Արդեն հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ոչ միայն խոստումներն են օդի մեջ մնում, այլ նաև պաշտոնական հայտարարությունները: Շատ նորմալ է դարձել, որ մի օր իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսելու որոշում են կայացնում, հաջորդ օրն իշխանությունն ընդդիմության քայլերը <տունտունիկ> է անվանում, ընդդիմությունն էլ իր հերթին արտահերթ ընտրություններ պահանջելով փորձում է ինչքան հնարավոր է երկար իր կողքը պահել արդեն չկողմնորոշված և հիասթափված մարդկանց: Մինչ այս ուշագրավ դեպքերն էլ վերջին տարիներին մենք ականատես ենք եղել շատ հետաքրքիր դեպքերի` վարչապետը կով կթել է սովորեցնում, արտգործնախարարը մշտնջենական լռությամբ բանակցություններ է վարում, բոլոր նախարարություններում հանկարծակիորեն խախտումներ և կոռուպցիայի դեպքեր են հայտնաբերվում, ինչ-որ վիթխարի ծրագրեր են նախագծվում, որոնք այդպես էլ նախագծման առաջին փուլում իրենցից գոհ թղթի վրա էլ մնում են: Մինչ կառավարությունը զբաղված է նման <մեծ> ու <պատվաբեր> գործերով, բյուջեն գնալով ճեղքվում է, պետության պարտքն էլ ավելանում, չենք խոսում էլ բնակչության մասին, որը բյուջեի հետ ուղիղ համեմատական նվազում է: Հիմա արդեն պարզ է դարձել, որ համաշխարհային ճգնաժամն այդքան էլ կապ չունի այժմյան Հայաստանի խայտառակ սոցիալական չպայմանների հետ: Այս ամենի հետ միասին էլ դեռ համարձակվում են զարմանալ, թե ինչու է ժողովուրդը հիշում Քոչարյանի պաշտոնավարման տարիները, երբ ամեն հայտարարություն ուժ ու կշիռ ուներ, այլ ոչ թե ասվում էր օդի մեջ, մի քանի օր ամենաշատը հիշվում , հետո կամ մոռացվում կամ էլ հերքվում: Իհարկե, այն ժամանակ էլ կային դժվարություններ, բողոքներ, բայց այդ ամենի հետ առաջընթաց էր նկատվում, արտաքին քաղաքականության մեջ էլ Հայաստանը երբեք ոչինչ չասողի ու լսողի դիրքում չէր հայտնվում: Մարդիկ կարող էին իշխանության քայլերի հետ համաձայն չլինել, բայց չհավատալ չէին կարող, քանի որ յուրաքանչյուր հայտարարություն, ծրագիր, նախագիծ, խոստում օդում չէր մնում: Այս ամենը մարդկանց ապագայի համար հանգիստ լինելու, գուցե շատ, գուցե քիչ, բայց հավատ էր ներշնչում: Հայը տեսնում էր պետության առաջընթացը, տեսնում էր Հայաստանի ապագան, զգում էր, որ արվում են քայլեր, որոնք միօրյա կյանք չունեն, այլ հետագայի համար են: Մարդիկ խոշոր ներդրումներ էին կատարում Հայաստանում, որոնք էլ նոր աշխատատեղեր էին, շատերի համար հաց, ապագա առաջընթաց, և այս ամենն արվում էր, քանի որ վստահում էին Հայաստանին, այլ ոչ թե մտածում, որ Հայաստանում իշխանության խոսքի վրա հույս դնել չի կարելի, ինչպես այժմ է: Այսօր, այո, ժողովուրդը մի քիչ էլ կարոտով է հիշում այն օրերը, երբ իրեն չէին ստիպում օր ու գիշեր ապրել քաղաքականությամբ, երբ ամեն մեկն իր գործով էր զբաղված, մտածում էր իր աշխատանքի և ընտանիքի մասին, եթե աշխատանք չուներ էլ, ապա գտնելն անհնար չէր: Այսօր Հայաստանի բոլոր քաղաքացիները ստիպված են մտածել քաղաքականության մասին, քանի որ այն մարդիկ, ովքեր պիտի մտածեն ժողովրդի մասին, ըստ երևույթին ավելի լուրջ զբաղմունք են գտել` սիլի բիլի են անում ընդդիմախոսների հետ, հետո որոշում են կռիվ-կռիվ խաղալ, հետո քարկտիկ, մի խոսքով մի տեսակ մանկամտացում է նկատվում մեր <հարգարժան պարոնայքի> շրջանակներում: Ժողովուրդն էլ արդեն հույսը կտրել է այն մտքից, որ գուցե կհիշեն վերջապես իրենց մանկության տարիները բաց թողած իշխանավորներն ու իբր թե հակաիշխանավորները, թե ինչի համար էին հավաքվել ու կանցնեն իրենց պարտականություններին: Բայց ոնց որ թե չի ստացվում, այսինքն իշխանության ձևավորման սկզբնական փուլում այնքան ամպագոռգոռ խոստումներ տվեցին, որ ժողովրդին մի պահ թվաց` իրոք լուրջ դեմքերի հետ գործ ունի, բայց արի ու տես, որ այս մարդիկ ժամանակ ու հավես չունեն իրենց իսկ գործով զբաղվելու համար: Դե այսքանից հետո էլ ո՞նց չհիշենք Քոչարյանի կառավարման տարիները, անկախ այն ժամանակվա թերություններից, միևնույն է նույնիսկ Քոչարյանի անձի հանդեպ հակակրանք տածող մարդն անգամ զգում է, որ Քոչարյանի կառավարման տարիներին մենք թե ներքին և թե արտաքին աշխարհում լուրջ էինք ընկալվում ու թեկուզ ոմանց համար փոքր թվացող քայլերով, բայց հաստատ առաջ էինք գնում, ուստի մենք շատ կուզենք նորից զգալ հային հատուկ վստահությունը, լրջությունն ու ապագայի հանդեպ ունեցած հավատը, որն ունեինք մի ժամանակ: Ահա թե ինչու զարմանալի չէ այն, որ մարդիկ իրոք կարոտով են հիշում երբեմնի լավ ժամանակները և հույսով սպասում, որ այդ ժամանակները նորից հետ են գալու:
http://www.youtube.com/watch?v=OaS59ZrZSqo&feature=player_embedded
.........
No comments:
Post a Comment