեռնել ճիշտ չէ>:
Կարեն Կարապետյանին դեռ վաղուց էին առաջարկում այլ աշխատանք, և դրա մասին գիտեն բոլորը, սակայն, նա հրաժարվում էր այն ժամանակ, երբ դեռ Հայ-ռուս Գազարտի գլխավոր տնօրենն էր, իսկ դառնալով քաղաքապետ` ընդունեց: Հարց է առաջանում ` ինչի՞: Իրադարձությունների այսպիսի դասավորության պարագայում, եթե տվյալ անձնավորությունը լինել ոչ գործունյա, անկարող իրականացնել իր վրա դրված պարտավորությունները, դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց Կարեն Կարապետյանի պարագայում, ով այս ընթացքում ցույց տվեց ազնվություն, քաղաքական գործչին վայել բարձր որակ, կառավարման ճիշտ տեխնիկա և ժողովրդանպաստ գործունեություն, մի փոքր անհասկանալի է դառնում, նույնիսկ իր տված հարցազրույցից հետո: Ուղղակի կան բաներ, որոնց մասին պետք է լռել, գուցե սա հենց այդ դեպքն է, ինչևիցե պատասխանը թողնում ենք ձեզ և հաջորդ քաղաքապետին, ով զբաղեցնելով պր.Կարապետյանի պաշտոնը ենթադրելի է, որ կառնչվի այն խնդիրների հետ, որոնց պատճառով գուցե քաղաքապետը հրաժարական տվեց: Քաղաքապետի հրաժարականը բացասական անդրադարձավ Երևան քաղաքի բնականոն ռիթմի վրա, քանզի Երևանն իր գլխավորությամբ նոր-նոր սկսել էր ծաղկել, շենանալ և քաղաքը դրական դեմք էր ստանում: Վերջում էլ ավելացնենք, որ քաղաքապետի հրաժարականի իրական պատճառն այդպես էլ չբացահայտվեց, ինչն ավելի վատ է ժողովրդավարական երկրի համար, և մեզանից ամեն մեկը թող իրեն մի պահ պատկերացնի Կարեն Կարապետյանի տեղում, հաշվի առնի այն ամենը, ինչի մասին խոսվեց ու վերջում ինքն իրեն հարց տա` ինչո՞ւ եմ հրաժարական տալիս:
Ա.Հովհաննիսյան
No comments:
Post a Comment