Friday, August 12, 2011

Ոմանց ուղեղն է պետք ապամոնտաժել…


Զարմանալի ու անհավատալի դեպքերի շարանը շարունակվում է մեր բազմադարյան մշակույթ ունեցող ու տրամաբանորեն արդեն <քաղաքակիրթ> դարձած երկրում: Ենթադրվում էր, որ այն պետք է քաղաքակիրթ դառնա, իսկ իրականությունը մեր երազած ենթադրություններից, ցավոք, արմատապես տարբեր է: Այս աբսուրդի հասնող իրականությունը  քաղաքական ծաղրուծանակ վիճակի հետ միասին մի կողմ դնենք: Լավ է գոնե ամառը մտավ ժողովրդի դրության մեջ ու մի քիչ զովացավ: Ի տարբերություն ամռան, իշխանությունները չեն էլ թողնում մարդիկ թեկուզ  քաղաքի մեջ հանգստանան. <Պետք է քաղաքը բարեկարգել>,- ասացին հարգարժան պարոնայք ու ձեռնամուխ եղան բառիս բուն իմաստով ժողովրդին <քցելուն>:  Մետրոյի թանկացումը քիչ էր ամռան շեմին, ինչին արդեն անդրադարձել ենք, հիմա էլ մարդկանց հաց գնելու համար անհրաժեշտ գումարի հաշվին քաղաք են գեղեցկացնում: Դեմ չենք, յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր մտածում է իր մայրաքաղաքի բարեկարգման մասին, բայց ոչ թե ժողովրդի հացի հաշվին ու ժողովրդին քցելով: Մի կողմ դնենք մարդասիրական մոտեցումը և մոտենանք զուտ օրինական տեսանկյունից տվյալ հարցին` այս պարագայում կրպակների ապամոնտաժմանը, որն իրականացնելու համար նախ պետք է պետությունը լուծեր ապամոնտաժման հետևանքով առաջացած խնդիրները: Չէ՞ որ մարդիկ տարիներով աշխատել են, իրենց համար հացի աղբյուր են ստեղծել, շատերը նույնիսկ զրկանքների գնով տվյալ կրպակի համար անհրաժեշտ մուծումներ են արել` հարկեր, տուրքեր, սեփականաշնորհում և այլն, իսկ հիմա գալիս, վերցնում ու տանում են: Հարգարժան պարոնայք, վերցրեք ուսումնասիրեք կամ մի խնայեք ձեր փողերը գնացեք ավելի զարգացած երկրներ սեմինարների` հասկանալու համար, թե իշխանությունն ինչպես պետք է բարեկարգի ինչ-որ բան առանց որևէ զանգվածի վնաս, այն էլ կեսամակարդակի հետ կապված մեծ վնաս տալու: Տարիներ առաջ Հյուսիսային Պողոտան կառուցվեց, բայց այն  ժամանակ պետությունը մարդկանց շուկայական գնից մի բան էլ ավել գումար վճարեց տեղանքի համար, ու նախապես, մարդկանց համար տեղափոխվելու, անձնական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ  ժամանակ տրամադրվեց, այլ ոչ թե ասեցին` քանդելու ենք ու առանց որևէ փոխհատուցում տալու, եկան ու  քանդեցին, գոնե հենց Հայաստանի նախկին քաղաքական գործիչներից օրինակ վերցրեք: Հասկանալի է, որ երկխոսասեր իշխանությունը չի կարող սխալներ չունենալ, բայց ժողովուրդը չպետք է իր գոյատևման գնով վճարի իշխանությունների անհետևողականության, անուշադրության ու անտարբերության համար: Իշխանությունը կոչված է, որ պաշտպանի մարդու իրավուքները, հոգ տանի, որպեսզի այդ իրավունքները չոտնահարվեն և  ինչքան հնարավոր է բարենպաստ  պայմաններ ստեղծի մարդկանց համար, բայց վերջին երեք տարում թե իշխանությունը, թե ընդդիմությունը մոռացել են` ով ինչի համար է և ինչ պետք է անի: Իշխանությունը ժողովրդին գոհացնելու փոխարեն հազիվ կոնկրետ անձանց գոհունակության ու բավարարվածության մասին է մտածում, ընդդիմությունն էլ աջակցում է իշխանությանն այդ հարցում: Այսքանից հետո էլ զարմանում են, թե ինչի է Հայաստանում արտագաղթն աննորմալ տեմպերով աճում:  Անտերության մատնված երկիրը չի կարող նույնիսկ զարգացման մասին երազներ տեսնել, բայց մեր հարգարժան երկխոսիկները մի վարկյան բաց չեն թողնում զարգացման , առաջընթացի ու ժողովրդի շահերի մասին խոսելու համար: Այսօր ժողովուրդը շատ գոհ կլիներ, որ թեկուզ չխանգարեիք իրեն, ժողովրդի հացի հաշվին քաղաք կբարեկարգեիք: Մենք էլի հանուն մեր երկրի հարգում ենք մեր նախագահին էլ, մանդատավոր պարոնայքին էլ, երկխոսասեր ու առհասարակ անիմաստ խոսասեր գործիչներին էլ, բայց դուք էլ բարի եղեք` հարգեք հայ ժողովրդին ու նրա շահերը:  ՀԱԿ էլ արդեն հոգնացրեց երկխոսության բարենպաստ լինելու մասին խոսելով, այդ դեպքում փոխարենը կրպակների տերերին ցույցի կանչելու, թող ինքն էլ այդ մարդկանց լավություն անի ու լուծի այդ հարցը, ՀԱԿ-ն այսօր ունի այդ հնարավորությունը , քանի որ իշխանության հետ հենց ինքն է երկխոսում,  բայց դե ՀԱԿ-ն այդ ե՞րբ է ժողովրդանպաստ քայլ արել, որ այսօր էլ պետք է աներ:
P.S.Կրպակներն ապամոնտաժելու փոխարեն ոմանց ուղեղներն է պետք ապամոնտաժել, որ մարդկանց սոված թողնելուց առաջ գոնե մի քիչ մտածեն հետևանքների մասին, որոնք ժողովրդի  որոշ  շերտի համար կարող են ուղղակի կործանարար լինել, ու նրանց կենսամակարդակը զրոյից  էլ  ցածրի հասցնել:

No comments: