Friday, October 28, 2011

Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց....

 Ամեն իշխանություն էլ ունենում է թերություններ, որոնք կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով, բայց պատահում է նաև, որ իշխանությունն ուղղակի չի կայանում: Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին, ուղղակի կայացած իշխանության դեպքում բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնում են աշխատանքից վատ ծառայության համար, իսկ երբ պաշտոնյաներն են հրաժարական տալիս, դա արդեն մտածելու տեղիք է տալիս: Նախ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը, հիմա էլ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով այս երեք տարվա մեջ ամենահաջողված կադրային ընտրությունն էր: Քաղաքապետը մեկնաբանեց իր հրաժարականն այսպես.
<Ես պատրաստվում եմ տալ հրաժարական, որը պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխման դրդապատճառներով, նաեւ որոշակի անձնական բնույթի պատճառներ կան, որոնցով, կարծում եմ, հանրությանը ծանրաբեռնել ճիշտ չէ>:
 Կարեն Կարապետյանին դեռ վաղուց էին առաջարկում այլ աշխատանք, և դրա մասին գիտեն բոլորը, սակայն, նա հրաժարվում էր այն ժամանակ, երբ դեռ Հայ-ռուս Գազարտի գլխավոր տնօրենն էր, իսկ դառնալով քաղաքապետ` ընդունեց: Հարց է առաջանում ` ինչի՞: Իրադարձությունների այսպիսի դասավորության պարագայում, եթե տվյալ անձնավորությունը լինել ոչ գործունյա, անկարող իրականացնել իր վրա դրված պարտավորությունները, դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց Կարեն Կարապետյանի պարագայում, ով այս ընթացքում ցույց տվեց ազնվություն, քաղաքական գործչին վայել բարձր որակ, կառավարման ճիշտ տեխնիկա և ժողովրդանպաստ գործունեություն, մի փոքր անհասկանալի է դառնում, նույնիսկ իր տված հարցազրույցից հետո: Ուղղակի կան բաներ, որոնց մասին պետք է լռել, գուցե սա հենց այդ դեպքն է, ինչևիցե պատասխանը թողնում ենք ձեզ և հաջորդ քաղաքապետին, ով զբաղեցնելով պր.Կարապետյանի պաշտոնը ենթադրելի է, որ կառնչվի այն խնդիրների հետ, որոնց պատճառով գուցե քաղաքապետը հրաժարական տվեց: Քաղաքապետի հրաժարականը բացասական անդրադարձավ Երևան քաղաքի բնականոն ռիթմի վրա, քանզի  Երևանն իր գլխավորությամբ նոր-նոր սկսել էր ծաղկել,  շենանալ և քաղաքը դրական դեմք էր ստանում: Վերջում էլ ավելացնենք, որ քաղաքապետի հրաժարականի իրական պատճառն այդպես էլ չբացահայտվեց, ինչն ավելի վատ է ժողովրդավարական երկրի համար, և մեզանից ամեն մեկը թող իրեն մի պահ պատկերացնի Կարեն Կարապետյանի տեղում, հաշվի առնի այն ամենը, ինչի մասին խոսվեց ու վերջում ինքն իրեն հարց տա` ինչո՞ւ եմ հրաժարական տալիս:
                                                                                              Ա.Հովհաննիսյան

Friday, October 21, 2011

Քոչարյանին սպասում են.....

<Գործունյա մարդու համար խոսքերն ավելորդ են>,- այս բառերը կարող են ճշմարտացի լինել առանձին անհատների համար, բայց առանձնահատուկ կարևոր են քաղաքական գործիչների պարագայում: Քաղաքականության մեջ առհասարակ մեծ դեր ունի, թե անձն ինչ է ասում, և արդյոք անում է այն, ինչ ոչ թե ասել էր, այլ  խոստացել: Մենք փորձեցինք այս կտրվածքով ուսումնասիրել Հայաստանի երեք նախագահների գործունեությունը, և արդյունքում ստացվեց, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է, ով մինչ այսօր երբևէ չի ասել մի բան, բայց արել այլ բան: Սա շատ կարևոր հատկանիշ է նախագահի համար, քանի որ հասարակությունը պետք է հավատա և վստահի իր ղեկավարին, որպեսզի կարողանա տվյալ երկրում ապագա տեսնել և ցանկանա բարգավաճել իր իսկ երկրում, այլ ոչ թե վաղվա օրվա նկատմամբ հավատը կորցրած հեռանա: Քոչարյանի կառավարման տաս տարիների ընթացքում մենք ականատես եղանք տնտեսական հզոր առաջընթացի, (մանրամասն կարդալու համար հետևիր այս-http://www.2rd.am/  հղումին), դատական և օրենսդրական ոլորտում կատարվեց գլոբալ փոփոխություն, ինչը համապատասխանեցված էր ոչ միայն Հայաստանի հասարակության պահանջներին, այլ նաև միջազգային չափանիշներին, կատարվեցին հսկայածավալ ներդրումներ, Հայաստանին որպես պետություն ճանաչեցին ամբողջ աշխարհում, մի խոսքով ավերակների վրա երկիր կառուցվեց, որն արդեն կարող էր իր առջև Եվրոպայի հետ ոտք մեկնելու  նպատակ դնել: Մարդիկ, ովքեր Լևոնի կառավարման տարիներին ուղղակի փախել էին Հայաստանից, վերադառնալով չէին ճանաչում երբեմնի խայտառակ, հակամարդկային օրենքներով լեցուն և ստրկատիրական ռեժիմ որդեգրած Հայաստանը: Քոչարյանին մի անգամ հաջողվեց դուրս բերել Հայաստանն այդ գերկրիզիսային վիճակից, դեմք ունեցող պետություն դարձնել այն առանց ժողովրդին խաբելու և ոսկե սարեր խոստանալու: Յուրաքանչյուր սկսված նախագիծ իր ավարտին էր հասցվում, ամեն ասված բառ հիմնավորում և իմաստ էր ունենում: Թերություններ էլ, իհարկե, կային, բայց այստեղ էլ չկար խաբեություն, առկա խնդիրները չէին ծածկվում մեղրի բարակ շերտով և քողարկվում: Այս պարագայում յուրաքանչյուր խելացի մարդ կարող էր կանխատեսումներ անել և գծել իր հետագա կյանքը Հայաստանում` հաշվի առնելով նորանոր զարգացումները և առկա թերությունները: Այսօր արդեն փաստ է, որ ելնելով համաշխարհային ծանրագույն վիճակից պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել, այնպիսի լուծումներ տալ տարաբնույթ իրավիճակներին, որոնք աշխարհում կատարվող իրադարձությունների ազդեցություններից ապահովագրված կլինեն, քանի որ Հայաստանն ի վիճակի չէ դիմանալ նույնիսկ փոքր ցնցման: Հայ հասարակությունը քաջ գիտակցում է այդ փաստը, ուստի անկախ այն հանգամանքից, որ Քոչարյանն այսօր գտնվում է այսպես ասած հանգստի ռեժիմի մեջ, միևնույն է պահանջարկ է ձևավորվում, մարդիկ ուզում են տեսնել Հայաստանի երկրորդ նախագահին մեծ քաղաքականության մեջ: Մենք արդեն մի քանի ամիս է հետևում ենք սոցիալական ցանցերում քաղաքականության վերաբերյալ քննարկումներին, նոր ձևավորվող քաղաքական խմբերին ու էջերին, և հաճելի է հետևել հայ հասարակության խելամիտ շերտի օրեցօր ավելացմանը: Շատ կարճ ժամանակահատվածում Քոչարյանին սատարող մեծ բանակ է ձևավորվել տարբեր սոցիալական ցանցերում, ինչը կանխատեսելի էր: Հասարակությունն ինչքան էլ քննադատելուն ավելի հակված լինի, ամեն դեպքում վերլուծելու և տրամաբանելու կարողությամբ օժտված էակը չի կարող չնկատել փաստերը, որոնք օգուտ են տվել ոչ միայն իր հայրենիքին, այլ նաև նպաստել են իր և իր ընտանիքի բարեկեցության բարձրացմանը: Այսքանից հետո մեզ մնում է ավելացնել, որ հասարակությունն, իհարկե, ըմբռնումով է մոտենում  Ռոբերտ Քոչարյանի հանգիստ կյանք վարելու ցանկությանը, բայց Քոչարյանի  վերադարձն  ավելի  բուռն կերպով կխրախուսի և խորին երախտագիտություն կհայտնի, քանզի Հայաստանին այսօր գործունյա, նպատակային քաղաքականություն վարող և կայուն ղեկավար է պետք:
                                                                                                                    Ա.Հովհաննիսյան

Wednesday, October 12, 2011

Լևոնը մեռավ....

<Իմ իրավունքը դադարում է այնտեղ, որտեղ սկսվում է քո իրավունքը>, եթե այս ոսկե կանոնը հայտնի լիներ ՀԱԿ-ի առաջնորդ ԼՏՊ-ին, ապա նա այսօր չէր հայտնվի մեռյալների ցուցակում: Երեք տարի շարունակ նա ոտնահարեց հայ հասարակության որոշ խմբի բնական և սահմադրական իրավունքները` օգատագործելով հոգեբանական տարբեր հնարքներ, ազդեցության գրեթե բոլոր հնարավոր միջոցները, ինչը   մարդկանց խաբելու  և իր անձնական շահերին ծառայեցնելու նպատակ էր հետապնդում: Մենք արդեն երկար ժամանակ է ականատեսն ենք նրա բեմականացումների, որոշ մարդիկ իրենց տները թողած հույսով լի աչքերով գալիս էին հերթական թատրոնին` հավատալով, որ ահա այսօր է, հիմա է, արդեն, սկսել է ....: Իմաստ էլ չունի ասել, որ այդ պահն այդպես էլ չեկավ, և յուրաքանչյուր հայի համար էլ ցավալի է, երբ տեսնում է` ինչպես են խաբում իր ազգին ու հակաազգային ու հակամարդկային քայլեր անում: Լևոնն արդեն սպառեց իրեն, և դա փաստ է, քանզի իր վերջին շուրջօրյա ապարդյուն ցույցերից հետո պարզ դարձավ, որ այս մարդն ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում, չկա ոչ նախնական, ոչ էլ առավել ևս վերջնական նպատակ, միայն քարոզների շարան է, բայց այնտեղ հավաքված մարդկանց դժվար թե հետաքրքիր լինի Լևոնի լեզվական հմտությունները, բառապաշարն ու գիտական նվաճումները: Այս ամենին գումարում ենք այս երեք տարվա ընթացքում ԼՏՊ-ի թույլ տված բազմաթիվ հակասությունները, որոնք կարող եք հանգիստ տեսնել, եթե ժամանակ տրամադրեք ու ընթերցեք նրա այս երեք տարում բարբաջած ելույթները: Մենք, լինելով տրամաբանական անձինք, Լևոնին ու ՀԱԿ-ին որպես քաղաքական ուժ համարվում ենք սպառված` մեռյալ գոտի, որն այսօր ամեն ինչ անում է գոնե մի փոքր պատառ փախցնելու համար: Առաջիկայում ԱԺ ընտրություններն են, ինչը ՀԱԿ-ի վերջին հույսն է ինչ-որ կերպ կառավարման համակարգ մտնելու համար, Լևոնն իր մերձավորեների հետ միասին պատրաստ էր ամեն ինչ տալ հանուն իշխանության, ինչի համար էլ գնաց երկխոսության, սակայն, երևի թե չափից շատ պահանջներ էին ներկայացվել իշխանությանը, թե ինչքանով են այժմ համագործակցում իշխանությունն ու ընդդիմություն կոչեցյալը, դա էլ է հարց, բայց այն, որ ՀԱԿ-ը ոչ մի կետով չի համապատասխանում ընդդիմություն կոչվելու չափանիշներին, դա փաստ է: Երեք տարի բարբաջանք, ուղեղալվացման բուռն գործընթաց և շահադիտական բեմականացում, հիմա արդեն կարելի է հանգիստ շունչ քաշել և Լևոնին հրաժեշտ տալու արարողությունն իրականացնել:< Լևոնը մեռավ>,- ահա այսպես էլ կանվանենք այդ արարողակարգը, և կանդրադառնանք այս սպառված ռեժիմին իր վկաների հետ միասին միայն այն դեպքում, երբ նրանք ինչ-որ աբստրակտ գործողություն անեն, մինչ այդ այդպիսի քաղաքական ուժի գոյությունը կարելի է բացառել:
P.S.Ավելի լավ էր ԼՏՊ-ն մնար հայ ժողովրդի հիշողության մեջ որպես Հայաստանի ամենավատ նախագահ, բայց գոնե այդ տարիների համար արդարացում էր գտել իր համար, իսկ այս երեք տարի տևող հակաազգային գործունեության համար արդարացում չկա: Վերջում էլ խորհուրդ կտանք Լևոնին չհուսահատվել, քաղաքականությունն ու շոու բիզնեսն այդքան էլ միմյանցից հեռու չեն, կարող է իրեն այդ ոլորտում էլ փորձել` որպես DJ, համոզված ենք դա նրա մոտ հաստատ ավելի լավ կստացվի, համենայն դեպս ՀԱԿ-ի միջոցառումների ժամանակ լավ էլ ժամանակակից Remix-ներ են անում, երեկոյան էլ աշխույժ Party-ներ անցկացնում....:))

Saturday, October 8, 2011

Իշխանության սխալ որոշումը...


Առհասարակ հասարակությունը միշտ չէ, որ կարողանում է հասկանալ` ինչն է անհրաժեշտ պետությանը , ինչ չէ. սա էլ իր հերթին կարող է հանգեցնել բազմաթիվ անհիմն դժգոհությունների: Այս ամենին մեկ այլ տեսանկյունից նայելիս լրիվ նորմալ է, որ ամեն մարդ առաջին հերթին մտահոգված է իր և իր ընտանիքի բարեկեցությամբ, սակայն, պետք է հաշվի առնենք, որ այդ նույն բարեկեցությունն էլ կախված է պետության վիճակից: Առհասարակ ամեն ինչ կարելի է մեկնաբանել ցանկացած տեսանկյունից, բայց փաստացի հիմնավորումը միայն մեկն է: Այս տեսանկյունից նայելիս հասկանում ենք, որ հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք արվել են քայլեր, որոնք ոչ մի օգուտ չեն տվել մարդկանց:  Այսօր կքննարկենք Ծաղկաձորի որպես հանգստյան գոտի անհրաժեշտությունը և ինչ չափով այն օգուտ տվեց կամ վնասեց մեր պետությանը: Սկսենք նրանից, որ ամեն երկիր պետք է ունենա հանգստյան գոտի, ինչը միանշանակ խթանում է զբոսաշրջիկների հոսքը տվյալ տարածք: Ժամանակակից պայմաններում հանգստյան գոտին պետք է լինի ոչ միայն հարմարավետ, այլ նաև հագեցած գերժամանակակից բոլոր սարքավորումներով, դրա հետ միասին ունենա այնպիսի առաջարկ, որը մեկ այլ պետություն չի կարող անել: Աշխարհագրական պայմաններից ելնելով մենք չենք կարող առաջարկել ծով, էկզոտիկ անտառներ, չնաշխարհիկ բնություն, ուստի մենք մեր ունեցածը գոնե պետք է կարողանանք մատուցել հնարավորինս լավ: Արդեն հասկանալի դարձավ, որ հանգստյան գոտին անհրաժեշտ է տուրիզմը խթանելու համար: Հիմա դիտարկենք, թե տուրիզմի կենտրոնի հավակնող տարածքի  բնակչության համար ինչքանով կարող է նպաստավոր լինել հանգստյան որևէ վայրի կառուցումը` առաջին ու հիմնական պատճառն, իհարկե, նոր աշխատատեղերի ի հայտ գալն է: Օրինակ վերցնելով նույն Ծաղկաձորը, հասկանում ենք, որ այնտեղ հանգստյան վայրեր կառուցելուց հետո այդ քաղաքը շունչ ստացավ, մարդիկ աշխատանք ունեցան և <արտագաղթը> զգալիորեն նվազեց: Բացասական կողմ կարող է լինել այն, որ գներն են թանկ միջին աշխատավարձ ունեցող հայերի համար, բայց չպետք է մոռանանք ներդրումների մասին, քանզի ամեն մեկս էլ ինչ-որ գործունեություն ծավալելիս մտածում ենք այնպես անել, որ սնանկության առջև չկանգնենք: Ծաղկաձորի դեպքում էլ իրականացվել է մեծածավալ աշխատանք, դրվել են  հսկայական գումարներ, որոնք պետք է բառացի ասած հետ բերել գոնե, օգուտի մասին  շուտ է խոսել: Այս ամենը հաշվի առնելով պետք չէ ամեն ինչին մակերեսորոն նայել և միայն մեզ համար նպաստավոր տեսանկյունից: Այսօր եթե շարունակվեր Ծաղկաձորի որպես հանգստյան գոտու շինարարությունը, ապա մենք արդեն ունակ կլինեինք աշխարհին ներկայացնել ժամանակակից  ու պահանջված հանգստյան գոտի, ինչը հաստատ չէր վնասի Հայաստանին: Այսօր իշխանությունների սխալն այդ հարցում այն էր , որ նրանք մի վայրը վերջացնելու փոխարեն մի քանի վայրերում կենտրոնացրեցին  իրենց  ներուժը, ինչի արդյունքում Ծաղկաձորը մնաց այն կետի վրա, որում Քոչարյանի ժամանակ էր թողնվել: Դիլիջանում, Ջերմուկում, Տաթևում կցկտուր շինարարություններ իրականացվեցին և վերջ: Արդյունքում  վնասեցին թե Ծաղկաձորը, որն արդեն որպես հանգստյան գոտի կայացմանն էր հասել, գումարներ ներդրեցին, որոնք ուղղակի սառեցված վիճակում են հայտնվել, և հարց է , թե ինչքան ժամանակով:
Վերջում էլ կարելի է ուղղակի ավելացնել, որ ղեկավարի ընդունած որոշումներից է կախված ազգի առաջընթացը, ուստի ամեն ինչին պետք է նայել  ավելի լայն տեսանկյունից , այլ ոչ թե միանգամից քննադատական դեմքով ամեն արարք մեկնաբանել մեզ հաճելի տեսանկյունից:

Friday, October 7, 2011

Հարգենք ինքներս մեզ....

Այս օրերի ընթացքում Երևանում ակտիվություն էր.  քաղաքական մթնոլորտում էր մշտականից մի փոքր ավելի անտրամաբանական վիճակ: ՀԱԿ-ին հատուկ հնարավորություն ընձեռնվեց Ֆրանսիայի նախագահի առջև էլ իր անտրամաբանական միտինգները շարունակելը: ՀԱԿ-ն արդեն այնքան է կենտրոնացել միայն ինքն իր նպատակների և շահերի վրա, որ  ոչ միայն հաշվի չի առնում, թե  Հայաստանն ինչ դեմքով հանդես կգա արտաքին աշխարհի առջև, այլ նաև բառիս բուն իմաստով թքած ունի ժողովրդի և հայության  համար ազգանվեր գործունեություն ծավալած գործիչների վրա: Նախ, ցանկանում ենք ցավակցել հայ ազգին, ինչպես նաև Վանուշ Խանամիրյանի ընտանիքին, չնայած, որ Վանուշ Խանամիրյանին կարելի է անմահների շարքին դասել, քանզի նա միշտ կմնա հայ ազգի հիշողության մեջ` որպես հայկական պարարվեստի կարկառուն ներկայացուցիչ և մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն: Այս ամենը հաշվի առնելով, ՀԱԿ-ը գոնե մարդկային հատկանիշներից ելնելով պարտավոր էր մի օրով դադարեցնել իր միտինգ կոչվող բեմականացումը: Այնպես ստացվեց, որ իշխանությունն էլ իր հերթին այնքան կարողություն չունեցավ մշակույթի գործչին ըստ արժանվույն հրաժեշտ տալու համար ամեն ինչ ձեռնարկել և իրականացնել: Լինելով հայ` մենք հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար իրոք ցավալի է, երբ արդեն որևէ կուսակցություն կորցնում է իր հարգանքը ազգի մեծերի հանդեպ, իշխանությունն էլ իր հերթին չի կարողանում իր ազգի վաստակավոր զավակի հրաժեշտի արարողության կազմակերպման համար բանակցություններում հաղթող դառնալ, դա արդեն խոսում է ընդդիմության ազգնուրացության և իշխանության թուլության մասին: Վերջում էլ ավելացնենք, որ նույնիսկ ամենասարսափելի պատերազմների ժամանակ, երբ անհրաժեշտություն էր լինում, պատերազմը դադարեցվում էր որոշ ժամանակով, փաստորեն ստացվում է, որ ՀԱԿ-ի միտինգը պատերազմից էլ սուրբ բան է դարձել Լևոնի և իր մտերիմների համար, և եթե մի օր Լևոնականները  չլսեն, թե ինչքան է փոշմանել Լևոն պապին քաղաքականություն մտնելու համար, երևի հոգեբանական անբավարարվածություն կառաջանա նրանց մոտ:
P.S.Անկախ քաղաքկան կողմնորոշումից եկեք չմոռանանք, որ հայ ենք և հարգենք ինքներս մեզ ու մեր մեծերին....

Monday, October 3, 2011

Ովքե՞ր են ցույցերի մասնակիցները....

Մենք փորձեցինք մեր տրամաբանությունը լարել և հասկանալ, թե ովքեր են մեր արդեն խրոնիկական դարձած ցույցերի մասնակիցները:  Հետևելով մինչ այսօր եղած ցույցերին, մենք մի բան հաստատ պարզեցինք, որ եկողները հիմնականում նույն մարդիկ են, մնում էր  պարզել` ինչն է այդ մարդկանց այնտեղ հայտնվելու նպատակը: Այստեղ պետք է միացնել զուտ հաշվարկը, մի կողմ ենք դնում բոլոր քաղաքական կողմնորոշումները, էմոցիաներն ու անտիպատիաները, զուտ  տրամաբանական վերլուծություն: Այսպիսով` այնտեղ հավաքվում է  ուռճացրած թվով մոտավորապես 900-1000  մարդ, որոնց մեջ կան մարդիկ ուղարկված տարբեր պետական հիմնարկությունների կողմից, քանի որ առհասարակ ցույցերի, միտինգների, հավաքների ժամանակ պետական որոշ մարմիններ պարտավոր են մարդկանց ուղարկել ելնելով բազում պատճառներից, մենք խոսում ենք քաղաքացիական հագուստով Անվտանգության ծառայողների, զինծառայողների և այլ պետական մարմինների աշխատողների մասին, որոնց ծառայողական հագուստով էլ ենք տեսել: Նրանց ենք գումարում օտարերկրյա պետությունների կողմից ուղարկված մարդկանց և մեր նախնական թվից հանգիստ խղճով կարող ենք հանել 300 հոգու: Նախնական թվից հանում ենք նաև անցուդարձ անող մարդկանց, ովքեր զուտ հետաքրքրության համար հետևում են ցույցերին, այս այսպես կոչեցյալ պասիվ ցուցարարներն էլ կազմում են 200 հոգի: Մնացին 500 հոգի, որոնքցից էլ պետք է մի կողմ դնել այն մարդկանց, ովքեր պարտավոր են լինել ցույցերին` Նիկոլի, Լևոնի մտերիմները, ՀԱԿ-ի ղեկավարների շատ մոտ մարդիկ, որոնք ուղղակի չեն կարող չգալ, այս մարդիկ էլ կազմում են մոտ  200 հոգի: Պետք է հանել նաև այն մարդկանց, ում համար ցույցերին մասնակցելն ուղղակի աշխատանք է, այսօրվա դժվար պայմաններում հաստատ կողքից եկամուտները չեն խանգարի, ուստի նրանցից ոչինչ չի գնում մի քանի ժամ անցկացնել Ազատության հրապարակում ` համ փող կաշխատեն, համ էլ իրենց հերոսներ կզգան: Մարդու հոգեբանական վիճակ է, երբ մարդ պարապ է լինում իր արած յուրաքանչյուր գործողություն կարող է հերոսություն համարել և իր պարապ կյանքը փոխելու հույս:  Այս մարդիկ էլ հիմնականում տարեցներն են կամ էլ պարապ երիտասարդները, որոնք ոչ ուսում ունեն, ոչ էլ աշխատանք, անկեղծ ասած ցանկություն էլ չունեն, որովհետև նրանք հասարակության պոտենցիալ բողոքականներն են, որոնք բավարարում են իրենց բողոքելու պահանջը և որոշակի գումար  ստանում: Այս մարդիկ էլ կազմում են մոտ 300 հոգի: Այսպիսով, Ազատության հրապարակում հավաքված մարդկանց նպատակը տրամաբանական դարձավ, ուղղակի ամեն մեկն իր անձնական նպատակը, շահն ու դրդապատճառն  ունի, ինչի համար էլ չի խնայում իր թանկարժեք ժամանակը ու քաջ գիտակցելով, որ եթե չորս տարում ԼՏՊ-ն ոչինչ չարեց Հայաստանի, հայ ազգի, լավ գոնե իր համար, ապա նրա ընդդիմություն ձևանալու պատճառները բոլորովին այլ են:  Վերջում էլ ավելացնենք, որ Լևոնականներն իհարկե ժխտելու են այս ամենը, բայց փաստերն անտեսել անհնար է...