Նախընտրական քարոզարշավին մնացել են հաշված օրեր, և ամենից շատ ոգևորված աշխատում է ՀՀԿ-ն: Անհասկանալի է ՀՀԿ-ի կողմից իրականացվող անձնագրային տվյալների հավաքը, որը բացեիբաց իրականացվում է գրեթե բոլոր դպրոցներում, ուժային կառույցներում և այլ պետական հաստատություններում: ՀՀԿ-ն այդ տվյալները գուցե ուրիշ նպատաներով է հավաքագրում, ինչպես մեղադրենք մարդկանց ընտրակաշառք տալու կամ մարդկանց ստիպելու մեջ, եթե փաստեր չունենք: Չենք էլ կարող, իհարկե, մեզ կատարյալ ապուշի տեղ դնել և մտածել, թե ՀՀԿ-ի ղեկավարի նախասիրությունը մարդկանց տվյալների <կոլելցիա> հավաքելն է: ՀՀԿ-ն այս ամենով չբարարվելով որոշել է նաև ապագա ԱԺ հրավիրել <բեմի մարդկանց>, ովքեր ոչ միայն պատրաստ են պարել իրենց ասած եղանակի տակ, այլ կերգեն էլ: Այս երգիչ-երգչուհի, հաղորդավար-հաղորդավարուհիներին ԱԺ բերելու փաստը ՀՀԿ-ն կփորձի հիմնավորել նրանով, որ իբր այդ մարդիկ էլ մշակույթին առնչվող օրենքներ կընդունեն, կբարալավեն մեր մշակութային դաշտը: Գովելի է, որ ՀՀԿ-ն մտածում է Հայաստանի մշակութային զարգացման մասին, բայց մենք ունենք բազմաթիվ մշակութաբաններ, որոնք ի դեպ ունեն աշխատանքային փորձ պետական ոլորտում, տեղյակ են օրենսդիր գործունեությունից, երկար տարիներ գիտականորեն ուսումնասիրել են տարբեր երկրների մշակույթները, մշակույթ ասելով էլ միայն տեսահոլովակ նկարել, եթերում շատ երևալ ու համերգների ժամանակ երգել չեն հասկանում: Գուցե մենք սխալվում ենք, և ՀՀԿ-ն ոչ թե մշակութային կյանքն է փորձում բարելավել, այլ ենթարկվում է ԵՄ-ին, ուստի ստիպված է նաև կանանց ընդգրկել իր համամասնական ցուցակում, եթե այդպես է, շատ ավելի վատ: Փաստորեն ստացվում է, որ մեր ամբողջ երկրում միակ խելացի կանայք երգչուհիներն ու հաղորդավարուհի-դերասանուհիներն են, և ՀՀԿ-ն առաջին հերթին իր այս որոշումով վիրավորում է այն բազմաթիվ կանանց, ովքեր իրենց կյանքի մի ստվար հատված նվիրել են ուսմանը, գիտական գործունեությանը, հասարակական ակտիվ աշխատանքներին, և երբ եկել է ժամանակը, որ Հայաստանում կարևոր են համարում կանանց ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացներին, պարզվում է` այդ կանայք սխալվել են` հույս ունենալով, որ իրենց խելքով, քաղաքականությամբ զբաղվելուն լրիվ հարմար մասնագիտությամբ ուզում են քաղաքական դաշտում ավելի կայուն դիրք զբաղեցնել , պիտի երգեին: ՀՀԿ-ն սկսել է չափից շատ կոպիտ սխալներ թույլ տալ, որոնք ի դեպ վիրավորում են նաև իր իսկ անդամներին, նույն ՀՀԿ կազմի մեջ մտնող կանայք կարծում եմ պիտի խորապես վիրավորվեն, երբ պարզվի, որ ՀՀԿ-ն ավելի հարմար գտավ երգչուհուն համամասնական ցուցակի մեջ ընդգրկել, որն ի դեպ դեռ նոր պետք է համալրի ՀՀԿ շարքերը, այլ ոչ թե իրենց, ովքեր լրիվ համապատասխանում են պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ չափանիշներին: Սահմանադրությամբ նախատեսված չափանիշներին շատերը կարող են համապատասխանել, բայց չէ որ այսօր մենք ուզում են զտել ԱԺ-ն այն <դեպքերից>, ովքեր այս տարիների ընթացքում հազիվ կոճակ սեղվել սովորեցին: Սամվել Ալեքսանյանն էլ է համապատասխանում Սահմանադրությամբ նախատեսված չափանիշներին հետո ինչ, ուստի ինչու չենք ուզում նրան նորից տեսնել ԱԺ-ում: Այս հռետորական հարցի պատասխանը մեկն է, որ Երևանը <պրոսպեկտի շուկան> էլ ընդգրկած EREVAN-City չդառնա գիպերմարկետի տեսքով: Այսօր մենք ունենք հնարավորություն մաքրել ԱԺ-ն հազիվ տառաճանաչ պատգամավորներից, ուստի շատ կարևոր է, որ նրանց հեռացնելով նոր ձևավորվող ԱԺ-ն ավելի թուլակամ, կամակատար, երգող ու պարող պատգամավորներով չլցնենք, որոնց մեծ ջատագովն է ՀՀԿ-ն: Հասկանալի մոտեցում է, խելացի, քաղաքականությունից տեղյակ, համապատասխան գիտելիքներ ունեցող մարդուն կառավարելը և կամակատար դարձնելը բարդ է , իսկ երգող-պարող, դհոլ նվագող և <երիտհայ մենուաներ> կատեգորիային պատկանող մարդկանց պարագայում ոչ հասկացնել է պետք, ոչ համոզել, ոչ էլ բացատրել, ասում ես` անում են, փողը տալիս ես` երգում են, չմոռանանք նաև մեր առաջին տիկնոջ երաժշտական կրթության մասին, ուստի ՀՀԿ-ն իր ղեկավարի հետ միասին պատրաստվում է երգելով բավարարել ժողովրդի կարիքները ու պահանջները ոչ միայն քարոզարշավի ընթացքում, այլ դրանից հետո էլ` ԱԺ-ում: Այս փաստերը հաշվի առնելով ամեն քաղաքացի ընտրության գնալիս պետք է ինքն իրեն հաշվետու լինի` ում է ընտրում, որ հետո չբողոքի երկրի վիճակից և իշխող <երգող կուսակցությունից> ՀՀԿ-ի տեսքով: Նման կուսակցություն պետք է ունենալ քաղաքական դաշտն ուրախ դարձնելու համար, բայց այդ տիպի կուսակցությունն արժանի է անլուրջ և թեթև վերաբերմունքի, <երգող-պարող կուսակցությունը> չի կարող իր առջև լուրջ նպատակներ դնել և հասնել դրանց, էլ չենք խոսում Հայաստանի առջև ծառացած բարդ խնդիրների լուծման մասին: Մենք ենք մեր ձայներով ձևավորելու ապագա ԱԺ-ն, ուստի եկեք այս հարցին լուրջ և պատասխանատվության զգացումով մոտենանք:
P.S. <Մշակույթի> գործիչներն էլ, եթե այդքան կարող ուժ են իրենց համարում, թող մեր <շուոբիզնեսը> և <մշակույթը> փրկելու մասին մտածեն, այլ ոչ թե պատգամավորի մանդատի ու անձեռնմխելիության, առանց ԱԺ մտնելու էլ կարող են հայանպաստ գործունեություն իրականացնել:
P.S.ՀՀԿ-ի վիճակն իրոք լուրջ է, վերջին շրջանում փրփուրներից այս կողմ չեն գալիս:
No comments:
Post a Comment