Ղարաբաղյան պատերազմի տարիներին բազմաթիվ հայ երիտասարդներ զոհեցին իրենց կյանքը հանուն իրենց հայրենիքի ազատագրման` ապահովագրելով մեր այսօրվա կյանքը: Ուզում եմ նախ շեշտել, որ տվյալ անհատները, ում պետք է խորն հարգանքով և երախտագիտությամբ վերաբերվել, պատերազմի դաշտում մարտնչելիս չունեին անձնական նպատակներ և շահեր, այլ առաջնորդվում էին հայրենասիրական գաղափարներով: Մինչ Ղարաբաղյան պատերազմն էլ հայերը մշտապես պայքարել են արտաքին թշնամիների դեմ` զոհվելով հանուն իրենց հողի և ապագա սերունդների անվտանգության: Այսօր իրավիճակը փոխվել է, փոխվել են մարդիկ, փոխվել է արժեհամակարգը: Իհարկե, այսօր էլ հայերի հոծ բազմություն նորից ոտքի կկանգնի արտաքին վտանգի դեպքում և կպայքարի դրա չեզոքացման համար, բայց այդ բազմությունն իրեն անպայմանորեն հարց կտա` ինչի՞ համար: Այստեղ պետք է նախ նշել, որ վերջին շրջանում հասարակությունն այնքան է ենթարկվել մանիպուլյացիայի, որ գուցե և լուրջ չվերաբերվի իշխանությունների կողմից նշվող վտանգին, ժողովուդն այնքան է սնվել փտած գաղափարներով, որ գուցե հայրենասիրության քարոզն էլ դիտարկի որպես հերթական փտած սնունդ: Իրավիճակը նաև բարդացել է վերջին շրջանում ԶԼՄ-ների կողմից ակնհայտ դեգրադացիայի քարոզմամբ: Կուզենայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մեր հեռուստատեսությունների գերակշտող մասը զբաղված է գումար վաստակելով` մոռանալով, որ իրենց վաստակած գումարի դիմաց մի ամբողջ ազգ գուցե ապագայում թանկ վճարի, քանի որ ինչպես գիտենք հեռուստատեսությունը մեծ ազդեցություն ունի մարդու մտածելակերպի, կենսակերպի և արժեհամակարգի ձևավորման վրա: Մեր մտավորականները, որոնց արդեն կարելի է Կարմիր գրքում ներառել, զբաղված են տարաբնույթ պատվերների կատարմամբ` պետք է նախ բավարարել ստամոքսի պահանջները, հետո նոր հոգեկանին սնել, և սա նորմալ է, քանի որ մարդու օրգանիզմը չի կարող օդից վիտամիններ ստանալ: Մտավորականությունը բոլոր հասարակություններում մշտապես եղել է նոր գաղափարների կրող, նոր մոտեցումների առաջարկող և հասարակությանը կրթող ուժը, իսկ այդպիսիք եթե կան էլ մեր հասարակության մեջ, ապա կամ անձնական շահերին գերի են դարձել կամ էլ արդեն արտասահմանից են մեր ճահճացող երկրին հետևում: Իշխանական համակարգը, որին պետք է հետաքրքրեր իր ազգաբնակչության վիճակը` ինչպես սոցիալական, բարոյական, այնպես էլ հոգեկան և ինտելեկտուալ, զբաղված է իր ժողովրդի բառիս բուն իմաստով ուղեղի բռնաբարմամբ, քանզի աթոռային շահերը վեր է դասում ամեն ինչից: Յուրաքանչյուր իշխանություն էլ մտահոգված է իր վերարտադրությամբ, բայց նա մշակում և կիրառում է այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնց օգնությամբ ավելի ընդունելի է դառնում ընտրազանգվածի համար, այլ ոչ թե հակառակը: Այս ամենի ֆոնի վրա այդ նույն մարդիկ, ովքեր հայրենասիրության համար պատրաստ կլինեն կռվել, ինչպես նաև ես կուզենայի հարցնել` ո՞վ ենք մենք, ո՞վ եմ ես, ո՞վ է հայը: Ես կարծում եմ, որ հայը ուժեղ, վստահ, իր որոշումներում կայուն, խելացի, հեռատես և արժանապատվություն ունեցող անհատ է, այսօր ես տեսնում եմ, որ այդ կերպարի փոփոխման համար հնարավոր բոլոր միջոցները կիրառվում են` հային խամաճիկ, կատարող, վաճառվող, էժան գաղափարների կրող, փողի աստվածությունը ճանաչող և սեփական շահի համար ամեն քայլի գնացող ստրուկ դարձնելու համար: Հայի ինքնությունը վտանգվում է, և ցավալին այն է, որ դա պատահականորեն չի արվում, այլ նպատակային` և ոչ թե մեր, այլ X պետության շահերը բավարարելու համար: Ինչպես յուրաքանչյուր լուծում այս խնդիրն էլ լուծում ունի, ուղղակի պետք է վերջապես մեր մտածելակերպի մեջ որոշակի փոփոխություններ կատարենք, համբերել բառը փոխարինենք իրավունքների ճանաչմամբ, հանդուրժել բառը` այդ նույն իրավունքների պաշտպանությամբ և կատարել բառը` մեր իրավական կամքի և օրինական պահանջների առաջ քաշմամբ:
No comments:
Post a Comment