Monday, July 2, 2012

SOS... ՀԱՅԵՐ, ԶԱՐԹՆԵՔ...!!!

Նախ խորապես ցավակցում ենք Վահեի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին, ինչպես նաև ամբողջ հայ ազգին...
Այս սարսափելի միջադեպը Հայաստանում առաջինը չէ, հույս ունենանք, որ վերջինը կլինի, քանզի այս կերպ շարունակելն արդեն սպառնում է  մեր ազգի անվտանգությանը: Անհասկանելի է, թե ինչպես ենք մենք այսքան դաժանացել, ինչպես է հայ ազգի ներկայացուցիչն իր ազգակիցների հանդեպ այս աստիճան տականք գտնվելու հակում ձեռք բերել: Հասարակության բոլոր անդամներն են այսօր հայտնվել անպաշտպան վիճակում, քանի որ ստացվում է` մարդ պետք է զենք-զինամթերքով գնա զվարճանքի վայրեր, եթե այդ վայրը պատկանում է հասարակ պատգամավորի, ինչի համար հասարակ, քանի որ ես կուզենայի, որ մեր բոլոր պատգամավորները, ինչպես նաև հայ ազգը գիտակցեր` պատգամավորն ընդամենը ժողովրդի ներկայացուցիչն է Ազգային Ժողովում, մենք ենք նրանց տալիս այդ լիազորությունը և իշխանությունը` մեր անունից խոսելու և ի շահ մեզ գործելու: Հաշվի առնելով վերոնշյալը այդ նույն անձը, ով հարստացել է, կայացել է, այս կյանքում կարողացել է ինչ-որ դիրք ձեռք բերել, այնուհետև որոշել է, որ հենց ինքը պետք է ներկայացնի այս արդեն մեղք ժողովրդի <շահերը>, պետք է ոչ թե մարդկանց սպանելով զբաղվի, այլ մարդկանց համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծելով: Գուցե հիմա ասեք, որ ես շատ ռոմանտիկ եմ, բայց մի կողմ դնենք մարդկային և բարոյական նորմերը, որոնք այդ կատեգորիաին չեն վերաբերում և փորձենք հասկանալ, թե ով է պատասխանատու այս վիճակի համար, ինչու ենք մենք, մեր ընտանիքի անդամները, մեր երեխաներն ամեն օր հասկանում, որ մենք մեր երկրում վտարանդի ենք, անկոչ հյուր, կիսափախստականի կարգավիճակ ունեցող անձ, ով եթե փորձի ասել այն, ինչ հաճելի չէ լսող <էլիտային>, ապա կաքսորվի կամ ստիպողաբար` համապատասխան վայր, կամ էլ ինքնակամ: Այս վիճակը դեռ երկար կշարունակվի, եթե մեր հասարակության անդամները շարունակեն հանուն իրենց շահի երգել թուրքերին և մեր իշխող <էլիտային> հաճելի երգը, ինչն էլ մեր կործանման գերագույն պատճառը կդառնա: Վահեի դեպքը բացառություն չէ մեր երկրում, ուղղակի եզակի է այն առումով, որ լուսաբանվեց և հասարակության լայն շերտեր տեղեկացան նման սարսափելի պատահարի մասին: Այսօրինակ հակահայկական և հակամարդկային դեպքեր տեղի են ունենում ամեն օր մեր երկրում, տարբերությունը միայն այն է, որ դրանք չեն լուսաբանվում, կոծկվում են և մոռացվում նույնիսկ զոհերի հարազատների կողմից, այլապես նրանք էլ կտուժվեն: Կարծես մեր իշխանությունը պատվեր կատարելիս լինի` լուծարել Հայաստանը, ինչու լուծարել, քանզի նրանց ամեն ինչ բիզնեսի տեսանկյունից են միայն դիտարկում: Վիճակը շտկելու համար ոմանք ցույցեր են անում, ոմանք մարգինալության գիրկն են ընկնում, ոմանք չարանում են և բոլորին անիծում, ոմանք էլ ուղղակի իրենց կաշին փրկելու համար այս երկրից փախնում են: Չէի ուզենա, որ Վահեի անունը շատ շահարկվեր այսօրինակ թեմաներում, ուղղակի կուզենայի, որ մեր հասարակության մեջ բոլոր այն մարդիկ, ովքեր հիշում են, որ մարդ են, էակ են, հոգի ունեն, վերջապես համախմբվեինք, միասնականորեն գոնե փորձեինք դուրս բերել մեր արդեն ողբացող երկիրն ու ազգին այս վիճակից: Այս կերպ այլևս չի կարելի շարունակել, ՉԻ ԿԱՐԵԼԻ հանցագործին պատգամավոր ու նախարար դարձնել, թմրամոլին ու խաղամոլին աթոռ շնորհել, հայատյաց գործարարի արտադրանքը գնել: Մենք ենք այս երկրի տերը և մեր ազգի ապագան մենք ենք կառուցելու, ուստի չի կարելի թույլ տալ, որ մեր սերունդները որբ մեծանան, չի կարելի հայ տղաներին զոհ տալ հանուն ինչ-որ մարդկանց ագրեսիայի բավարարման... Եվ վերջում կխնդրեի աղոթել Վահեի հոգու հանգստության համար և նրա երեխաների ապագայի համար, մենք պարտավոր ենք հոգալ և մտածել մեր հասարակության անդամների` մեր  մասին: 

Tuesday, June 5, 2012

Հայի ինքնությունը վտանգված է

 Ղարաբաղյան պատերազմի տարիներին բազմաթիվ հայ երիտասարդներ զոհեցին իրենց կյանքը հանուն իրենց հայրենիքի ազատագրման` ապահովագրելով մեր այսօրվա  կյանքը: Ուզում եմ նախ շեշտել, որ տվյալ անհատները, ում պետք է խորն հարգանքով և երախտագիտությամբ վերաբերվել, պատերազմի դաշտում մարտնչելիս չունեին անձնական նպատակներ և շահեր, այլ առաջնորդվում էին հայրենասիրական գաղափարներով: Մինչ Ղարաբաղյան պատերազմն էլ հայերը մշտապես պայքարել են արտաքին թշնամիների դեմ` զոհվելով հանուն իրենց հողի և ապագա սերունդների անվտանգության: Այսօր իրավիճակը փոխվել է, փոխվել են մարդիկ, փոխվել է արժեհամակարգը: Իհարկե, այսօր էլ  հայերի հոծ բազմություն նորից ոտքի կկանգնի արտաքին վտանգի դեպքում և կպայքարի դրա չեզոքացման համար, բայց այդ բազմությունն իրեն անպայմանորեն հարց կտա` ինչի՞ համար: Այստեղ պետք է նախ նշել, որ վերջին շրջանում հասարակությունն այնքան է ենթարկվել մանիպուլյացիայի, որ գուցե և լուրջ չվերաբերվի իշխանությունների կողմից նշվող վտանգին, ժողովուդն այնքան է սնվել փտած գաղափարներով, որ գուցե հայրենասիրության քարոզն էլ դիտարկի որպես հերթական փտած սնունդ: Իրավիճակը նաև բարդացել է վերջին շրջանում ԶԼՄ-ների կողմից ակնհայտ դեգրադացիայի քարոզմամբ: Կուզենայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մեր հեռուստատեսությունների գերակշտող մասը զբաղված է գումար վաստակելով` մոռանալով, որ իրենց վաստակած գումարի դիմաց մի ամբողջ ազգ գուցե ապագայում թանկ վճարի, քանի որ ինչպես գիտենք հեռուստատեսությունը մեծ ազդեցություն ունի մարդու մտածելակերպի, կենսակերպի և արժեհամակարգի ձևավորման վրա: Մեր մտավորականները, որոնց արդեն կարելի է Կարմիր գրքում ներառել, զբաղված են տարաբնույթ պատվերների կատարմամբ` պետք է նախ բավարարել ստամոքսի պահանջները, հետո նոր հոգեկանին սնել, և սա նորմալ է, քանի որ մարդու օրգանիզմը չի կարող օդից վիտամիններ ստանալ: Մտավորականությունը բոլոր հասարակություններում մշտապես եղել է նոր գաղափարների կրող, նոր մոտեցումների առաջարկող և հասարակությանը կրթող ուժը, իսկ այդպիսիք  եթե կան էլ մեր հասարակության մեջ, ապա կամ անձնական շահերին գերի են դարձել կամ էլ արդեն արտասահմանից են մեր ճահճացող երկրին հետևում: Իշխանական համակարգը, որին պետք է հետաքրքրեր իր ազգաբնակչության վիճակը`  ինչպես սոցիալական, բարոյական, այնպես էլ հոգեկան և ինտելեկտուալ, զբաղված է իր ժողովրդի բառիս բուն իմաստով ուղեղի բռնաբարմամբ, քանզի աթոռային շահերը վեր է դասում ամեն ինչից: Յուրաքանչյուր իշխանություն էլ մտահոգված է իր վերարտադրությամբ, բայց նա մշակում և կիրառում  է այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնց օգնությամբ  ավելի ընդունելի է դառնում ընտրազանգվածի համար, այլ ոչ թե հակառակը: Այս ամենի ֆոնի վրա այդ նույն մարդիկ, ովքեր հայրենասիրության համար պատրաստ կլինեն կռվել, ինչպես նաև  ես կուզենայի հարցնել` ո՞վ ենք մենք, ո՞վ եմ ես, ո՞վ է հայը: Ես կարծում եմ, որ հայը ուժեղ, վստահ, իր որոշումներում կայուն, խելացի, հեռատես և արժանապատվություն ունեցող անհատ է, այսօր ես տեսնում եմ, որ այդ կերպարի փոփոխման համար հնարավոր բոլոր միջոցները կիրառվում են` հային խամաճիկ, կատարող, վաճառվող, էժան գաղափարների կրող, փողի աստվածությունը ճանաչող և սեփական շահի համար ամեն քայլի գնացող ստրուկ դարձնելու համար: Հայի ինքնությունը վտանգվում է, և ցավալին այն է, որ դա պատահականորեն չի արվում, այլ նպատակային` և ոչ թե մեր, այլ X պետության շահերը բավարարելու համար: Ինչպես յուրաքանչյուր լուծում այս խնդիրն էլ լուծում ունի, ուղղակի պետք է վերջապես մեր մտածելակերպի մեջ որոշակի փոփոխություններ կատարենք, համբերել բառը փոխարինենք իրավունքների ճանաչմամբ, հանդուրժել բառը` այդ նույն իրավունքների պաշտպանությամբ և կատարել բառը` մեր իրավական կամքի և օրինական պահանջների առաջ քաշմամբ:

Wednesday, May 2, 2012

ՀՀԿ նախագահը <քցում է> իր թիմակիցներին

Վերջին օրերին բավականին զարմանահրաշ դեպքեր գրանցվեցին Հայաստանում, որոնցից կարելի է առանձնացնել Մաշտոցի պուրակում տեղակայված կրպակների ապամոնտաժումը, ինչը մեծ խուճապ առաջացրեց ՀՀԿ շարքերում: Փորձենք հասկանալ արդարացված խուճապի պատճառը: Նախ պետք է սկսել նրանից, որ ՀՀ, բայց ավելի շուտ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մի շատ վատ սովորույթ ունի, որից ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել` դա  ժողովրդական լեզվով ասած <իր մոտիկներին  քցելն> է: Այս սովորույթի զոհ դարձան նախ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ում անունն արատավորեցին, բայց հետո տեսնելով, որ Կենտրոն վարչական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ ապահովող մարդ են կորցնում, ընդգրկեցին ՀՀԿ համամասնական ցուցակում, և հարց է, թե ընտրություններից հետո ինչքան դեռ կտևի այս հաճոյանալու քաղաքականությունը: Բեգլարյանին հաջորդեցին Հովիկ Աբրահամյանը, Արթուր Բաղդասարյանը, ՀՀԿ-ի բազմաթիվ պատվավոր անդամներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չգնահատվեցին և չհայտնվեցին ՀՀԿ համամասնական ցուցակում, փոխարենն այնտեղ հայտնվեցին Շուշան Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը և այլոք: Չանդրադառնանք դեռ ամբողջ հայ ժողովրդին <քցելուն>, երբ մեր հարգարժան նախագահը չորս տարի առաջ ոսկե սարեր խոստացավ, իսկ այսօր հող են շպրտում նրա ետևից, Դիլաջանի բնակիչներն այդպես էլ ֆինանսական կենտրոնի բնակիչ չդարձան, տնտեսության զարգացում, արտագաղթի տեմպերի նվազում, հավասար պայմանների ստեղծում, փոքր ու միջին բիզնեսի ու մնացած փոքր ու մեծ հարցերի լուծումից էլ չխոսենք, բայց դե սա գոնե ժողովուրդ է, այլ ոչ թե մոտիկ-կուսակցական ընկեր-բարեկամ-հարազատ, որոնց <քցելը> կրկնակի հանցանք է ոչ միայն քաղաքական գործչի, այլ յուրաքանչյուր նորմալ  մարդու համար: Ահա այս ընկեր-բարեկամ-կուսակից շարքերում է նաև Տարոն Մարգարյանը, ում մեր նախագահն առանց մի վարկյան անգամ մտածելու <քցեց>, հիմարի վիճակում դրեց և ծիծաղի առարկա դարձրեց: Պարզվեց, որ մեր նախագահը կամ լրիվ անտեղյակ է Հայաստանի մայրաքաղաքում կատարվող նույնիսկ ամենաաղմկահարույց ցույցերից կամ էլ ավելի շուտ հետևեց քաղաքական PR-ից մի գրամ գլուխ չհանող մարդկանց  խուրհուրդներին: Ժողովրդի աչքին բարձրանալու և Սուպերմենի կերպարով մարդկանց առջև հայտնվելու համար պարոն Սարգսյանն ուղղակի գետնին հավասարեցրեց իր թիմակից Տարոն Մարգարյանին, ով այս ընթացքում ուղղակի կատարում էր այդ նույն <բարերար> Սերժ Սարգսյանի հրահանգը: Այս ամենից ՀՀԿ անդամները մի շատ կարևոր հետևություն արեցին, որ ԱԺ ընտրությունների ժամանակ հրահանգներ կատարելու արդյունքում գուցե նրանցից ոմանք քավության նոխազ դառնան` հայտնվելով բանտում, քանի որ գուցե մեր նախագահն այդ ժամանակ էլ ուզենա ցույց տալ, թե ինքն ինչքան ժողովրդավար է և պայքարում է <մախինացիաներ անող, կարուսելներ կազմակերպող և ձայներ կեղծող> ՀՀԿ անդամների դեմ: Հետաքրքիր է, թե ինչպես են ՀՀԿ անդամները վախը սրտներում անցկացնելու ընտրությունները` հրամանը չկատարեն` նախագահը կջղայնանա, կատարեն` բա որ մատաղ անի: Պարոն Սարգսյանն իր PR-ի համար նույնիսկ ՀՀԿ կարկառուն անդամ  լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդուն` մեծ հարգանք վայելող Տարոնին մատաղ արեց, ուստի չենք կարծում, թե ՀՀԿ շարքային անդամներին իր PR բարձրացնելու համար չի <քցելու>, մանավանդ որ առջևում նախագահական ընտրություններն են: Կարող ենք միայն  տխրահռչակ ՀՀԿ-ականներին մաղթել, որ ռեալ նայեն ամեն ինչին և ընտրություններից հետո ոսկե սարերի վրա հայտնվելու փոխարեն հանկարծ ժանգոտ ճաղերի հետևում չհայտնվեն: 

Sunday, March 25, 2012

ՀՀԿ-ն պատգամավոր դառնալու մրցույթ է հայտարարել...



Կուսակցությունների համամասնական ցուցակներն արդեն հրապարակված են: Մենք փորձեցինք համեմատել այդ ցուցակներում առաջին տեղերը գրաված մարդկանց: Անդրադառնալու ենք ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին` հաշվի առնելով այն փաստը, որ այս ընտրությունների ժամանակ թեժ պայքար գնալու է հենց այս երկու կուսակցությունների միջև: Համեմատությունները կընթանան ըստ զբաղեցրած հորիզոնականի` սկսենք վերևից:
1. Ծառուկյան Գագիկ Կոլյայի   ԲՀԿ  -      Սարգսյան Սերժ Ազատի ՀՀԿ
Կարելի է շրջանցել առաջին հորիզոնականը, քանի որ բոլորս էլ գիտենք թե Գագիկ Ծառուկյանի կենսաագրությունն ու գործունեությունը, թե պարոն Սարգսյանի` որպես ՀՀ նախագահ ծավալած գործունությունը, մանավանդ վերջերս էլ մեր նախագահը հայտարարեց իր իշխանության օրոք եղած ձեռքբերումների մասին, բայց թե ինչու ոչ մեկ, բացի իրենից դրանք չի նկատում` այդ հարցն արդեն իրեն է պետք ուղղել:
2. Օսկանյան Վարդան Մինասի                 -      Աբրահամյան Հովիկ Արգամի
Այս պարագայում համեմատություն անգամ չի կարելի անել: Նույնիսկ մի տեսակ աննորմալ ու տարօրինակ է, երբ Վարդան Օսկանյանի անունը Հովիկ Աբրահամյանի անվան կողքին է դրվում: Վարդան Օսկանյանը  բավականին լուրջ, ծանրակշիռ, փորձառու, ինչ-որ չափով նաև անփոխարինելի քաղաքական գործիչ է, պարոն Աբրահամյանն էլ իր ոլորտում այդքան թերացումներ չունեցավ, բայց առանց վարանելու թողեց իր հիմնական պարտականությունները` աշխատանքն ԱԺ-ում և ձեռնամուխ եղավ ընտրությունների կազմակերպմանը: Այստեղ հարց է առաջանում` ինքնակամ թողեց, թե....  Հենց այս <թե>-ի պատասխանից էլ կախված է նրա քաղաքական կշիռն ու կայունությունը: 
3. Վարդանյան Վարդան Նահապետի   -    Սարգսյան Տիգրան Սուրենի
Այս հորիզոնականը կարելի է շրջանցել, մանավանդ, որ այնտեղ է հայտնվել մեր <տնտեսական գիտություններ>-ով զինված վարչապետը:
4. Արսենյան Գուրգեն Բաբկենի     -        Մարգարյան Տարոն Անդրանիկի
Այստեղ նորից ԲՀԿ-ում տեսնում ենք բավականին խելացի, հմուտ, փորձառու քաղաքական գործիչ և ուղղակի Տարոն Մարգարյան, ում անունն ասելիս ոմանք միայն <Ավանն> են պատկերացնում, վերջին շրջանում էլ սկսեցին կրպակներ պատկերացնել, իսկ Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած շրջանում էլ պարզվեց, որ պետք չէ իր հետ օրենքով խոսել:                
5. Բալասանյան Սամվել Միսակի               - Նիկոյան Սամվել Պարգևի

Այստեղ երկար-բարակ խոսելու կարիք չկա, միայն կարելի է ասել, որ Սամվել Նիկոյանի նման խելոք  <քաղաքական>  գործիչների կարիք ՀՀԿ-ն շատ ունի:
6. Զոհրաբյան Նաիրա Վահանի       -    Հակոբյան Հրանուշ Հակոբի

Ամեն դեպքում Նաիրա Զոհրաբյանն անձնական կարիքները բավարարելու համար նախարարություն բացելու կարիք չունեցավ: Այս կապակցությամբ կարելի է ասել, որ այդ նախարարությունը նպատակային աշխատելու դեպքում մեծ օգուտ կարող էր տալ Հայաստանին էլ, Սփյուռքին էլ, բայց դե մեր նախարարն ավելի հեռու գնացող ծրագրեր ունի, որոնք, ցավոք, կապված են միայն իր անձի հետ: 
7. Հովհաննիսյան Վահե Լավրենտի                 -          Սահակյան Գալուստ Գրիգորի
Այստեղ տեսնում ենք ՀՀԿ-ի  կարկառուն դեմքերից մեկին` Գալուստ Սահակյանին, ով ամեն անգամ փորձում է շտկել իրավիճակը, բայց ստացվում է` ինչպես միշտ: Պարոն Սահակյանի ուսերին բարդագույն պատասխանատվություն է դրված` շտկել ՀՀԿ անդամների <կիքսերը>, իրոք բարդ և էներգիատար աշխատանք է: Երբ կուսակցության ներսում են նկատելի  ու շարունակական խմորումներ լինում, դա շտկելն արդեն անհնար է, իսկ թե ինչպես է ՀՀԿ-ն այսպես թափթփված ու անկայուն վիճակում գնում ընրությունների անհասկանալի է: 
8. Քուշկյան Հարություն Մաքսիմի                    -     Զոհրաբյան Ռազմիկ Արտավազդի
Առանց մեկնաբանության:
9. Հովհաննիսյան Հմայակ Կոնստանտինի         -       Մինասյան Գագիկ Ենգիբարի
Այս հորիզոնականն էլ բավականին հանգիստ է, ուստի ավելի թեժերին անդրադարձ կատարենք:
10. Մելքումյան Միքայել Սերգեյի               -                Բեգլարյան Գագիկ Բեգլարի
Ում ենք տեսնում ՀՀԿ ցուցակում, այն էլ բավականին լավ տեղում: Փաստորեն քաղաքապետը չի կարող մարդ ծեծել, բայց ԱԺ պատգամավորը կարող է, գուցե պարգամավորական անձեռնմխելիության հետ է կապված: Հազիվ թե գտնվի մեկը, ով մոռացած լինի, թե ինչ խայտառակ կերպով Գագիկ Բեգլարյանին վտարեցին քաղաքապետարանից, պախարակեցին ու հանդիմանեցին, բայց դե ընտրություններ են, ձայներ են պետք կամ էլ ՀՀԿ-ն այս կերպ փորձում է քավել իր մեղքերը: 
Լավագույն տասնյակում հայտնված քաղաքական գործիչներին անդրադարձանք, հետևություններլ ա՜եք ինքներդ, բայց մի քանի անուն էլ  կա ՀՀԿ  համամասնական ցուցակում, որ ուղղակի աչք է ծակում`
16 Պետրոսյան Շուշան Սամվելի
Չանդրադառնանաք այն փաստին, որ Շուշանի ԱԺ պատգամավոր դառնալու  երևույթն աբսուրդային է, այս կապակցությամբ միայն կարելի է ասել, որ ՀՀԿ-ն ոչ միայն հայտնվեց ծիծաղելի վիճակում, այլ նաև բառիս բուն իմաստով <քցեց> իր վաղեմի կուսակցականներին: Այս անունը վիրավորեց ոչ միայն բազմաթիվ կին քաղաքական գործիչներին, ովքեր ունակ էին օրենսդիր գործունեությամբ զբաղվել, առաջարկել  ոչ միայն երգիչ-երգչուհիական շահերը պաշտպանող նախագծեր և օրենքներ, այլ ավելի լուրջ մշակութային խնդիրների կանդրադառնային, ինչպես նաև Շուշանի պատգամավոր դառնալու երազանքի իրական դառնալը խորապես նեղացրած ՀՀԿ-ի վաղեմի անդամներին, ում դավաճանեց  հենց հարազատ կուսակցությունը:
 17 Գեղամյան Արտաշես Մամիկոնի
ԴՀՈԼ.....
Այս կարճ վերլուծությունից հետո արվելիք հետևություններն արդեն Ձեզ ենք թողնում: Շատ կարևոր է , որ մենք բոլորս գիտակցենք, թե ում ենք ընտրում և ինչի համար ենք ընտրում: Կուսակցությանը ձայն տալով մենք վստահում ենք մեր երկիրը, մեր ներկան,  ապագան և  մեր երեխաների բարեկեցությունն այս  մարդկանց,  ուստի համամասնական և մեծամասնական ցուցակներին մենք նորից կանդրադառնանք, որպեսզի հնարավորինս շատ ճանաչենք ու բացահայտենք մեր թեկնածու կուսակցությունների ու անհատներին:
P.S
. Այս ամենից կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակը կազմել է ոչ թե ելնելով կուսակցական շահերից, այլ մրցութային կարգով է ձևավորել իր ցուցակը, իսկ թե մրցույթի հաղթողներին ինչ պայմաններ են առաջարկվել, դա արդեն ըստ երևույթին  ՀՀԿ-ի  ներքին գաղտնիքն է:

Tuesday, March 13, 2012

ՀՀԿ-ն փոխել է իր ուղղվածությունը...

Նախընտրական քարոզարշավին մնացել են հաշված օրեր, և ամենից շատ ոգևորված աշխատում է ՀՀԿ-ն:  Անհասկանալի է ՀՀԿ-ի կողմից իրականացվող  անձնագրային տվյալների հավաքը, որը բացեիբաց իրականացվում է գրեթե բոլոր դպրոցներում, ուժային կառույցներում և այլ պետական հաստատություններում:  ՀՀԿ-ն այդ տվյալները գուցե ուրիշ նպատաներով է հավաքագրում, ինչպես մեղադրենք մարդկանց ընտրակաշառք տալու կամ մարդկանց ստիպելու մեջ, եթե փաստեր չունենք: Չենք էլ կարող, իհարկե, մեզ կատարյալ ապուշի տեղ դնել և մտածել, թե ՀՀԿ-ի ղեկավարի նախասիրությունը  մարդկանց տվյալների <կոլելցիա> հավաքելն է: ՀՀԿ-ն այս ամենով չբարարվելով որոշել է նաև ապագա ԱԺ հրավիրել <բեմի մարդկանց>, ովքեր ոչ միայն պատրաստ են պարել իրենց ասած եղանակի տակ, այլ կերգեն էլ: Այս երգիչ-երգչուհի, հաղորդավար-հաղորդավարուհիներին ԱԺ բերելու փաստը ՀՀԿ-ն կփորձի հիմնավորել նրանով, որ իբր այդ մարդիկ էլ մշակույթին առնչվող օրենքներ կընդունեն, կբարալավեն մեր մշակութային դաշտը: Գովելի է, որ ՀՀԿ-ն մտածում է Հայաստանի մշակութային զարգացման մասին, բայց  մենք ունենք բազմաթիվ մշակութաբաններ, որոնք ի դեպ ունեն աշխատանքային փորձ պետական ոլորտում, տեղյակ են օրենսդիր գործունեությունից, երկար տարիներ գիտականորեն ուսումնասիրել են տարբեր երկրների մշակույթները, մշակույթ ասելով էլ միայն տեսահոլովակ նկարել, եթերում շատ երևալ ու համերգների ժամանակ երգել չեն հասկանում: Գուցե մենք սխալվում ենք, և ՀՀԿ-ն ոչ թե մշակութային կյանքն է փորձում բարելավել, այլ ենթարկվում է ԵՄ-ին, ուստի ստիպված է նաև կանանց ընդգրկել իր համամասնական ցուցակում, եթե այդպես է, շատ ավելի վատ: Փաստորեն ստացվում է, որ մեր ամբողջ երկրում միակ խելացի կանայք երգչուհիներն ու հաղորդավարուհի-դերասանուհիներն  են, և ՀՀԿ-ն առաջին հերթին իր այս որոշումով վիրավորում է այն բազմաթիվ կանանց, ովքեր իրենց կյանքի մի ստվար հատված նվիրել են ուսմանը, գիտական գործունեությանը, հասարակական ակտիվ աշխատանքներին, և երբ եկել է ժամանակը, որ Հայաստանում կարևոր են համարում կանանց ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացներին, պարզվում է` այդ կանայք սխալվել են` հույս ունենալով, որ իրենց խելքով, քաղաքականությամբ զբաղվելուն լրիվ հարմար մասնագիտությամբ ուզում են քաղաքական դաշտում ավելի կայուն դիրք զբաղեցնել , պիտի երգեին: ՀՀԿ-ն սկսել է չափից շատ կոպիտ սխալներ թույլ տալ, որոնք ի դեպ վիրավորում են նաև իր իսկ անդամներին, նույն ՀՀԿ կազմի մեջ մտնող կանայք կարծում եմ պիտի խորապես վիրավորվեն, երբ պարզվի, որ ՀՀԿ-ն ավելի հարմար գտավ երգչուհուն համամասնական ցուցակի մեջ ընդգրկել, որն ի դեպ դեռ նոր պետք է համալրի ՀՀԿ շարքերը, այլ ոչ թե իրենց, ովքեր լրիվ համապատասխանում են պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ չափանիշներին: Սահմանադրությամբ նախատեսված չափանիշներին շատերը կարող են համապատասխանել, բայց չէ որ այսօր մենք ուզում են զտել ԱԺ-ն այն <դեպքերից>, ովքեր այս տարիների ընթացքում հազիվ կոճակ սեղվել սովորեցին: Սամվել Ալեքսանյանն էլ է համապատասխանում Սահմանադրությամբ նախատեսված չափանիշներին հետո ինչ, ուստի ինչու չենք ուզում նրան նորից տեսնել ԱԺ-ում: Այս հռետորական հարցի պատասխանը մեկն է, որ Երևանը <պրոսպեկտի շուկան> էլ ընդգրկած EREVAN-City  չդառնա գիպերմարկետի տեսքով: Այսօր մենք ունենք հնարավորություն մաքրել ԱԺ-ն հազիվ տառաճանաչ պատգամավորներից, ուստի շատ կարևոր է, որ նրանց հեռացնելով նոր ձևավորվող ԱԺ-ն ավելի թուլակամ, կամակատար, երգող ու պարող պատգամավորներով չլցնենք, որոնց մեծ ջատագովն է ՀՀԿ-ն: Հասկանալի մոտեցում է, խելացի, քաղաքականությունից տեղյակ, համապատասխան գիտելիքներ ունեցող մարդուն կառավարելը և կամակատար դարձնելը բարդ է , իսկ երգող-պարող, դհոլ նվագող և <երիտհայ մենուաներ> կատեգորիային պատկանող մարդկանց պարագայում ոչ հասկացնել է պետք, ոչ համոզել, ոչ էլ բացատրել, ասում ես` անում են, փողը տալիս ես` երգում են, չմոռանանք նաև մեր առաջին տիկնոջ երաժշտական կրթության մասին, ուստի ՀՀԿ-ն իր ղեկավարի հետ միասին պատրաստվում է երգելով բավարարել ժողովրդի կարիքները ու պահանջները  ոչ միայն քարոզարշավի ընթացքում, այլ դրանից հետո էլ` ԱԺ-ում: Այս փաստերը հաշվի առնելով ամեն քաղաքացի ընտրության գնալիս պետք է ինքն իրեն հաշվետու լինի` ում է ընտրում, որ հետո չբողոքի երկրի վիճակից և իշխող <երգող կուսակցությունից> ՀՀԿ-ի տեսքով: Նման կուսակցություն պետք է ունենալ քաղաքական դաշտն ուրախ դարձնելու համար, բայց այդ տիպի կուսակցությունն արժանի է անլուրջ և թեթև վերաբերմունքի, <երգող-պարող կուսակցությունը> չի կարող իր առջև լուրջ նպատակներ դնել և հասնել դրանց, էլ չենք խոսում Հայաստանի առջև ծառացած բարդ խնդիրների լուծման մասին: Մենք ենք մեր ձայներով ձևավորելու ապագա ԱԺ-ն, ուստի եկեք այս հարցին լուրջ և պատասխանատվության զգացումով մոտենանք:

P.S. <Մշակույթի> գործիչներն էլ, եթե այդքան կարող ուժ են իրենց համարում, թող մեր <շուոբիզնեսը> և <մշակույթը>  փրկելու մասին մտածեն, այլ ոչ թե պատգամավորի մանդատի ու անձեռնմխելիության, առանց ԱԺ մտնելու էլ կարող են հայանպաստ գործունեություն իրականացնել: 
P.S.ՀՀԿ-ի վիճակն իրոք լուրջ է, վերջին շրջանում փրփուրներից այս կողմ չեն գալիս: 

Tuesday, February 28, 2012

Ազատ մամո՞ւլ... Ծիծաղելի է...

ԱԺ ընտրությունները մոտենում են, իսկ այս ընթացքում անխտիր բոլոր ԶԼՄ-ները վարկյան անգամ չեն կորցնում իրենց իբր թե չեզոքության մասին հայտատարելու համար: Ցանկալի կլիներ, եթե  իրականում մեր երկիրն այնքան ժողովրդավարական և քաղաքակիրթ լիներ, որ ազատ մամուլ ունենայինք, բայց այսօր մենք շատ հեռու ենք չկաշառված և ինչ-որ անձանց պատվերով չաշխատող մամուլից զերծ մնալուց: Պատվիրված հոդվածներ, հարցումներ, նույնիսկ լուրեր գրում են ոչ միայն հայտնի և գոնե մի փոքր ճանաչում ունեցող կայքերն ու ամսագրերը, այլ  այս տարբերակով են աշխատում նաև <Ճ կլասսի> իբր թե լրատվական կայքերը, որոնցից մեկին էլ անդրադառնալու ենք: Խոսքը http://www.iravunk.com/ կայքի մասին է, որը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները լրատվական կեղծիքների ոլորտում: Ձեզ եմ ներկայացնում այդ <գերազատ> կայքի հարցումներից մեկը: Ես պարբերաբար  հետևում է այս հարցմանը, և ելնելով իմ կասկածամիտ բնավորությունից նկարեցի այն: Պատկեր 1-ում ցուցադրվում է այն վիճակը, որը եղել է հարցման տեղադրման սկզբնական շրջանում: Ուշադրություն դարձրեք   5-րդ  տարբերակի ձայների քանակին:

                                                                           Պատկեր  1
Պատկեր 2-ում ներկայացված է հարցման արդյունքները սույն տարվա փետրվարի 3-ի դրությամբ: ՈՒշադրություն դարձնենք թվերին: 
1)   669    ձայն       4)   312    ձայն                      7) 37  ձայն
2)   33    ձայն         5)   2188  ձայն
3)   47    ձայն         6)   451    ձայն


Պատկեր 2
Կարծես թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել.  մարդիկ որոշել են քաղաքական թեմայով <անկեղծ ու արդար, ազատ խոսքի իրավունքը հաշվի առնելով> հարցում անցկացնել, բայց ահա այստեղ STOP... Մեր երկրում այսօր նույնիսկ այս <Ճ կլասս>-ի թերթն իր կայքի հետ միասին զբաղված է արդյունքների կեղծմամբ: Ազգովի արդար ընտրություններ ենք գոռում այն դեպքում, երբ նույնիսկ քչաքանակ մարդկանց հայտնի կայքում տեղադրված հարցման արդյունքներն են կեղծվում:  Տեսնենք, թե ինչ գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան այս հարցման արդյունքերում սույն թվ.-ի փետրվարի 28-ին:
Պատկեր    3                                         
1)   1300   ձայն         4)   821    ձայն                      7) 164  ձայն
2)   465     ձայն         5)  260    ձայն
3)   612     ձայն         6)  181    ձայն
 Անհասկանալի կերպով անհետացան ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի քվեարկած ձայները: Այս պարագայում այդքան էլ էական չէ ` ում օգտին կամ դեմ են քվեարկել, այլ մտահոգիչ է ակնհայտ կեղծիքն այն դեպքում, երբ իշխանությունը ջանք չի խնայում ապացուցելու համար, թե իբր մեր մամուլն անկախ է ու իշխանության պատվեր չի կատարում: Տարբերությունը միայն ճիշտ տեխնոլոգիաներ կիրառելու մեջ է, այս պարագայում մենք գործ ունենք շատ կոպիտ, անգրագետ և ծիծաղելի կեղծիքի հետ:  Պարզ մաթամատիկական հաշվարկի օգնությամբ տեսնենք, թե ինչպես են ձայները տեղաբաշխվել այն տարբերակներում որոնք ձեռնտու են հարցումն անցկացնող կայքին:
Փետրվար 3                                 Փետրվար 28
1)  669                                           1)   1300                 
2)  33                                             2)   465                  
3)  47                                             3)   612                    
4)  312                                           4)   821                        
5)  2188                                         5)   260                    
6)  451                                           6)   181                    
7)  37                                             7)   164                    

1300-669= 631                ավելացված ձայներ
465-33= 432                   ավելացված ձայներ
612-47= 565                  ավելացված ձայներ
821-312= 509                ավելացված ձայներ 
2188-260= 1928            հանված ձայներ
451-181=270                 հանված ձայներ
164-37=127                   ավելացված ձայներ

Այս ընթացքում քվեարկել է 66 հոգի, մաթեմաթիկայից շատ հեռու մարդն էլ կարող է հասկանալ, որ այստեղ շատ կոպիտ ձևով երկու տարբերակից ուղղակի գողացել են ձայները և ավելացրել իրենց ցանկալի տարբերակներին: Այսքանից հետո ազատ մամուլի մասին խոսելն անգամ իմաստ չունի: 
P.S. Վերջում էլ ավելացնեմ, որ մեր երկրում սակավաթիվ ԶԼՄ-ներ  կան, որոնք իրենք իրենց աճուրդի չեն հանել ու պատրաստ չեն խոնարհ  ծառայել նրան, ով շատ փող կտա: Իշխանության ներկայացուցիչներն էլ այս ամբողջ ընթացքում ջայլամի նման գլուխները հողի մեջ մտցրած արդար ընտրություններից ու ազատ մամուլից են խոսում...
                                                                                                            Ա. Հովհաննիսյան

Thursday, February 23, 2012

ՀՀԿ-ն դեպրեսսիայի մեջ է...

ՀՀԿ-ն վերջին շրջանում ևս մի անգամ ապացուցեց, որ կադրերի ընտրման հարցում  էլ է ձախողվում: Մի կողմից <երիտհայկական> շարժումը` եվրոպական խոպոպիկներով մենուաներ և վարչապետի երդվյալ վկաներ, մյուս կողմից էլ իբր թե լուրջ համբավ ունեցող քաղաքական դեմքեր` ի դեմս Տարոն Մարգարյանի, ով <ավտարիտետ>-ի կոչումով պետք է ԱԺ ընտրությունների ժամանակ հոծ ընտրազանգված ապահովեր ՀՀԿ-ի համար: ՀՀԿ-ի <երիտհայական> ներկայացուցիչների զենքը խոսքն է: Այս <երիտհայերը> ի տարբերություն այժմյան որոշ պատգամավորների կարողանում են հայերեն լեզվով  բարդ ստորադասական նախադասություններ կազմել: Մենուան նույնիսկ այնքան է վարպետացել խոսելու մեջ, որ իրեն իրավունք է վերապահում խոսել ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև ԲՀԿ-ի անունից, նույնիսկ մի պահ  Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակի դերում իրեն պատկերացնելով հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի չի վերադառնա: ՀՀԿ-ի շփոթմունքն արդեն այնքան է խորացել, որ իրենց անդամների միջոցով բարձրաձայնում են իրենց երազանքների մասին, հույս ունենալով, որ Քոչարյանը կգթա իրենց: Սա էլ այն դեպքում, երբ Քոչարյանը նույնիսկ  այդ ուղղությամբ  հայտարարություն էլ չի արել, կարելի է պատկերացնել, թե ինչ անելանելի վիճակում կհայտնվեն ՀՀԿ ներկայացուցիչները, եթե հանկարծ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հայտարարություն անի: ՀՀԿ-ի այս անորոշ վիճակին միայն Տարոն Մարգարյանի անկարողությունն էր պակասում, բայց դրա դրսևորումն  անխուսափելի էր: Մեր <բազմախոստում> քաղաքապետը մոռանալով քաղաքապետի հիմնական պարտականությունների և իրավունքների մասին ձեռնամուխ եղավ մի քանի անհատ գործարարների շահերի պաշտպանմանը: Մենք դեմ չենք, երբ մեր երկրում որևէ քաղաքացու շահ պաշտպանվում է, բայց եթե դա այլ մարդկանց շահերի ոտնահարման արդյունքում չի արվում: Քաղաքապետն իրեն լրիվ <օբյեկտի տիրոջ> պես պահեց, քաղաքացիներին էլ իր աշխատողների  տեղը դրեց, ովքեր պետք է լուռումունջ ենթարկվեն իրենց <շեֆի> հրամաններին: Տարոն Մարգարյանին երևի չեն բացատրել երբևէ, որ հենց քաղաքացիներն են իր գործատուն, ու նա պարտավոր է ծառայել Երևանին ու Երևանի բնակիչներին, այլ ոչ թե <բուտիկներ> շարել որտեղ կամենա: Քաղաքապետ նշանակելուց առաջ պետք է նաև բացատրեին, որ ձյուն մաքրող մեքենաներն օգտագործելու համար են, այլ ոչ թե ֆոտոսեսիայի: Սփյուռքի հայերին այդ նկարներով կարելի է ինչ-որ կերպ խաբել, բայց մենք ամեն օր շրջում ենք քաղաքի կենտրոնական փողոցներով, ոտք ու ձեռք ջարդում, մեքենա փչացնում, նույնիսկ զոհվում: Մեզ պատճառած այս բարոյական, ֆիզիկական ու ֆինանսական վնասների հատուցման մասին Տարոն Մարգարյանը հաստատ չի մտածում, կարևորն այս պահին ձայներն են: Հետաքրքիր է, ո՞ր քաղաքացին ձայն կտա Տարոն Մարգարյանին ու ՀՀԿ-ին այն դեպքում, երբ Տարոն Մ-ն չկարողացավ նույնիսկ <բուտիկների> հարց լուծել, իսկ իր առաջարկած լուծման տարբերակն էլ այնքան անհաջող ու Anti-Երևան էր, որ մի քանի օր տևող  ցույցերի պատճառ դարձավ: Պարոն Մարգարյանը նույնիսկ ցուցարարների հետ բանակցելու առաջարկը մերժեց:  Պարզվեց, որ մեր նորաթուխ քաղաքապետը ժամանակ չունի քաղաքացիների խնդիրները լուծելու համար, դե շուտով ԱԺ ընտրություններն են հասկանո՞ւմ եք: ՀՀԿ-ն վերջնականապես հասկացավ,  որ փուչիկները չեն կարող երկար ժամանակ  պահպանել իրենց իբր թե կայուն ու պինդ կեցվածքը, մի թեթև ասեղի ծակոց ու վերջ... ՀՀԿ-ի ազդեցիկ փուչիկները հերթով պայթում են, <երիտահայերն> էլ շատ վատ են խաղում իրենց հայրենասեր, մտահոգ ապագա պատգամավորի դերը, իսկ ընտրությունների օրն էլ նշանակված է.... 
                                                                                                             Ա. Հովհաննիսյան