Երևանյան տոթ օր, շոգից խելքահան ու ջրաքամ եղած մարդիկ, ու այսքանի հետ բացօթյա թատրոն քաղաքի կենտրոնում: Մարդիկ դուրս են եկել զբոնելու, մաքուր օդ շնչելու, վերջապես սիրած էակին տեսնելու, մեկ էլ Երևանի ամենաբանուկ մասում նորից տեսնում ենք արդեն զզվացնելու չափ ծանոթ դեմքը` <հա՜ էլի Լևոնն ա խոսում>: Այո, էլի Լևոնը մենախոսեց ժողովրդի հետ, բայց սա ծանոթ պատմություն է, կարևորը, թե ի՜նչ գյուտեր է արել հարգարժան ԼՏՊ-ն ու ինչե՜ր ասեց: Փաստորեն պարոն Լևոնը հիշողության հետ էլ լուրջ պրոբլեմներ ունի, մոռացել է, որ երկիրը խայտառակ կեղեքված վիճակում թողեց ու հրաժարական տվեց, հիշողությունից լրիվ թռել է, որ հենց իր նախագահության օրոք էր մենաշնորհը հասել ահռելի չափերի` մենակ Արմենթելն էլ որ հիշենք բավական է, մեր Լևոն պապիկի լեզվիմացության պատճառով էինք երկար ժամանակ աստղաբաշխական թվերով մի հատիկ բջջային հեռախոսահամար ձեռք բերում, մինչև որ Քոչարյանին հաջողվեց շտկել ստեղծված աբսուրդ վիճակը: Լևոնը մոռացել է, որ հենց իր կառավարման տարիներին Հայաստանի բնակիչների մտքով արտագաղթն անցավ, տնտեսական գերժգնաժամ, սոցիալական Չպայմաններն էլ չասենք, էլ ի՞նչ է ուզում , իր երկխոսասեր բարեկամն ու իրեն ենթակա իշխանություններն էլ նույն իր երբեմնի անցած ճանապարհով են գնում, ուստի զարմանալի չէ, որ երկխոսելու շատ բան կունենան միմյանց հետ: Հիմա անցնենք գլխավորին` պահանջներին, որոնք ներկայացնում է մեր հմտալեզու ԼՏՊ-ն, ի դեպ նախօրոք երկխոսած պահանջների մասին է խոսքը:
Արտահերթ ընտրություն`թատրոնասեր հասարակությունն էլ է արդեն հոգնել այս տառակույտից, ուղղակի Սերժ Ազատիչին էլ, Լևոնին էլ ժամանակ է պետք, ուստի լրիվ անիմաստ ենք համարում նորից կրկնելը, որ ոչ մի արտահերթ ընտրություն էլ չի լինելու, Լևոնն էլ մինչև ընտրությունների վերջին օրն արտահերթ ընտրություն է գոռալու` քաջ իմանալով իր ասածի աբսուրդ լինելը, Սերժն էլ իր կաբինետից Լևոնի ելույթից գոհ ծափ է տալու: Հաջորդ պահանջը համամասնական ընտրություններն են, բայց լավ էլ մտածել են: Առաջին նախագահ ԼՏՊ-ին Ազգային Ժողովում տեղեր են պետք, ինչքան մարդկանց է խոստացել, գոնե մի քանիսի պահանջները պետք է բավարարվեն, թե չէ բոլորս էլ գիտենք չբավարարված պահանջներն ինչ անկանխատեսելի քայլերի կարող են հանգեցնել, իսկ դա ոչ Սերժ Սարգսյանին է պետք, ոչ էլ Լևոնին: Այստեղ ուղղակի մի խնդիր կա, այնպես է ստացվել, որ ԱԺ-ն առաձգականություն չունի, ընդամենը 131 տեղ է, մեր հարգարժան նախագահն էլ հայտնվել է անելանելի վիճակում` ոչ կարող է տեղերի քանակը կախարդական փայտիկի ուժով ավելացնել, ոչ էլ իր երկխոսիկ բարեկամ Լևոնին ձեռնունայն թողնել: Սրա հետ միասին շատ սխալ քայլ կլիներ մյուսների ունեցածը վերցնելն ու Լևոնին տալը: ՕԵԿ-ն էլ է Սերժի խաղալիքը, պետք չէ նրանց նեղացնել, ՀՀԿ-ն… չէ… ինքն իրենից ոնց վերցնի հանուն Լևոնի, ինչքան էլ որ սիրում է Լևոնին: Բարգավաճի հետ զգույշ է պետք լինել, մեկ էլ տեսար իրական ընդդիմություն դառան, ո՞վ իմանա, ամեն դեպքում պետք չի նեղացնել, Ժառանգությունն էլ չափից շատ է համը հանում, համայն Եվրոպայի աչքի առաջ Զարուհի Փոստանջյանի հարցից հետո Սերժը դժվար ցանկանա նրանց էլ նեղացնել: Ահա այսպիսի անելանելի վիճակ է ստացվում, մարդիկ էլ նստել երկխոսել են, ու նման գերմտքի եկել, որ կարելի է ԱԺ ընտրություններն անցկացնել միայն համամասնական կարգով` այսինքն միայն կուսակցությունների առաջադրած թեկնածուները կարողանան թեկնածություն դնել, ինչպիսի մտքի փայլատակում: Այս դեպքում 131-ից 10 տեղ ապահովված կլինի ՀԱԿ-ի համար, այն էլ առանց որևէ մեկի շահերին կպնելու, տեսնո՞ւմ եք ինչ ճկուն մտքով իշխընդդիմություն ունենք: Լևոնն էլ այսօր ժողովրդին իբրև ՀԱԿ-ի պահանջ ներկայացրեց սա, ինչը խորը մտածելու դեպքում ոչ մի օգուտ էլ չի տալիս ժողովրդին, ուղղակի ԱԺ-ում գործող նախագահ պրն. Սարգսյանի թիմն ավելի ուժեղ կդառնա, այդքան բան: Զարմանալի է, որ այս խելքահաս պարոնայք չեն ուզում հասկանալ` միայն իրենք չեն այդքան խելացի Հայաստանում, առհասարակ հայերը խելացի ազգ են, միգուցե հիմա սոցիալական դաժան պայմաններից ելնելով մի փոքր հոգնել են իրենց տունտունիկների մեջ խառնվելուց, բայց ամեն ինչ էլ շատ լավ հասկանում են, հասկացանք, որ սիրում եք երկխոսել, մենախոսել, սիլի-բիլի ու քարկտիկ, բայց սթափվեք վերջապես: Վերջում էլ ավելացնենք, որ Լևոնն ասելով, թե ոմանք վատ են վերաբերում երկխոսությանը մի անգամ ևս հաստատեց իր մոռացկոտությունը, քանզի ընդդիմություն բառն անգամ ենթադրում է, որ դա մի կառույց է այսպես ասած, որը տեսնում ու փորձում է շտկել իշխանության սխալները` ի օգուտ ժողովրդի, այլ ոչ թե ԱԺ-ում տեղ ունենալու համար երկխոսում է իշխանության հետ: Ընդդիմությունը բարձրացնում է ժողովրդին հուզող հարցերը և հասնում դրանց լուծմանը, իսկ այս երեք տարում ՀԱԿ-ը որպես ընդդիմություն ոչ միայն չկայացավ, այլ նույնիսկ չկարողացավ պահել դիմակը, արհեստական ընդդիմության վերջն էլ սա պետք է լիներ: Ավելացնենք միայն, որ հարգելի հայ ազգ, ԴՈՒ ես այս երկրի տերը` ես, դու, նա, ամեն մեկս, իսկ մեր ճակատին <հիմար> բառ գրված չէ, ուստի պետք է կարողանանք մի ձև դիմանալ այս շոգին էլ, Լևոնի ու Սերժի անհաջող թատրոնին էլ, մեր երկխոսասեր ու երկխոսված քաղաքական գործիչներին էլ, մինչև իրական ուժեղ ու ժողովրդանպաստ քաղաքական գործիչներ ի հայտ կգան:
P.S. Լեգիտիմ, ոչ լեգիտիմ բառերն էլ օրինակարգ և ոչ օրինակարգ բառերով փոխարինելը հաստատ այս պահին ամենահրատապ հարցը չէր, որ ԼՏՊ-ն չդիմացավ ու նորից ցույց տվեց իր լեզվի ճկունությունը: Ի դեպ առաջինը նախագահն էլ կարող է հաջողությամբ <Իմ լեզուն> վերնագրով երգ ձայնագրվել, մնում է միայն երգի հեղինակի թույլտվությունը, համ էլ այս պարագայում <ցույցը> հենց ինքն էլ կեզրափակի` թատրոնից հետո համերգ տալով:
.........
.........
No comments:
Post a Comment