Tuesday, December 27, 2011

Ամփոփում

Մի քանի օրից ևս մի տարի հրաժեշտ կտա Հայաստանին, պարոն նախագահն էլ հպարտորեն  կշնորհավորի հայ ազգին ու կսկսի նշել, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել Հայաստանն իր գլխավորությամբ այս մի տարվա ընթացքում: Մենք էլ փորձեցինք մի փոքր առաջ անցնել իրադարձություններից և  գոնե մի քանի ձեռքբերումներ գտնել: Սկսենք քաղաքական դաշտից, որտեղ այս մի տարվա ընթացքում մենք ականատես եղանք տարբեր տեսակի բեմադրությունների` երգիծական, տրագիկ, մելոդրամիկ, նույնիսկ մեքսիկական <սերիալ> ունեցանք` ՀԱԿ-ի գլխավորությամբ: Այս ամբողջ կրկեսը ոչ միայն օգուտ չտվեց հայերին ու Հայաստանին, այլ նաև ցույց տվեց աշխարհին մեր թուլությունը, բոլորին պարզ դարձավ, որ Հայաստանում ընդդիմությունն էլ, որը միայն իր ու իր մտերիմների շահերի մասին է մտածում, փաստորեն ձևավորվել է տապալված իշխանությանը փրկելու համար,: Այս փտած մթնոլորտում հանկարծ աղմուկ բարձրացավ, որը  կապված էր Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի հետ: Այդ մի քանի տողանոց հարցազրույցը սկսեցին էջերով մեկնաբանել, չնայած որ Քոչարյանն իր ասելիքը շատ պարզ ու հստակ էր ձևակերպել: Իշխանության վերին օղակներում պանիկա սկսվեց, բոլորն էլ գիտակցում են, որ ժողովրդի մի ստվար զանգված Քոչարյանին է սատարում: Այս խառնաշփոթն էլ անցավ, բայց մի բան պարզ դարձավ այս տարվա ընթացքում, որ Սերժ Սարգսյանը  բացի իր հպատակներից ուրիշ ոչ մեկի չի ուզում և չի կարող հանդուրժել քաղաքական դաշտում` ԲՀԿ-ն վառ օրինակ է:
 Հիմա անցնենք տնտեսական ոլորտին, որտեղ խայտառակ հետընթաց գրանցեցինք, չկա մի ոլորտ, որը գոնե մի թեթև աճ գրանցած լինի, բացի արտագաղթից և գործազրկությունից, որտեղ մենք իրոք ռեկորդային աճ գրանցեցինք: Սա էլ է արդյունք, ամեն  պետության  նախագահին ու վարչապետին չի հաջողվում այսպիսի պարտաճանաչությամբ երեք տարի շարունակ նպաստել գործազուրկների և արտագաղթողների թվի կտրուկ ավելացմանը:
 Այս տարի պարզեցինք, որ այժմյան իշխանության գերագույն ֆունկցիան ոչ թե ժողովրդին ծառայելն ու երկրի վիճակը բարելավելն է, այլ աթոռապահպանումը, ինչի համար իշխանությունը ջանք ու եռանդ չխնայեց և օգտագործելով բազմաթիվ հնարքներ փորձեց ժողովրդի ուշադրությունը շեղել գլխավորից` կենտրոնացնելով իրենցից ոչինչ չներկայացնող, բայց ամպագոռգոռ նախագծերի ու որոշումների վրա: Այս տարի նշանավոր է նաև նրանով, որ Հայաստանում գրեթե վերացավ փոքր ու միջին բիզնեսը, իսկ հիմա էլ նպատակ է դրված վերացնել օլիգարխիան, այսինքն մարդիկ մտածել և որոշել են, որ Հայաստանի նման փոքր երկրում մի հոգի պետք է զբաղվի բիզնեսով, ուստի մեզ ոչ օլիգարխներ են պետք, ոչ էլ առևտրականներ, միայն հպատակներ: 
 Տարվա վերջում էլ մեծ շուքով Ֆրանսիան մեզ կոնֆետի թուղթ ցույց տվեց, մենք էլ ազգովի փառաբանեցինք, ծափահարեցինք, պարոն նախագահն էլ սա ձեռքբերում համարեց, այնինչ այդ օրինագիծը դեռ չի հաստատվել ոչ Վերին Պալատի, ոչ էլ Սարկոզիի կողմից, բայց մենք տեղը տեղին շնորհակալ եղանք: 
 Վերջում էլ ավելացնենք, որ հայ ազգն ու Հայաստանն այսօր բարդ իրադրության մեջ են,  և եթե գալիք տարի  համապատասխան քայլեր չձեռնարկվեն, ապա Հայաստանի ճակատագիրը շատ անորոշ ու մռայլ կլինի: Այս ամենը հաշվի առնելով կոչ ենք անում Սերժ Սարգսյանին մի փոքր մտածել մինչ Ամանորյա քաղցրահունչ ելույթն ասելը ու չխոսել գոյություն չունեցող ձեռքբերումների և առաջընթացի մասին, անկեղծությունը միշտ էլ ավելի բարձր է գնահատվում: 
  ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐԻՍ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ: ԹՈՂ ԳԱԼԻՔ ՏԱՐԻՆ ՄԵԶ` ՀԱՅԵՐԻՍ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԻ: 

           

No comments: