ՀՀԿ-ն վերջին շրջանում ևս մի անգամ ապացուցեց, որ կադրերի ընտրման հարցում էլ է ձախողվում: Մի կողմից <երիտհայկական> շարժումը` եվրոպական խոպոպիկներով մենուաներ և վարչապետի երդվյալ վկաներ, մյուս կողմից էլ իբր թե լուրջ համբավ ունեցող քաղաքական դեմքեր` ի դեմս Տարոն Մարգարյանի, ով <ավտարիտետ>-ի կոչումով պետք է ԱԺ ընտրությունների ժամանակ հոծ ընտրազանգված ապահովեր ՀՀԿ-ի համար: ՀՀԿ-ի <երիտհայական> ներկայացուցիչների զենքը խոսքն է: Այս <երիտհայերը> ի տարբերություն այժմյան որոշ պատգամավորների կարողանում են հայերեն լեզվով բարդ ստորադասական նախադասություններ կազմել: Մենուան նույնիսկ այնքան է վարպետացել խոսելու մեջ, որ իրեն իրավունք է վերապահում խոսել ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև ԲՀԿ-ի անունից, նույնիսկ մի պահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակի դերում իրեն պատկերացնելով հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի չի վերադառնա: ՀՀԿ-ի շփոթմունքն արդեն այնքան է խորացել, որ իրենց անդամների միջոցով բարձրաձայնում են իրենց երազանքների մասին, հույս ունենալով, որ Քոչարյանը կգթա իրենց: Սա էլ այն դեպքում, երբ Քոչարյանը նույնիսկ այդ ուղղությամբ հայտարարություն էլ չի արել, կարելի է պատկերացնել, թե ինչ անելանելի վիճակում կհայտնվեն ՀՀԿ ներկայացուցիչները, եթե հանկարծ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հայտարարություն անի: ՀՀԿ-ի այս անորոշ վիճակին միայն Տարոն Մարգարյանի անկարողությունն էր պակասում, բայց դրա դրսևորումն անխուսափելի էր: Մեր <բազմախոստում> քաղաքապետը մոռանալով քաղաքապետի հիմնական պարտականությունների և իրավունքների մասին ձեռնամուխ եղավ մի քանի անհատ գործարարների շահերի պաշտպանմանը: Մենք դեմ չենք, երբ մեր երկրում որևէ քաղաքացու շահ պաշտպանվում է, բայց եթե դա այլ մարդկանց շահերի ոտնահարման արդյունքում չի արվում: Քաղաքապետն իրեն լրիվ <օբյեկտի տիրոջ> պես պահեց, քաղաքացիներին էլ իր աշխատողների տեղը դրեց, ովքեր պետք է լուռումունջ ենթարկվեն իրենց <շեֆի> հրամաններին: Տարոն Մարգարյանին երևի չեն բացատրել երբևէ, որ հենց քաղաքացիներն են իր գործատուն, ու նա պարտավոր է ծառայել Երևանին ու Երևանի բնակիչներին, այլ ոչ թե <բուտիկներ> շարել որտեղ կամենա: Քաղաքապետ նշանակելուց առաջ պետք է նաև բացատրեին, որ ձյուն մաքրող մեքենաներն օգտագործելու համար են, այլ ոչ թե ֆոտոսեսիայի: Սփյուռքի հայերին այդ նկարներով կարելի է ինչ-որ կերպ խաբել, բայց մենք ամեն օր շրջում ենք քաղաքի կենտրոնական փողոցներով, ոտք ու ձեռք ջարդում, մեքենա փչացնում, նույնիսկ զոհվում: Մեզ պատճառած այս բարոյական, ֆիզիկական ու ֆինանսական վնասների հատուցման մասին Տարոն Մարգարյանը հաստատ չի մտածում, կարևորն այս պահին ձայներն են: Հետաքրքիր է, ո՞ր քաղաքացին ձայն կտա Տարոն Մարգարյանին ու ՀՀԿ-ին այն դեպքում, երբ Տարոն Մ-ն չկարողացավ նույնիսկ <բուտիկների> հարց լուծել, իսկ իր առաջարկած լուծման տարբերակն էլ այնքան անհաջող ու Anti-Երևան էր, որ մի քանի օր տևող ցույցերի պատճառ դարձավ: Պարոն Մարգարյանը նույնիսկ ցուցարարների հետ բանակցելու առաջարկը մերժեց: Պարզվեց, որ մեր նորաթուխ քաղաքապետը ժամանակ չունի քաղաքացիների խնդիրները լուծելու համար, դե շուտով ԱԺ ընտրություններն են հասկանո՞ւմ եք: ՀՀԿ-ն վերջնականապես հասկացավ, որ փուչիկները չեն կարող երկար ժամանակ պահպանել իրենց իբր թե կայուն ու պինդ կեցվածքը, մի թեթև ասեղի ծակոց ու վերջ... ՀՀԿ-ի ազդեցիկ փուչիկները հերթով պայթում են, <երիտահայերն> էլ շատ վատ են խաղում իրենց հայրենասեր, մտահոգ ապագա պատգամավորի դերը, իսկ ընտրությունների օրն էլ նշանակված է....
Ա. Հովհաննիսյան
No comments:
Post a Comment