Friday, September 30, 2011

Սկսվեց...բայց ինչը՞....

Այսօր քաղաքական կյանքում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ` Քոչարյանը վերջապես հայտարարություն արեց, որ չի բացառում իր մեծ քաղաքականություն վերադարձը, ինչն էլ իր հերթին տրամաբանական է, որ խառնաշփոթ առաջացրեց ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության շարքերում, քանի որ Քոչարյանի կառավարման տաս տարիների ընթացքում Հայաստանն առաջ էր գնում վստահ քայլերով, իսկ այս երեք տարվա ընթացքում  ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ միայն խոսում են: Այսօր նույնպես ՀԱԿ-ի հերթական մենախոսության օրն էր, և մենք որպես դիտորդ նայում էինք այդ բեմական ներկայացումը, և ծիծաղելի էր, երբ Նիկոլը շատ վստահ հայտարարեց հրապարակում դիտորդ չլինելու մասին, այնինչ միայն մենք, որ գնացել էինք զուտ որպես դիտորդ վեց հոգի էինք: Ծիծաղելի երևույթներն այդքանով չվերջացան, անհասկանալի էր, թե ինչի են մարդկանց ծափերն ու գոռոցներն ապահովում ձայնագրությունները, այլ ոչ թե հավաքված մարդիկ, դրան ենք գումարում ռեմիքս արված հայկական ու ժամանակակից էլէկտրո ոճի երաժշտությունը և կարող ենք հանգիստ խղճով այսուհետ այդ միտինգ կոչեցյալներն անվանել <խնջույք>, որտեղ երբեմն խոսում են քաղաքական թեմաներով, բայց միայն խոսում են, դրանից առավել ուրիշ լուրջ քայլի մասին խոսելն անգամ ավելորդ է: Պարզ դարձավ նաև, որ ցուցարարներն այդքան էլ չեն հարգում Լևոն պապիկի խոսքերն ու պահանջը, քանի որ նա նախկին ցույցի ժամանակ պահանջել էր մարդկանցից, որ ամեն մեկն իր հետ ևս չորս հոգի բերի, բայց այսօր ավելի քիչ հանդիսատես կար թատերահրապարակում, քան նախկին բեմականացման ժամանակ: Այս ամենն էլ բավական չէր, ՀԱԿ-ը հայտարարեց, թե իշխանությունն է ցանկացել երկխոսել նրանց հետ, այլ ոչ թե իրենք, պարզվում է մեր ընդդիմության ներկայացուցիչները նույնիսկ իրենց նախկին ելույթներն ու ճառերը չեն հիշում: ԼՏՊ-ի այսօրվա ներկայացումը քսան բալանոց համակարգում կարելի է գնահատել` տաս, այն էլ DJ-ական վարպետության համար: Կար նաև մի շատ անհասկանալի դրոշ` անարխիայի դրոշը, որի այդտեղ հայտնվելը համենայն դեպս  մեզ  համար անհասկանալի ու անտրամաբանական էր: Վերջում էլ արդեն պարզ դարձավ, որ ՀԱԿ-ն իրոք մտահոգված է Քոչարյանի այսօրվա հայտարարությունից, քանզի առաջարկեց շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել` այդ կերպ գոնե կկարողանա պահել իր արդեն բավականին քչացած հետևորդներին և կօգնի իր սիրելի Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս կարողանա պահել իր խարխլված դիրքերը:

P.S.Կարծում ենք, որ իշխանությունն էլ արդեն ունի մտահոգվելու լուրջ առիթ, ՀԱԿ-ից բացի նրանց պետք է գալու ուրիշ արհեստական ընդդիմություն, քանզի վերջինս արդեն սպառել է իրեն: Մենք էլ մինչև վերջ չհասկացանք, թե ինչը՞ սկսվեց, երևի պարելու մասին էր խոսքը, մանավանդ որ որոշ մարդիկ լավ էլ շարժվում էին ռիթմի տակ:

Thursday, September 22, 2011

Մեզ պետք է ՄԵՐ երկիրը...

Հայաստանի իշխանավորներին և առավել ևս ընդդիմության անդամներին  արդեն բնորոշ է դարձել կարևորն արկարևորից չտարբերելը, ինչն էլ հանգեցնում է  ստեղծված անհասկանալի քաղաքական վիճակին: Արդեն ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ Լևոնի իշխանության սազը լինելու փաստը, ինչի արդյունքում էլ հիասթափության մեծ ալիք է ստեղծվել: Նույնիսկ անկախության քսան ամյակը, որը տոն է համայն հայերիս համար, բոլորը մի տեսակ թերահավատորեն էին նշում, կորել է հույսի նշույլն անգամ, որ մեր հայրենիքն անդունդը չի գլորվի: Այս պարագայում կարելի է ասել` պետք չէ վատատես լինել, ինչը մի փոքր գուցե տեղին չի հնչում, բաց իրոք ամեն ինչ չէ, որ կորած : Անկախության ձեռքբերումն իրոք Հայաստանին բավականին օգտավետ եղավ, ինչը մեզ հնարավորություն տվեց հաղթել Արցախյան պատերազմում,  վերջապես հնարավորություն ունեցանք բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, մասնավոր սեփականության համակարգը ձևավորվեց, կոմինիստական ՉԻ ԿԱՐԵԼԻ ռեժիմից հետո թեթև շունչ քաշեցինք, և մենք սկսեցինք որոշել, թե ինչ է մեզ կարելի, ինչ` չէ: Այս ամենի հետ միասին ունեցանք նաև բազմաթիվ սխալներ, որոնց կարելի է նույնիսկ ճակատագրական համարել, մասնավորապես ԼՏՊ-ի կառավարման տարիներին, այնուհետև երկրորդ նախագահի օրոք միայն Հայաստանը սկսեց որպես պետություն դեմք ստանալ, ներկայանալ աշխարհին ու չամաչել ոչ իր փոքրությունից, և ոչ էլ նորանկախությունից: Տաս տարվա ընթացքում մենք իրական աճ գրանցեցինք, ու որպես պետություն կայունացանք, և հենց  այդ տարիների արդյունքն է, որ այսօր Անկախության օրը նշելիս կարողանում ենք բարձր գլխով աշխարհին ներկայանալ, բայց շատ ավելի համարձակ կներկայանայինք, եթե չլինեին այժմյան քաղաքական փտած ռեժիմները, և այս երեք տարվա ընթացքում պահվեր այն զարգացման ալիքը, ինչը ցավոք սրտի միայն անկում ապրեց, որն էլ իր հերթին  դարձավ արտագաղթի, հիասթափության և հուսալքման պատճառ: Այստեղ էլ արդեն հանգում ենք այն մտքին, որ մեր այժմյան քաղաքական գործիչները չեն տարբերում կարևորն անկարևորից, չեն գիտակցում, որ միայն ճոռոմ ելույթներ ասելու համար չեն ընտրվել կամ նշանակվել, ընդդիմությունն էլ նրանց հետ նույն շարքերում կանգնած զբաղված է միայն ելույթասությամբ: Հայաստանն էլ անկախացավ, մի կերպ ԼՏՊ-ի ավերակներից հետո վերակենդանացավ, զարգացավ, նոր ուժ ու շունչ առավ, բայց հիմա մի տեսակ անկապանում է`  երեք տարի տևող քաղաքական թատրոնների պատճառով: Մնում է միայն , որ ազգովի ասենք` ուշքի եկեք, պարոնայք, մեզ ՄԵՐ երկիրը պետք է....
                                                                                                                          .........

Wednesday, September 14, 2011

<Բարով մնացեք, միայն մեզնից հեռու կացեք>


Կարծես թե նորից սկսվեց աշխատանքային ռեժիմը, ընդդիմությունն էլ իր հերթական միտինգ կոչեցյալն անցկացրեց, ինչին անդրադառնալն արդեն իսկապես ձանձրալի է դառնում, նույնիսկ ցուցարարներն են հոգնել: Միայն Նիկոլին է հաջողվում մի փոքր ոգևորել մարդկանց, այն էլ հռետորական ձիրքին պետք է շնորհակալ լինի, այլ ոչ թե ասելիքի իմաստալից լինելուն: Իրականում ասվեց այն, ինչ ասվում է արդեն ԵՐԵՔ տարի, ոչ մի նոր բան, մոռացան իրենց քաղբանտարկյալին` նրա անունը նշելով միայն երկու անգամ, այնուհետև սկսվեց նույն անգիր արված տեքստերը, հոգնած ժողովուրդ, ոմանցից շատերն ուղղակի հետաքրքրությունից դրդված էին եկել, ինչում էլ ինչ-որ տեղ մեղավոր է մեր գերզբաղված իշխանությունը` մարդիկ աշխատանք չունեն, մի բան պիտի անեն, թե չէ: Այս պարագայում ամենալավ լուծումը մեկին վարձելն է, ով ուղղակի լվանում է այդ մարդկանց ուղեղները, շեղում կարևորից և քաղաքական կյանքը շարունակվում է իր բնականոն անտրամաբանական ուղիով: Մենք էլ անցնելով այդ թատրոնի կողքով որոշեցինք պարզել` արդյո՞ք ԼՏՊ-ն չէր ստում, ասելով, որ մի ժամանակ կարողացել է օպերայի հրապարակում կես միլլիոն մարդ համախմբել: Պարզվեց` նրա հերթական բաղձալի երազն է եղել, քանի որ մեր զուտ չոր հաշվարկների արդյունքում պարզեցինք` կես միլլիոն մարդուն անհավանական խտությամբ կանգնելու համար անհրաժեշտ է 1250-100 մետրի վրա տարածք, ինչն էլ նշանակում է, որ մարդիկ պետք է Օպերայի հրապարակի բեմից սկսած, 100 մետր լայնությամբ կանգնեն, այն էլ մի մետրի վրա չորս հոգով, և այդ բազմությունը պետք է ձգվի մինչև Հանրապետության Հրապարակ` ավելի կոնկրետ մինչև Էներգետիկայի նախարարություն: Ի դեպ նման կանգնելու դեպքում 100 մետր լայնությամբ Օպերայից մինչև Հրապարակ չպետք է որևէ շինություն լինի, որպեսզի այս բազմությունը կարողանա զուտ ֆիզիկապես տեղավորվել: Հաշվարկներն անելուց հետո հասկացանք, որ իրոք Լևոն պապիի թոշակի անցնելու ժամանակն է, մարդն իրականը երևակայականից տարբերելու խնդիր ունի, ամեն ինչ ասելով չի, գոյություն ունեն կոնկրետ հաշվարկներ, փաստեր, եթե, իհարկե, իր բեմականացումների ժամանակ մարդիկ միմյանց ուսերին չեն նստում: Սա ուղղակի հետաքրքիր ինֆորմացիա էր : Հիմա անցնենք ԱԺ պատգամավորների ուսումնական տարվա սկզբին, մեր հարգարժան պատգամավորները նորից իրենց աշակերտ զգալով ստիպված են մասնակցել նիստերին ու կարևորագույն որոշումներ կայացնել: Հուսանք, որ նրանց կայացրած որոշումները  ԼՏՊ-ի ֆանտաստիկ երազներին ու անպտղաբեր երկխոսությանը չեն նմանվի: Ի դեպ, երկխոսության օգուտն այդպես էլ ժողովուրդը չքաղեց, գուցե Սերժի ու Լևոնի սիլի-բիլին հրապարակային դարձավ, բայց մարդասիրականի այդպես էլ չվերածվեց: Մեր հարգարժան նախագահն էլ է միացել պատգամավորներին և վերսկսել  իր աշխատանքային գրաֆիկը` հանդիպումներ, ելույթներ ու, իհարկե, խոստումներ: Զարմանալի է միայն , որ Սերժի պատկերացրած խոստումնալից Հայաստանից  մարդկանց արտագաղթն այդպես էլ չի նվազում: Մեղադրել էլ չի կարելի, մարդիկ հոգնեցին այս երեք տարում. քաղաքականախեղդը, միտինգախեղդը, ճգնաժամախեղդն ու ֆուտբոլագնդակային մթնորլորտը բավական չէր, երկխոսախեղդ էլ արվեցին, ուստի արդեն ժամանակն է  չստացված իշխանությանն ու նույնատիպ անհաջող ձևական ընդդիմությանը ` <բարով մնացեք, միայն մեզնից հեռու կացեք> ասելու :

P.S. Այս ամենի ֆոնի վրա մենք չենդ դադարում հավատալ, որ Հայաստանին դեռ լավ օրեր են սպասվում` խելամիտ ու կշռադատված ղեկավարի, գործունյա գործադիր իշխանության, ժողավրդանպաստ ԱԺ-ի և ոչ  թե աղանդի նմանվող, այլ քաղաքական ռեալ կշիռ ունեցող ընդդիմության  հետ միասին: 

Thursday, September 8, 2011

Սպառված ռեժիմ...

Աշունն էլ եկավ, ու բոլորին ստիպեց դուրս գալ ամառային անհոգ հանգստյան օրերի ազդեցությունից, միայն իշխանության և ընդդիմության վրա չեն ազդում ոչ աշունը, ոչ գարունը և առհասարակ ոչ մի բան, նրանք շարունակում են մարդկանց ուղեղալվացման գործընթացը, ինչը թևակոխում են նոր փուլ: Այս փուլում նախատեսվում է, որ  որոշ ժամանակ դեռ կշարունակվեն բարբաջանքները, երկկողմանի մեղադրանքներն ու վիրավորանքները, թաքցված սիլի-բիլիները և խոստացված թափանցիկ, բայց փաստացի գաղտնի իշխանություն-ընդդիմություն ժամադրությունները: Այս ամենի արդյունքում նորից ու նորից որպես խոցելի օղակ հանդես է գալիս ժողովուրդը, ով այսօր ոչ միայն արտագաղթի ճանապարհն է բռնել, այլ արդեն սկսել է մտածել Հայաստան պետության կանխատեսված դժբախտ ճակատագրի մասին, եթե ամեն ինչ նույն  տեմպերով շարունակվի, գոնե մի քիչ խիղճ ունենան և Սերժալևոնական տրագիկոմեդիան հայկական սերիալների մակարդակի չհասցնեն: Սկզբնական շրջանում այս աբսուրդային քաղաքականությունը բրազիլական սերիալ էր հիշեցնում, ժամանակի ընթացքում հավասարվեց մեքսիկականի մակարդակին, հիմա էլ արդեն հայկական է դառնում, որ կես վարկյան նայելիս կարողանում ես կանխորեշել հետագա ողջ անտրամաբանական զարգացումները: Սերժալևոնական սերիալի տարբերությունն այն է միայն , որ բացի հոգեպես և գաղափարապես բռբնաբարվելուց, հետագայում կարող ենք կանգնել շատ ավելի լուրջ վտանգի առջև` հարցը վերաբերում է մեր երկրին, որի համար դարերով պայքարել ենք, և հիմա առանց մի գրամ խղճի խայթ զգալու մեր գերխելացի ուղեղները որոշել են զրոյի հավասարեցնել այն ամենը, ինչ ձեռք է բերվել տարիների աշխատանքի շնորհիվ, ի դեպ Լևոնն այդ հարցում ոչ մի գրամ ներդրում չի ունեցել, գուցե դրա համար էլ Ղարաբաղը հանձնելու մասին խոսելիս նույնիսկ ԼՏՊ-ի դեմքի միմիկան չի շարժվում:  Նա շատ հանգիստ տոնով կարող է խոսել Ղարաբաղը հանձնելու մասին, մոռանալով Ղարաբաղի համար տրված զոհերին և թափված ջանքերը, և բացի այդ նման մոտեցման մեջ չկա տրամաբանություն: Նախորդ իշխանություններին շատ էլ լավ հաջողվում էր Ղարաբաղի հարցի հետ կապված ճիշտ դիրքորոշումը պահելը, եթե Լևոնասերժական երկյակին դա չի հաջողվում, ամենևին չի նշանակում, որ պետք է տանք Ղարաբաղը կամ էլ խնդրենք Թուրքիային սահման բացել, այլ մեկ անգամ ևս ապացուցվում է մեր այժմյան իշխանության ձախողումը և անպատրաստվածությունը: Այս ամենի ֆոնի վրա Լևոնը շատ գեղեցիկ կեցվածքով, ճարտար լեզվով մարդկանց ուղեղների իր մշտական լվացման գործընթացն է շարունակում: Փաստերի նման դասավորվածության պարագայում մեզ` հայերիս, մնում է միայն սպասել երրորդ ժողովրդանպաստ ուժի հայտնվելուն, և միասնական լինել, քանի որ մենք չենք ուզում մեր հայրենիքում զոմբի դառնալ կամ էլ ինչ-որ մարդկանց անձնական շահերին նպաստող գործիքի վերածվել:

P.S.Ոչ մի անորակ բեմադրություն երկար կյանք չի կարող ունենալ, ուստի Սերժալևանական սցենարն էլ իրեն սպառեց, ինչն ակնհայտ է բոլորիս համար:
                                                                                                                                                   .........