Կարծես թե նորից սկսվեց աշխատանքային ռեժիմը, ընդդիմությունն էլ իր հերթական միտինգ կոչեցյալն անցկացրեց, ինչին անդրադառնալն արդեն իսկապես ձանձրալի է դառնում, նույնիսկ ցուցարարներն են հոգնել: Միայն Նիկոլին է հաջողվում մի փոքր ոգևորել մարդկանց, այն էլ հռետորական ձիրքին պետք է շնորհակալ լինի, այլ ոչ թե ասելիքի իմաստալից լինելուն: Իրականում ասվեց այն, ինչ ասվում է արդեն ԵՐԵՔ տարի, ոչ մի նոր բան, մոռացան իրենց քաղբանտարկյալին` նրա անունը նշելով միայն երկու անգամ, այնուհետև սկսվեց նույն անգիր արված տեքստերը, հոգնած ժողովուրդ, ոմանցից շատերն ուղղակի հետաքրքրությունից դրդված էին եկել, ինչում էլ ինչ-որ տեղ մեղավոր է մեր գերզբաղված իշխանությունը` մարդիկ աշխատանք չունեն, մի բան պիտի անեն, թե չէ: Այս պարագայում ամենալավ լուծումը մեկին վարձելն է, ով ուղղակի լվանում է այդ մարդկանց ուղեղները, շեղում կարևորից և քաղաքական կյանքը շարունակվում է իր բնականոն անտրամաբանական ուղիով: Մենք էլ անցնելով այդ թատրոնի կողքով որոշեցինք պարզել` արդյո՞ք ԼՏՊ-ն չէր ստում, ասելով, որ մի ժամանակ կարողացել է օպերայի հրապարակում կես միլլիոն մարդ համախմբել: Պարզվեց` նրա հերթական բաղձալի երազն է եղել, քանի որ մեր զուտ չոր հաշվարկների արդյունքում պարզեցինք` կես միլլիոն մարդուն անհավանական խտությամբ կանգնելու համար անհրաժեշտ է 1250-100 մետրի վրա տարածք, ինչն էլ նշանակում է, որ մարդիկ պետք է Օպերայի հրապարակի բեմից սկսած, 100 մետր լայնությամբ կանգնեն, այն էլ մի մետրի վրա չորս հոգով, և այդ բազմությունը պետք է ձգվի մինչև Հանրապետության Հրապարակ` ավելի կոնկրետ մինչև Էներգետիկայի նախարարություն: Ի դեպ նման կանգնելու դեպքում 100 մետր լայնությամբ Օպերայից մինչև Հրապարակ չպետք է որևէ շինություն լինի, որպեսզի այս բազմությունը կարողանա զուտ ֆիզիկապես տեղավորվել: Հաշվարկներն անելուց հետո հասկացանք, որ իրոք Լևոն պապիի թոշակի անցնելու ժամանակն է, մարդն իրականը երևակայականից տարբերելու խնդիր ունի, ամեն ինչ ասելով չի, գոյություն ունեն կոնկրետ հաշվարկներ, փաստեր, եթե, իհարկե, իր բեմականացումների ժամանակ մարդիկ միմյանց ուսերին չեն նստում: Սա ուղղակի հետաքրքիր ինֆորմացիա էր : Հիմա անցնենք ԱԺ պատգամավորների ուսումնական տարվա սկզբին, մեր հարգարժան պատգամավորները նորից իրենց աշակերտ զգալով ստիպված են մասնակցել նիստերին ու կարևորագույն որոշումներ կայացնել: Հուսանք, որ նրանց կայացրած որոշումները ԼՏՊ-ի ֆանտաստիկ երազներին ու անպտղաբեր երկխոսությանը չեն նմանվի: Ի դեպ, երկխոսության օգուտն այդպես էլ ժողովուրդը չքաղեց, գուցե Սերժի ու Լևոնի սիլի-բիլին հրապարակային դարձավ, բայց մարդասիրականի այդպես էլ չվերածվեց: Մեր հարգարժան նախագահն էլ է միացել պատգամավորներին և վերսկսել իր աշխատանքային գրաֆիկը` հանդիպումներ, ելույթներ ու, իհարկե, խոստումներ: Զարմանալի է միայն , որ Սերժի պատկերացրած խոստումնալից Հայաստանից մարդկանց արտագաղթն այդպես էլ չի նվազում: Մեղադրել էլ չի կարելի, մարդիկ հոգնեցին այս երեք տարում. քաղաքականախեղդը, միտինգախեղդը, ճգնաժամախեղդն ու ֆուտբոլագնդակային մթնորլորտը բավական չէր, երկխոսախեղդ էլ արվեցին, ուստի արդեն ժամանակն է չստացված իշխանությանն ու նույնատիպ անհաջող ձևական ընդդիմությանը ` <բարով մնացեք, միայն մեզնից հեռու կացեք> ասելու :
P.S. Այս ամենի ֆոնի վրա մենք չենդ դադարում հավատալ, որ Հայաստանին դեռ լավ օրեր են սպասվում` խելամիտ ու կշռադատված ղեկավարի, գործունյա գործադիր իշխանության, ժողավրդանպաստ ԱԺ-ի և ոչ թե աղանդի նմանվող, այլ քաղաքական ռեալ կշիռ ունեցող ընդդիմության հետ միասին:
No comments:
Post a Comment