Այս հարցազրույցը դիտելիս պարզ երևում է, որ ՀՀԿ-ն ոչ թե տեղեկացված և օրենսդիր գործունեությամբ զբաղվելու ունակ երիտասարդների է ընդգրկում իր շարքերը, այլ ուղղակի հայերենին տիրապետող, իրենց սազի տակ պարող և յուրաքանչյուր հարցի դիմաց ոչ թե կոնկրետ պատասխան տվող, այլ արագ-արագ <փիլիսոփայող>, իրենք իրենց եվրոպացու հետ նույնացնող, բայց ազգային արժեքները իբր թե պահպանող երևույթների: Այդ երևույթների թվին է պատկանում նաև փուչ խոսքերով զինված Մենուան: Չանդրադառնանք նրա գործունեությանը և առհասարակ նրա անձին, այլ վերլուծենք այս տեսանյութում նրա արտահայտած մտքերը: Սկսենք նրանից, որ այս <երիտհայը> կամ չարաշահում է իր լիազորությունները` խոսելով ոչ միայն ՀՀԿ-ի ղեկավարության, այլ նաև ԲՀԿ-ի ղեկավարության անունից, ՕԷԿ-ին մի կողմ թողնենք, կամ էլ նրան իրոք թևեր են տվել, որ խոսի ողջ հանրապետության, հասարակության, կուսակցությունների և բոլորիս անունից: ԲՀԿ-ի անդամներն անգամ նման համոզվածությամբ չեն խոսում կոալիցիոն հուշագրի վերաբերյալ, քան ոմն Մենուան: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն <երիտհայ> Մենուային իր անունից խոսելու իրավունք տված լինի: Այս արագ-արագ բառերն իրար կապող երևույթը վարչապետին գովեստի խոսքեր ասելու առիթն էլ բաց չթողեց:
Մեջբերում . <Վարչապետը իր արտաքինով ևս միգուցե այսպես էն հայը չի, հա, որը որ մենք ենք պատկերացնում, միգուցե իր հագուկապը, իր մազերի սանրվածքը եվրոպական է, բայց հավատացեք ինքը ազգային մարդ է> :
Չեմ կարծում, որ հայ հասարակության մեջ այնպիսի անկիրթ ու թերզարգացած մարդիկ կան, ովքեր քննադատում են պետական գործչին արտաքին տեսքի համար, իսկ ազգային լինելն էլ ազգի համար արված գործերով է բնորոշվում, այլ ոչ թե ճառերով կամ.
մեջբերում. <Վարչապետը կարդում է Գարեգին Նժդեհ, նրա հետ զրուցելիս դու չես ստանում տպավորություն , որ դու խոսում ես ուլտրամանուշակագույն եվրոպացու հետ, դու ստանում ես տպավորություն, որ խոսում ես հայ մարդու հետ>:
Հետաքրքիր է ի՞նչ պատասխան կտա Հայաստանի իշխանությունը Եվրոպային, եթե վերջիններս իմանան, որ ՀՀԿ-ի <երիտհայ> Մենուան եվրոպացիներին ուլտրամանուշակագույն է անվանում, հետո էլ կոչ անում, որ պետք է Հայաստան բերենք Եվրոպայի դրական երևույթները: Շատ լավն է նաև <ստանում ես տպավորություն> արտահայտությունը, իրոք որ վարչապետը հայերեն է խոսում, Գարեգին Նժդեհ է կարդում, վերջիվերջո ՀՀ վարչապետն է, գոնե հայ մարդու տպավորություն պիտի թողներ, թե՞ չէ, բայց տպավորությունը շատ հեռու է էություն լինելուց: Վարչապետով այսքան տարված Մենուան նույնիսկ տեղյակ էլ չի Տիգրան Սարգսյանի գործունեությունից, այլապես չէր ասի, թե պետք է գոհ լինենք, որ Հայաստանը գոյատևեց ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: Իր պաշտելի վարչապետը ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբնական փուլում համայն ազգի առջև հայտարարություն արեց, որ Հայաստանը վախենալու ոչինչ չունի, ճգնաժամը մեզ չի սպառնում, թե հետո ինչ եղավ գիտենք բոլորս, իսկ հիմա նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորների անգործության մեջ էլ է այդ զզվելի ճգնաժամը մեղավոր: Մենուայի հաջորդ հայտնագործությունն այն է, որ իշխանությունն այսօր ամեն ինչ անում է ժողովրդի համար, մի բան հասկանալի չէ, թե ի՞նչ է անում, և ժողովուրդ ասելով ո՞ւմ ի նկատի ունի այս <երիտհայը>: Եթե խոսքը հայ ազգի մասին է, ապա ինչպե՞ս հասկանանք ահռելի չափերի հասնող արտագաղթը, նվազող ՀՆԱ-ն, գնաճը, միջին ու փոքր բիզնեսի ոչնչացումը և նման բացառապես հակաժողովրդավարական քայլերը, որոնք այդ նույն իշխանությունն է անում: Մենուաին ՀՀԿ-ն հաստատ կընդգրկի իր ցուցակում, քանի որ բավականին հաջող կերպով խուսափում է բոլոր հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց` օգտագործելով <շատ դժվար է բառերով բացատրել>, <դժվար է սեփական արածը ցույց տալ> արտահայտությունները: Նշենք, որ բառերով դժվար է լինում բացատրել միայն այն դեպքում, երբ ուզում ես մածունը սև դարձնել, իսկ <սեփական արած> էլ պետք է լինի, որ հեշտությամբ ցույց տաս:
Մի հարցազրույցի ընթացքում այսքան սխալներ թույլ տված Մենուան չի բավարարվում և անդրադառնում է նաև մեր հասարակության մեծամասնությանը` համոզված հայտարարելով, թե նրանք հասկանում են, որ <ՀՀԿ-ն ամեն ինչ անում է ժողովրդի համար> և <հավատը դեպի գործող նախագահը կա>: NO COMMENT
ՀՀԿ-ի <երիտհայկական> կազմի այս մի ներկայացուցչին լսելուց հետո կարող ենք համոզված ասել, որ Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում է Հայաստանում ավտորիտար ռեժիմ ստեղծելու համար: Սա շատ վտանգավոր է, քանի որ նույն ԲՀԿ, ՀՅԴ-ն, Ժառանգությունը և մնացած բոլոր կուսակցությունները կամ պետք է անվերապահորեն կատարեն պարոն նախագահի կամքը կամ էլ նրանց փոխարինելու կգան գովել իմացող, հնազանդվող, ազգային գաղափարներից հեռու, բայց հայերեն խոսող մենուաներ: Սա վերաբերում է նաև ՀՀԿ-ի այն անդամներին, ովքեր մեծ ներդրում ունեն ՀՀԿ-ի գործունեության մեջ, բայց չեն կարող մենուա դառնալ և մի կողմ դնել ՀՀԿ-ի գաղափարները, համոզմունքները, արժեքային համակարգը, որն ինչպես տեսնում ենք այսօր արմատախիլ է արվում, քանի որ ՀՀԿ-ի ղեկավարը իրավական պետություն ստեղծելու գաղափարն օգտագործելով որոշել է ավտորիտար քաղաքական ռեժիմ ստեղծել: Մի նրբություն էլ կա, եթե նույնիսկ բոլոր կուսակցությունները ենթարկվեն պարոն նախագահ Սերժ Սարգսյանին, դա էլ չի փրկի, քանի որ ընտրություններից հետո նրանք այլևս պետք չեն լինի, ուստի նախագահի հաջորդ քայլերն արդեն կուղղվեն այդ կուսակցությունների վերացմանը, և նպատակ կդրվի ՀՀԿ-ն դարձնել գերիշխող կուսակցություն, այն էլ մենուաների կազմով:
Առջևում ԱԺ ընտրություններն են, ուստի հիմա պետք է հնարավորինս ուշադիր լինենք և չխաբնվենք դատարկ խոսքերին, սխալվելու իրավունք չունենք, այստեղ ոչ միայն ժողովրդի խնդիրն է, այլ նաև կուսակցությունների, ում գոյությունը ՀՀԿ-ի հաղթանակի և Սերժ Սարգսյանի մի անգամ էլ նախագահ դառնալու դեպքում վտանգված է:
P.S. Մենուան էլ նախքան իրեն ԱԺ-ում պատկերացնելը ավելի լավ կլիներ էթիկայի տարրական կանոններին գոնե հետևեր և ծամոնը եթեր դուրս գալուղ առաջ շպրտեր:
No comments:
Post a Comment