Saturday, July 23, 2011

Ժողովրդին գրավ են դրել…

 Հուլիսն էլ է մոտենում իր տրամաբանական ավարտին, լավ է գոնե անձրևներ են գալիս, շոգն էլ իր հերթին այդքան չի զզվեցնում մեզ մեր քաղաքական գործիչների նման, իսկ երկխոսությունն էլ իր համար հանգիստ, մարդկանց աչքից հեռու ոչ մեկին օգուտ չտվող իր զարգացումն է ունենում: Ժողովուրդն է միայն, որ էլի մնաց գրավի կարգավիճակում, ու էլ իրոք տեղ չկա լռելու ու պետք էլ չի, քանի  որ Հայաստանը  համարվում է ժողովրդավարական երկիր, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այստեղ պետք է խորը շունչ քաշել և զարմացած հայացքով հարցնել` լո՞ւրջ: Այո, ամենայն լրջությամբ, և դա իրոք այդպես է, ուղղակի պետք է վերջապես գիտակցենք ժողովրդավարություն բառի բուն ու ամբողջական իմաստը և սկսենք ուշքի բերել մեր մոլորված ու երկխոսասեր քաղաքական գործիչներին: Այստեղ պետք է հաշվի առնել, որ կան մոլորյալների երկու տեսակ` ստիպված և ի ծնե մոլորյալներ:  Ստիպված մոլորյալներին հետ բերելն ավելի հեշտ է, քանզի նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծելուց հետո գուցե և նրանք իրոք սկսեն մտածել ժողովրդի մասին, իսկ այ ի ծնե մոլորյալների հարցը շատ ավելի բարդ է: Ի ծնե մոլորյալների շարքին են դասվում այն քաղաքական գործիչները, ովքեր ի սկզբանե հանդես են գալիս բացառապես ժողովրդի շահերից բխող տեքստերով, քաղցրահունչ ու խոստումնալից բարբաջանքներով, համոզում, երդվում, ժողովրդի վստահությունն   են ամեն կերպ շահում, վերջում էլ ժողովրդին գրավ են դնում ու պաշտոն ստանում: Այս խմբի մեջ կարելի է դասել Գեղամյանչիկին, Արթուրիկին ու հիմա արդեն պատկառելի տարիքի հասած ի ծնե մոլորյալ Լևոն պապիկին, ով իր նախագահության տարիներին ժողովրդին իր հետ մոլորեցրեց հերիք չէր, հետո էլ որոշեց արդեն փորձված մեթոդը նորից կիրառել: Հիմա էլ Լևոն պապին իրեն հավատացող ու իր հետևից անվերապահորեն գնացող մարդկանց գրավ է դրել Սերժ Ազատիչի դիմաց` երկխոսության սեղանի մեջտեղում և զուտ իր ու իր մտերիմների անձնական կյանքն ու շահերն է դասավորում միայն իրենց ձեռնտու տարբերակով: Բայց ոչ մեկ չհարցրեց ժողովրդից, նույնիսկ չասաց` <այ մարդիկ, Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, ես ձեզ գրավ եմ դնում, գոնե իմացեք էլի>: Անգամ <անշունչ գույքը> գրավ դնելուց սեփականատիրոջից թույլտվություն են պահանջում, չնայած, եթե նայենք այն տեսանկյունից, որ մեր հարգարժան նախագահն իրեն է համարում մեր սեփականատերը, ուրեմն թույլտվությունը կա: Չէ՞ որ նա էլ ունի գրավադրման փորձ: Այս լոմբարդային երկխոսությունն արդեն այնքան տրամաբանական է դարձել բոլորիս համար, որ կանխագուշակումներ էլ չենք անում կամ ինչի՞ համար կանխուգուշակենք արդեն պարտված, իրենց սպառած ու գրավադիր հոգեբանությամբ օժտված երկխոսիկների <սիլի-բիլի> անող հանդիպումները, մենք հարգում ենք մարդկանց անձնական կյանքը, ուստի չենք ներխուժում այնտեղ: Այս ամեն ինչի մեջ միակ եզրահանգումը, որ պիտի անենք, դա այն է, որ մենք չենք ուզում գրավի դեմքով պառկել երկխոսության սեղանին,կամ ակամա <մոմ բռնողի> դերում հանդես գանք. ուստի հարգելիներս, թեթև է պետք տանել այս հումորային երկխոսությունը, նույնիսկ մեր իշխանավորներն իրենց ասած խոսքին լուրջ չեն վերաբերվում, ուր մնաց մենք լուրջ վերաբերվենք: Մեզանից հասնում է գրավի սեղանից հեռանալը ու այս երեք տարվա խայտառակ ու ծիծաղելի քաղաքական փորձը որպես դաս հիշելը, որն, իհարկե, հանգեցրեց շատ ցավոտ ու քայքայիչ արդյունքների:

P.S.Եթե արտագաղթող հոծ զանգվածի փոխարեն երկիրը լքեին  մեր հարգարժան իշխ-ընդ-դիմադիր երկխոսիկները  և’ օդը կմաքրվեր ավելորդ քաղաքական բացիլներից, և’ երկիրը նախկին զարգացման ուղու վրա դնելն ավելի արագ կստացվեր: Բացատրել է պետք նրանց, որ գրավադրման համար աշխարհի տարբեր երկրներում հատուկ հաստատություններ կան` խաղատների տեսքով, այնտեղ գոնե բախտներդ բերի, թե չէ Հայաստանում էլ մարդ չի մնացել, որ գոնե մի քիչ հավատա ձեր պաշտոնատենչ խոսքերին ու օդային  խոստումներին: 
                                                                                                                  .........

Wednesday, July 13, 2011

Իսկական Հիթ-Շքերթ

Ամառային այս օրերին մարդու մոտ ցանկություն է առաջանում մտածել բնության գեղատեսիլ վայրերում հանգստանալու, գեղեցիկ ու առողջարար արևայրուք ունենալու, մի խոսքով լիցքաթափվելու մասին, բայց դա այն դեպքում, երբ մարդ բախտի բերումով ծնվել է այնպիսի երկրում, որտեղ ամեն մեկը զբաղված է իր գործով, և մարդն էլ կարող է իրեն թույլ տալ իր հանգիստը կազմակերպել, վերջում էլ ստիպված չի լինի հանուն այդ հանգստի իր մշտական ծախսերը բավականին քչացնել որոշ ժամանակով: Այս ամենը մի կողմ դնենք, ոնց էլ լինի ամեն մեկը հանգստանալու մի  ձև այսպես ասած կգտնի, մնում է մեր <երկխոսության գերիները> թողնեն մի քիչ հանգստանանք:  Չնայած մի փոքր մանկամտություն կթվա, եթե ինչ-որ մեկն արդեն նման հայտարարություններին լուրջ վերաբերվի, վերջին երեք տարում սովորել ենք բոլոր տեսակի հայտարարություններին մի քիչ անհավատորեն, ավելի հումորային վերաբերմունք ցույց տալուն: Այստեղ էլ մի բայց է առաջանում, լավ ինչքա՞ն ժամանակ կարող ենք հումորով վերաբերվել, ինքներս մեզ ծաղրանքի արժանացնենք, մխիթարվենք նրանով, որ Ֆորբս ամսագրում Հայաստանը` որպես տնտեսություն չունեցող երկիր ոչ թե վերջին տեղում է հայտնվել, այլ նախավերջին, <հիանանք> երկխոսասեր Լևոնի լեզվաիմացության բազմազանությամբ, որը մի գրամ օգուտ չի տալիս ոչ իրեն, ոչ էլ հայ ազգին:  Լավ, փորձենք մեզ դնել կոպիտ ասած անհասկացող երկխոսասեր ազգի տեղ ու տրամաբանենք, թե ինչով կարող է վերջանել արդեն Հիթ դարձած երկխոսությունը:  Երկխոսության Հիթ շքերթում կարծում ենք, որ առաջին հորիզոնակը պատկանում է մեր հարգարժան նախագահ պարոն Սարգսյանին,  ով էլ մյուսներին միայն իր իսկ քվեարկութ-յամբ  բարձր կամ ցածր հորիզոնականներ է շնորհում: Լևոնի երազանքն այս հիթ-շքերթը դասավորողի պաշտոնը ստանձնելն էր, արդեն հասկացավ, որ չի ստացվում, ուստի ավելի լավ է ինչ-որ հորիզոնական զբաղեցնի, քան թե ձեռնունայն հեռանա: Այս թեմայով էլ մեր խելամիտ պարոնայք կհավաքվեն, մի լավ կերկխոսեն, կհասկանան, որ եթե իրար հետ չերկխոսեն, ապա շուտով ժողովուրդը երկուսի հետ էլ շատ կոպիտ ձևով կերկխոսի ու Հիթ շքերթն ավարտված կհամարվի, ուստի  պետք է մի բան անել, գոնե ժողովրդին մի փոքր էլ <Հաղթելու ենք> , <Պայքար, պայքար…> և նման 6/8 երգերին բնորոշ, հեշտ հիշվող անիմաստ կարգախոսներով սնեն այսպես ասած, մինչև տեսնեն` ինչ կլինի:  Մեզ էլ մնում է սպասել, ավելի շուտ կարող ենք մի քիչ հանգստանալ, մինչև բացի երկխոսասեր, ֆուտբոլասեր, դեմագոգիասեր ու ստասեր գործիչներից մեր քաղաքական դաշտում արդեն կոնկրետ հայտարարությամբ հանդես կգան մեր ավելի խելամիտ, կշռադատված քայլերի կողմնակից ու  իրոք ժողովրդի մասին անհանգստացած քաղաքական գործիչները:
P.S.Մեր ուսումնասիրություններն էլ  դեռ շարունակվում են, և շուտով հնարավորություն կունենանք տեսնել, թե ինչպես է  ստացվել, որ վերջին 3 տարում արտաքին պարտքի գերավելացման պայմաններում, Հայաստանի տնտեսությունը ոչ միայն զարգացում չի ապրել, այլ հակառակը` հետընթաց է ապրել: Եվ հիշելով մեր նախագահի նախընտրական ելույթը, ցանկություն է առաջանում հարցնել նրան` ո՞ւր մնացին խոստումները: Երկխոսելու փոխարեն, ավելի լավ կլիներ կառավարությունը որպես գործադիր իշխանություն իր առջև դրված խնդիրներին լուծում տար, ընդդիմությունն էլ ժողովրդին անհանգստացնող խնդիրների մասին բողոք ներկայացներ, այլ ոչ թե աթոռակռիվ տար:
                                                                                                               .........     

Friday, July 1, 2011

Երկկողմանի անլրջություն...


Հայաստանյան բարդ ու ծանր իրավիճակ, տնտեսական գերլարված պայմաններ, սա էլ հերիք չէր շոգն էլ մի կողմից: Այսքանի հետ միասին որոշել են խեղճ շներին հոսանքահարել, մարդկանց բարեկեցությունը վերջնականապես հոսանքահարեցին վեջացրեցին, հիմա ել անցել են շներին: Մեր հարգարժան նախագահն էլ Ստրաստբուրգում ինքն իրեն գերազանցելով մի քանի կոպիտ սխալ արեց, վերջում էլ գնաց Կազան ու իրենց ներկայացրած ամպագոռգոռ հանդիպումից փոշմանած վերադարձավ: Լևոնն էլ մի կողմից Հայաստանին լավ վարկաբեկեց, իսկ հայ ժողովուրդն էլ արդեն լավ հասկացավ, որ ոչ միայն իր մասին, այլ նաև Հայաստանի մասին մտածող չկա: Մենք էլ մեր հերթին որոշեցինք հետաքրքրության համար գնալ ամսի 30-ին կայացած ցույցին և հասկանալ, թե ինչն է գրավում արդեն բավականին քչացած Լևոնի վկաներին: Միտինգը սկսվեց Լևոնը  բարբաջանքով, որի ամբողջ իմաստը արտահերթ ընտրություններն էին, ցանկություն առաջացավ ՍՏՈՊ տալ նրան և հարցնել` հարգելի ինքնակոչ նախագահ, իսկ ինչի չեք խոսում արտագաղթի մասին, որը վերջին տարիներին BBC-ի ցուցիչներով Հայաստանում  հասել է տարեկան 150 000 մարդու, և այդ նույն տեմպերով եթե շարունակվի 2025 թ.-ին Հայաստանը կունենա մոտավորապես 500000 բնակիչ, ինչո՞ւ ժողովրդին չեք ներկայացնում նախագծեր, որոնց օգնությամբ կարելի է հաղթահարել ստեղծված գերկրիտիկական վիճակը Հայաստանում: Բազմաթիվ լուրջ խնդիրները թողած, մեր իբր թե ժողովրդի շահերով տառապող ընդդիմախոս երկխոսիկն արդեն զզվացրեց արտահերթ ընտրություն պահանջելով, իբր եթե արտահերթ ընտրություն լինի Հայաստանի լացակումած տնտեսական ցուցիչները միանգամից աճ կապրեն, եթե այդպես է գոնե մի նախագիծ ներկայացրեք, որով պատրաստվում եք բարելավել երկրի տնտեսական վիճակը, չնայած դուք ինչպես կարող եք դա անել, երբ ձեր կառավարման տարիներին բոլոր տվյալների առջև միայն ---- են եղել, որոնք ի դեպ նույն Ռոբերտ Քոչարյանը, ում վրա ցեխ շպրտելու առիթ բաց չեք թողնում, կարողացավ ոչ միան + դարձնել, այլ նաև բավականին զարգացում ապահովել: Այսօր այդ ցուցիչները նորից անկում են ապրում ու շատ արագ տեմպերով: Ժողովրդի համար ամենակարևոր հարցերը թողած արտահերթ ընտրություն եք պահանջում: Այս ամենի հետ միասին մեզ զարմացրեց նաև ժողովրդի տրամադրվածությունը, ավելի շուտ անտարբերությունը, քանի որ ներկաներից գրեթե ոչ ոք չէր լսում մեր ուղեղի գերավելցուկով տառապող երկխոսիկ-մենախոսիկին, մարդիկ իրենց ընտանեկան նորություններից էին կիսվում, իրենց  անձնական կյանքն էին քննարկում: Մի անկյունում մի քանի երիտասարդներ տեսանք կանգնած, նրանց էլ մոտեցանք, հարցրեցինք` ինչու են եկել, պատասխանը լրիվ տրամաբանական էր` <բան չկար անելու, եկանք` տեսնենք` ինչ է ասում>: Մյուս տղան էլ քմծիծաղով ավելացրեց, որ <Լևոն պապին ա էլի, հավեսով խոսում ա, բայց դե, որ ասենք մի լուրջ բան ա ասում, սխալ կլինի>:  Այս ամենը զարմանալի չէր լինի, եթե մենք ապրեինք գերզարգացած երկրում, և միտինգներ ու ցույցեր անեինք հանուն զվարճանքի և հետաքրքրության, բայց այս պարագայում ուղղակի աբսուրդ է միտինգ անել ու խոսել արտահերթ ընտրություններից, երբ երկիրդ կործանման է գնում: Մենք կարծում ենք, որ հայ ազգն էլ է արդեն այս ամենը շատ լավ հասկացել, ուղղակի ուզում է տեսնել, թե մինչև երբ է Լևոնը պատրաստվում իր անհաջող թատրոնը խաղալ, Սերժն էլ  դահլիճում նստած ծափ տալ իր իսկ պատվիրած  թատրոնի ձախողված դերասաններին: Հայ ազգը շուտով թափ կտա այս երեք տարիների փոշին իր վրայից ու կհասկանա, որ պետք է ռեալ բաների մասին մտածել` տնտեսություն, արդյունաբերություն, աշխատատեղեր, արտաքին պարտքի նվազեցում, այլ ոչ թե ավելացում, ինչն ի դեպ վերջին երեք տարիների ընթացքում մեր գերզարգացած վարչապետի և ոչ պակաս լրջախոհ դեմքով նախագահի ջանքերով եռապատկվել է, սակայն նույն Ռոբերտ Քոչարյանին հաջողվել էր արտաքին պարտքից բավականին մարել:  Այս ամենը թողած ժողովրդի գլուխը ծանրացնում են ոչ մեկի համար ոչինչ չփոխող արտահերթ ընտրություններով, Կազանի իրենից ոչինչ չներկայացնող հանդիպմամբ և այլն: Մենք էլ որոշեցինք ուսումնասիրել Հայաստանի  վերջին տարիների ստատիստիկան, ի դեպ հիմնվելով ոչ Հայաստանի ներկայացրած տվյալների  վրա, մեր ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, և մի քանի օրից  հնարավորություն կունենանք մանրամասն ծանոթանալ  թե անցյալ և թե ներկա տվյալներին, ու հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ընդամենը երեք տարում հայտնվեցինք նման անելանելի վիճակում:

P.S.Մետրոն էլ թանկացրեցին, իսկ ժողովրդասեր Լևոնը թանկացումն ուժի մեջ մտնելուց մի օր առաջ ներկայացում տվեց ու նորից մոռացավ իր  Կողմից <այդքան սիրելի> ժողովրդի համար անհրաժեշտ փոխադրամիջոցի մասին:  Չնայած զարմանալի չէ, քանի որ Հայաստանում բոլոր բարձր աթոռների վրա մեղր է քսված, Լևոնն էլ մտածում է`< ումից եմ պակաս, որ աթոռ չունենամ>, համը բերանում է մնացել: Համ երկխոսիկ դարձավ, համ մենախոսիկ, համ դերասան, այն էլ ծանրաբեռնված ռեժիմով աշխատող ու իմպրովիզի իրավունք չունեցող դերասան, ու այսքանից հետո մեր հիասթափեցնել սիրող նախագահը նրան էլ հիասթափվածների սենյակ ուղարկեց:
                                                                                                                         .........