Saturday, July 23, 2011

Ժողովրդին գրավ են դրել…

 Հուլիսն էլ է մոտենում իր տրամաբանական ավարտին, լավ է գոնե անձրևներ են գալիս, շոգն էլ իր հերթին այդքան չի զզվեցնում մեզ մեր քաղաքական գործիչների նման, իսկ երկխոսությունն էլ իր համար հանգիստ, մարդկանց աչքից հեռու ոչ մեկին օգուտ չտվող իր զարգացումն է ունենում: Ժողովուրդն է միայն, որ էլի մնաց գրավի կարգավիճակում, ու էլ իրոք տեղ չկա լռելու ու պետք էլ չի, քանի  որ Հայաստանը  համարվում է ժողովրդավարական երկիր, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այստեղ պետք է խորը շունչ քաշել և զարմացած հայացքով հարցնել` լո՞ւրջ: Այո, ամենայն լրջությամբ, և դա իրոք այդպես է, ուղղակի պետք է վերջապես գիտակցենք ժողովրդավարություն բառի բուն ու ամբողջական իմաստը և սկսենք ուշքի բերել մեր մոլորված ու երկխոսասեր քաղաքական գործիչներին: Այստեղ պետք է հաշվի առնել, որ կան մոլորյալների երկու տեսակ` ստիպված և ի ծնե մոլորյալներ:  Ստիպված մոլորյալներին հետ բերելն ավելի հեշտ է, քանզի նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծելուց հետո գուցե և նրանք իրոք սկսեն մտածել ժողովրդի մասին, իսկ այ ի ծնե մոլորյալների հարցը շատ ավելի բարդ է: Ի ծնե մոլորյալների շարքին են դասվում այն քաղաքական գործիչները, ովքեր ի սկզբանե հանդես են գալիս բացառապես ժողովրդի շահերից բխող տեքստերով, քաղցրահունչ ու խոստումնալից բարբաջանքներով, համոզում, երդվում, ժողովրդի վստահությունն   են ամեն կերպ շահում, վերջում էլ ժողովրդին գրավ են դնում ու պաշտոն ստանում: Այս խմբի մեջ կարելի է դասել Գեղամյանչիկին, Արթուրիկին ու հիմա արդեն պատկառելի տարիքի հասած ի ծնե մոլորյալ Լևոն պապիկին, ով իր նախագահության տարիներին ժողովրդին իր հետ մոլորեցրեց հերիք չէր, հետո էլ որոշեց արդեն փորձված մեթոդը նորից կիրառել: Հիմա էլ Լևոն պապին իրեն հավատացող ու իր հետևից անվերապահորեն գնացող մարդկանց գրավ է դրել Սերժ Ազատիչի դիմաց` երկխոսության սեղանի մեջտեղում և զուտ իր ու իր մտերիմների անձնական կյանքն ու շահերն է դասավորում միայն իրենց ձեռնտու տարբերակով: Բայց ոչ մեկ չհարցրեց ժողովրդից, նույնիսկ չասաց` <այ մարդիկ, Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, ես ձեզ գրավ եմ դնում, գոնե իմացեք էլի>: Անգամ <անշունչ գույքը> գրավ դնելուց սեփականատիրոջից թույլտվություն են պահանջում, չնայած, եթե նայենք այն տեսանկյունից, որ մեր հարգարժան նախագահն իրեն է համարում մեր սեփականատերը, ուրեմն թույլտվությունը կա: Չէ՞ որ նա էլ ունի գրավադրման փորձ: Այս լոմբարդային երկխոսությունն արդեն այնքան տրամաբանական է դարձել բոլորիս համար, որ կանխագուշակումներ էլ չենք անում կամ ինչի՞ համար կանխուգուշակենք արդեն պարտված, իրենց սպառած ու գրավադիր հոգեբանությամբ օժտված երկխոսիկների <սիլի-բիլի> անող հանդիպումները, մենք հարգում ենք մարդկանց անձնական կյանքը, ուստի չենք ներխուժում այնտեղ: Այս ամեն ինչի մեջ միակ եզրահանգումը, որ պիտի անենք, դա այն է, որ մենք չենք ուզում գրավի դեմքով պառկել երկխոսության սեղանին,կամ ակամա <մոմ բռնողի> դերում հանդես գանք. ուստի հարգելիներս, թեթև է պետք տանել այս հումորային երկխոսությունը, նույնիսկ մեր իշխանավորներն իրենց ասած խոսքին լուրջ չեն վերաբերվում, ուր մնաց մենք լուրջ վերաբերվենք: Մեզանից հասնում է գրավի սեղանից հեռանալը ու այս երեք տարվա խայտառակ ու ծիծաղելի քաղաքական փորձը որպես դաս հիշելը, որն, իհարկե, հանգեցրեց շատ ցավոտ ու քայքայիչ արդյունքների:

P.S.Եթե արտագաղթող հոծ զանգվածի փոխարեն երկիրը լքեին  մեր հարգարժան իշխ-ընդ-դիմադիր երկխոսիկները  և’ օդը կմաքրվեր ավելորդ քաղաքական բացիլներից, և’ երկիրը նախկին զարգացման ուղու վրա դնելն ավելի արագ կստացվեր: Բացատրել է պետք նրանց, որ գրավադրման համար աշխարհի տարբեր երկրներում հատուկ հաստատություններ կան` խաղատների տեսքով, այնտեղ գոնե բախտներդ բերի, թե չէ Հայաստանում էլ մարդ չի մնացել, որ գոնե մի քիչ հավատա ձեր պաշտոնատենչ խոսքերին ու օդային  խոստումներին: 
                                                                                                                  .........

No comments: