Thursday, June 23, 2011

Պաշտպանենք մեր շահերը!!!




Մինչ մեր հարգարժան նախագահը մտածում է, թե ինչպես է ընթանալու իր երկար սպասված Կազանում կայանալիք հանդիպումը, արտգործնախարարն էլ բերանը ջուր առած ինչպես միշտ ոչինչ չասող դեմքով հերթական <No comment>-ն  է հասարակությանն ի պատասխան տալիս, մարդկանց մեկ այլ բան է մտահոգում:  Դե պետք էր հանրությանը որոշ հարցերից շեղելու համար մի բան մտածել` <թանկացնենք Մետրոյի տոմսի գինը, մարդիկ կվրդովվեն, կշեղվեն, մի քանի օր գոնե ժամանակ կշահենք, մինչև տեսնենք ոնց ենք մարսելու էս շիլափլավը>:  Այս ամենի մեջ հետաքրքրականը նաև այն է, որ ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներին բացառձակապես չեն հետաքրքրում ժողովրդի հետ կապված հարցերը, մինչդեռ ընդդիմության բուն նպատակը ժողովրդի շահերը պաշտպանելն է, իսկ Մետրոն Երևանում հազարավոր մարդկանց համար  հանդիսանում է տրանսպորտային կարևորագույն միջոց: Շատերն այսօր ուղղակի հնարավորություն չունեն հիսուն դրամ ավել վճարել նույնիսկ հացի դիմաց, բայց դե մեր <պրոգրեսիվ>  հանրապետության մեջ ամեն ինչ պետք է համապատասխանի <Էլիտարության> կանոններին, բյուջեն էլ լցնել է պետք:  Ինչ սարսափելի վիճակում ենք գտնվում, որ բյուջեն արդեն Մետրոյից եկած գումարներով են պատրաստվում լցնել: Իհարկե, իրականում թանկացումների մեջ որևէ բացասական բան չէր լինի, եթե թանկացումների հետ միասին բարձրանային նաև աշխատավարձների, թոշակների չափը և վերջիվերջո ժողովրդի ֆինանսական վիճակն ու կենսական մակարդակը: Այս պարագայում  թանկացումներն արդարացված կլինեին, քանի որ երբ բարձրանում են ժողովրդի հնարավորության սահմանները, թանկացումների շնորհիվ կարելի է բյուջե լցնել, բայց սա այդ դեպքը չէ: Սա ավելի շատ կարելի է համեմատել մի ուրիշ երևույթի հետ` ես վաճաոում եմ մեքենա, որի արժեքն է ընդամենը 5000$, հայտնվում է գնորդ, ումից ես պահանջում եմ մեքենայիս դիմաց ինձ վճարել 1000000$: Գնորդը սկզբում մտածում է` կատակում եմ, բայց երբ պարզվում է, որ ես ամենայն լրջությամբ եմ ասում, սկսում է կասկածել իմ հոգեկան աշխարհի նորմալ լինելու վրա: Ես էլ անկեղծության գերզագցումով ասում եմ գնորդին` <Եղբա՜յր,  հասկացիր,  ինձ հիմա 1000000$  է պետք, դրա համար մեքենայի իրական գինն էական չէ>: Այս նույն սցենարն էլ  գործում է Մետրոյի թանկացման պարագայում, ժողովուրդը քաջ գիտակցում է, որ Մետրոյի տոմսի 50 դրամ արժողությունը հենց այն է, ինչ պետք է լիներ, բայց իշխանությանը 100 դրամ է պետք:  Դա էլ է հասկանում ժողովուրդը, բայց ախր իշխանությունն էլ պետք է հասկանա, որ ՉԿԱ:  Ժողովուրդը մեծ հաճույքով կտար իշխանությանը անհրաժեշտ հարյուր դրամները, եթե վերջիններիս տված աշխատավարձը ոչ միայն հոգար իրենց ծախսերը, այլ ճոխություններ թույլ տալու համար էլ գումար մնար, բայց քանի դեռ 100 դրամն է ճոխություն համարվում միջին աշխատավարձով ապրող հայի համար, նա ոչ միայն պատրաստ չէ նման թանկացման, այլ դա դիտում է որպես անօրինական քայլ, և դա այդպես էլ կա:  Ցավալին այն է, որ ունենք իշխանություն, որը մինչ թանկացումներ իրականացնելը, պետք է մտածեր, թե ինչքանով է իր ժողովուրդը պատրաստ դիմակայելու այդ քայլին, գոռգռացող ընդդիմություն, որը չի ալարում ու պատեհ-անպատեհ շարունակաբար նշում է իր ժողովրդի շահերին ծառայելու միֆը, բայց հերթական անգամ ժողովրդի շահերին են կպնում, իսկ ընդդիմությանն ի՞նչ, նա ավելի շուտ մտահոգված է չկայացած երկխոսությամբ, չնայած դա էլ է դեռ հարց` միգուցե երկխոսությունը վաղուց էր կայացել, ու հիմա ուղղակի պետք է ինչքան հնարավոր է շեղել հայերին ավելի լուրջ խնդիրներից` դե Լևոնը ցույց կանի, նորից կխոսի <ավազակապետության> նկատմամբ իր տարած <հաղթանակի> մասին, նորից բողոքներ, խոստումներ ու արդեն հավերժ թվացող, բայց շատ ծիծաղելի բառեր` <պայքար, պայքար, մինչև վերջ>: Հայեր ջան, պայքարեք միմյանց դեմ, թշնամի դարձեք իրար, ցույցերին ամբողջ հոգով գոռացեք, մինչև տեսնենք երբ է Հայաստանը լրիվ հայաթափվելու: Վերջին երեք տարին տեսնելով ուրիշ եզրահանգման չենք էլ կարող գալ:  Խոստումները չկատարեցին, գոնե թողնեին ինչ կար, դա էլ մնար, մնում է միայն ճշտենք մեր հարգարժան պարոնայք երբ են պատրաստվում շնչելու  համար էլ հարկեր վերցնել` խոսելով իրենց <գերմտածված> և <առաջընթացն> ապահովող որոշումների մասին,: Մետրոյի թանկացումն  էլ արդեն ցույց տվեց, որ պետության բյուջեի հույսը փաստորեն համայն հայ ազգի ուսերին է ընկել, ում մասին ոչ ոք չի պատրաստվում մտածել:  Այսքանից հետո էլ ասում են Քոչարյանին չեն  հիշում, հիշում ենք, այն էլ ինչքան ենք հիշում, ու հույսով սպասում ենք,  քանի որ եթե այսպես շարունակվի ոչ միայն ուտելիքի,  հագուստի, տրանսպորտային միջոցների և մնացած կենսական անհրաժեշտ պայմաներն ապահովելու համար գումար չենք ունենա, այլ նույնիսկ շնչելն էլ փողով կդառնա, ուղղակի խնդիրը կայանում է նրանում , որ ժողովուրդն այս երեք տարիների ընթացքում ոչ միայն աշխատանքի գերխնդրի առջև կանգնեց, այլ նաև հաց առնելու համար փող չունենալու, հիմա էլ Մետրոն, իսկ Լևոնն էլ հարմար տեղավորված շարունակում է միայն գոռալ, Սերժը` խոստանալ, մեզ էլ հիմա մնում է հանուն մեր ազգի ներկայացուցիչների և մեզ թույլ չտանք Մետրոյի լրիվ անիմաստ թանկացումն իրականացնեն, որից հետո էլ ուղղակի սպասենք: Հիմա կարևորն այն է, որ հասկանանք, այս պետության մեջ բոլորս էլ ունենք հավասար իրավունքներ և հանդիսանում ենք Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, ուստի կարող ենք առանց Լևոնի նմանների էլ պահանջներ ներկայացնել ու հասնել մեր ուզածին: Չենք ուզում, որ թանկացնեն մետրոյի տոմսի գինը, ուրեմն պիտի չթանկացնեն, քանի որ սա ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՐԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՈՐՈՇՈՂՆԵՐԸ:
                                                                                                                             .........

Tuesday, June 14, 2011

Զարմանալի չէ...


Արդեն հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ոչ միայն խոստումներն են օդի մեջ մնում, այլ նաև պաշտոնական հայտարարությունները: Շատ նորմալ է դարձել, որ մի օր իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսելու որոշում են կայացնում, հաջորդ օրն իշխանությունն ընդդիմության քայլերը <տունտունիկ> է անվանում, ընդդիմությունն էլ իր հերթին արտահերթ ընտրություններ պահանջելով փորձում է ինչքան հնարավոր է երկար իր կողքը պահել արդեն  չկողմնորոշված և հիասթափված մարդկանց: Մինչ այս ուշագրավ դեպքերն էլ  վերջին տարիներին մենք ականատես ենք եղել շատ հետաքրքիր դեպքերի` վարչապետը կով կթել է սովորեցնում, արտգործնախարարը մշտնջենական լռությամբ բանակցություններ է վարում, բոլոր նախարարություններում հանկարծակիորեն խախտումներ և կոռուպցիայի դեպքեր են հայտնաբերվում, ինչ-որ վիթխարի ծրագրեր են նախագծվում, որոնք այդպես էլ նախագծման առաջին փուլում իրենցից գոհ թղթի վրա էլ մնում են: Մինչ կառավարությունը զբաղված է նման <մեծ> ու <պատվաբեր> գործերով, բյուջեն գնալով ճեղքվում է, պետության պարտքն էլ ավելանում, չենք խոսում էլ բնակչության մասին, որը բյուջեի հետ ուղիղ համեմատական նվազում է: Հիմա արդեն պարզ է դարձել, որ համաշխարհային ճգնաժամն այդքան էլ կապ չունի այժմյան Հայաստանի խայտառակ սոցիալական չպայմանների հետ: Այս ամենի հետ միասին էլ դեռ համարձակվում են զարմանալ, թե ինչու է ժողովուրդը հիշում Քոչարյանի պաշտոնավարման տարիները, երբ ամեն հայտարարություն ուժ ու կշիռ ուներ, այլ ոչ թե ասվում էր օդի մեջ, մի քանի օր ամենաշատը հիշվում , հետո կամ մոռացվում կամ էլ հերքվում: Իհարկե, այն ժամանակ էլ կային դժվարություններ, բողոքներ, բայց այդ ամենի հետ առաջընթաց էր նկատվում, արտաքին քաղաքականության մեջ էլ Հայաստանը երբեք ոչինչ չասողի ու լսողի դիրքում չէր հայտնվում: Մարդիկ կարող էին իշխանության քայլերի հետ համաձայն չլինել, բայց չհավատալ չէին կարող, քանի որ յուրաքանչյուր հայտարարություն, ծրագիր, նախագիծ, խոստում օդում չէր մնում: Այս ամենը մարդկանց ապագայի համար հանգիստ լինելու, գուցե շատ, գուցե քիչ, բայց հավատ էր ներշնչում: Հայը տեսնում էր պետության առաջընթացը, տեսնում էր Հայաստանի ապագան, զգում էր, որ արվում են քայլեր, որոնք միօրյա կյանք չունեն, այլ հետագայի համար են: Մարդիկ խոշոր ներդրումներ էին կատարում Հայաստանում, որոնք էլ նոր աշխատատեղեր էին, շատերի համար հաց, ապագա առաջընթաց, և այս ամենն արվում էր, քանի որ վստահում էին Հայաստանին, այլ ոչ թե մտածում, որ Հայաստանում իշխանության խոսքի վրա հույս դնել չի կարելի, ինչպես այժմ է: Այսօր, այո, ժողովուրդը մի քիչ էլ կարոտով է հիշում այն օրերը, երբ իրեն չէին ստիպում օր ու գիշեր ապրել քաղաքականությամբ, երբ ամեն մեկն իր գործով էր զբաղված, մտածում էր իր աշխատանքի և ընտանիքի մասին, եթե աշխատանք չուներ էլ, ապա գտնելն անհնար չէր: Այսօր Հայաստանի բոլոր քաղաքացիները  ստիպված են մտածել քաղաքականության մասին, քանի որ այն մարդիկ, ովքեր պիտի մտածեն ժողովրդի մասին, ըստ երևույթին ավելի լուրջ զբաղմունք են գտել` սիլի բիլի են անում ընդդիմախոսների հետ, հետո որոշում են կռիվ-կռիվ խաղալ, հետո քարկտիկ, մի խոսքով մի տեսակ մանկամտացում է նկատվում մեր <հարգարժան պարոնայքի> շրջանակներում:  Ժողովուրդն էլ արդեն հույսը կտրել է այն մտքից, որ գուցե կհիշեն վերջապես իրենց մանկության տարիները բաց թողած իշխանավորներն ու իբր թե հակաիշխանավորները, թե ինչի համար  էին հավաքվել ու կանցնեն իրենց պարտականություններին: Բայց ոնց որ թե չի ստացվում, այսինքն իշխանության ձևավորման սկզբնական փուլում այնքան ամպագոռգոռ խոստումներ տվեցին, որ ժողովրդին մի պահ թվաց` իրոք լուրջ դեմքերի հետ գործ ունի, բայց արի ու տես, որ այս մարդիկ ժամանակ ու հավես չունեն իրենց իսկ գործով զբաղվելու համար: Դե այսքանից հետո էլ ո՞նց չհիշենք Քոչարյանի կառավարման տարիները, անկախ այն ժամանակվա թերություններից, միևնույն է նույնիսկ Քոչարյանի անձի հանդեպ հակակրանք տածող մարդն անգամ զգում է, որ Քոչարյանի կառավարման տարիներին մենք թե ներքին և թե արտաքին աշխարհում լուրջ էինք ընկալվում ու թեկուզ ոմանց համար փոքր թվացող քայլերով, բայց հաստատ առաջ էինք գնում, ուստի մենք շատ կուզենք նորից զգալ հային հատուկ վստահությունը, լրջությունն ու ապագայի հանդեպ ունեցած հավատը, որն ունեինք մի ժամանակ: Ահա թե ինչու զարմանալի չէ այն, որ մարդիկ իրոք կարոտով են հիշում երբեմնի լավ ժամանակները և հույսով սպասում, որ այդ ժամանակները նորից հետ են գալու:
http://www.youtube.com/watch?v=OaS59ZrZSqo&feature=player_embedded
                                                                                                                             .........

Friday, June 3, 2011

Իշխանություն ընդդիմություն երկխոսություն

Զարմանալիորեն արագ են զարգանում մեր շրջապատում քաղաքական իրադարձությունները: Մի կողմից կարելի է մտածել, որ թևակոխում ենք մի նոր փուլ ավելի քաղաքակիրթ, <ինքնաբուխ> ցույցերից անցում է կատարվում դեպի կլոր սեղան, բայց զարմանալին այն է, որ այդ կլոր սեղանը միշտ էլ այն անկյունում դրված էր, ուղղակի նոր են հայտնաբերել այդ սեղանի գոյությունը: Փորձենք վերլուծել, թե ինչ եզրերով կարող են իրար հետ երկխոսել իշխանությունն ու ընդդիմությունը, եթե վերջինս պահանջում է արտահերթ ընտրություններ:
Այս պահանջը ենթադրում է, որ ընդդիմությունը չի ընդունում այսօրվա իշխանության իշխանություն լինելու փաստը, չի ընդունում այսօրվա իշխանության օրինականությունը: Այստեղ մի հետաքրքիր հարց է առաջ գալիս, եթե ընդդիմությունը չի ընդունում իշխանությանը` որպես իշխանություն և հրաժարական է պահանջում, ապա ինչպե՞ս է նա երկխոսում մի իշխանության հետ, որին նա չի ընդունում: Դուրս եկավ, որ ընդդիմությունը հակասում է ինքն իրեն, սովորական կենցաղային օրինակով կարելի է այս իրավիճակը ներկայացնել այսպես`  ես չեմ ընդունում, որ իմ հարևանի տունը պատկանում է իմ հարևանին, ամեն օր գոռում եմ, բողոքում ու համայն աշխարհին հայտարարում, որ այդ տունն իմն է, բայց այն ինձանից անարդարացիորեն գողացել են, հետո մի գեղեցիկ օր գնում եմ հարևանիցս թույլտվություն հարցնում, որպեսզի թույլ տա իր հետ միասին բնակվեմ իր տան մեջ: Դուրս եկավ, որ իմ ուզածը ոչ թե այն էր, որ հարևանս անարդարացի կերպով զավթած բնակարանը հետ վերադարձնի, և ես ուզում եմ արդարություն հաստատել, այլ ուղղակի ես ուզում էի բնակվել այդ տան մեջ, իսկ թե ինչ պատասխան եմ տալու մյուս հարևաններիս, ովքեր իմ հետ միասին պայքարում էին <անարդար> ու <ավազակ> հարևանի դեմ, պարզ է ասելու եմ, որ սխալ չհասկանան իմ արարքը, մենք պետք է շարունակենք պայքարը ավազակների դեմ, իսկ ես էլ նրա տան մեջ եմ բնակվում, քանի որ դա միայն օգտակար կլինի մեր պայքարին, այնինչ իմ գերնպատակը հենց հարևանի տանը բնակություն հաստատելն էր:
Այս պարագայում, իհարկե, հնարավոր է, որ իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսության եզրեր գտնեն` դուք պահանջեք, մենք չեմուչում կանենք սկզբունքով, մինչև որ ընտրությունների  ժամանակը կգա:
 Ներկայիս ստեղծված  քաղաքական իրավիճակում  կա իշխանության և ընդդիմության միջև երկխոսության պահանջարկ, այսօր ժողովուրդը փաստացի դժգոհ է թե ընդդիմությունից, թե իշխանությունից, ավելի լավ է միասին գործել, որ գոնե եղած հետևորդներին պահեն, քան թե իրարից անկախ, այս դեպքում երրորդ ուժի հայտնվելուն պես երկուսի շանսերն էլ կզրոյանան:  Ոսւտի պարզ դարձավ, որ մեր իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այդքան անհանգստացած չեն այն մարդկանցով, ովքեր հայրենասիրությամբ ոգևորված  <Լևոն> և <Սերժիկ հեռացիր> էին գոռում, իրենց կարծիքով հիմա էլ <Սերժիկ, Լևոն միասին> կգոռան, բայց մի բան հաշվի չեն առնում, որ հայ ազգն այդքան էլ անուղեղ չէ և մի քանի անգամ նույն կուտը չի ուտում:
Անցնենք  Լևոնի ելույթում ասվածին, իբր երկրի սոցիալ տնտեսական անտանելի պայմաններից դրդված է իշխանությունը որոշել ավելի մեղմ վերաբերվել ընդդիմությանը և երկխոսության գնալ: Իսկ ի՞նչ է, եթե երկխոսություն լինի, սոցիալ-տնտեսական պայմանները կբարալավվե՞ն կամ նոր աշխատատեղե՞ր կստեղծվեն: Իշխանությունը կարող էր սոցիալ-տնտեսական պայմանները ավելի ռեալ տարբերակով բարելավել, և մարդիկ աշխատանք կունենային, Ազատության հրապարակ էլ կգնային զբոսնելու, այլ ոչ թե պահանջեր ու բողոքներ ներկայացնելու: Իշխանությունը կարող էր ավելի մարդասեր գտնվել և բավարարեր ժողովրդի կարիքները, աշխատանքով ապահովեր, այլ ոչ թե այս իրավիճակի ելքը երկխոսության մեջ տեսներ, որը այդ նույն ցուցարարներին հացով չի ապահովում: Լևոնի ապահոված սոցիալ-տնտեսական պայմաններից էլ չարժե խոսել, նույնիսկ ամենաբարձր <պայքար, պայքար> գոռացողը լավ հիշում է, Լևոնի ապահոված սոցիալ-տնտեսական պայմանները, ավելի շուտ չապահովված պայմանները:
Շատ անիմաստ ենք համարում Հայաստանը Արաբական երկրների հետ Լևոնի արած համեմատությունը ,քանի որ Արաբական երկրների բնակչությունը մուսուլման է, իսկ մուսուլմաների մեջ էլ միշտ եղել են ու կլինեն ծայրահեղականներ, որոնց այս թեմայում անիմաստ ենք համարում մանրամասն անդրադառնալը, երկրորդը` այդ երկրներն ունեն նավթ, գազ և շատ ուրիշ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են որոշ գերտերությունների և միշտ էլ այդ երկրներում ներքին խառնաշփոթ ստեղծելը ձեռնտու է եղել այդ նույն գերտերություններին: Իհարկե, գուցե Լևոնն էլ ինչ-որ գերտերության պահանջով է իր թանկարժեք ժամանակը Ազատության հրապարակում ելույթ ունենալով զոհում հանուն հայ ազգի, ավելի շուտ հանուն ինչ-որ գերտերության շահի, ուստի համեմատությունը նրա համար լավ էլ տեղին է:
Լևոնի հաջորդ սրամիտ տեսակետը, ըստ որի իշխանությունը վախենում է Ադրբեդջանի կողմից հնարավոր պատերազմից դրա համար է որոշել երկխոսության գնալ: Իսկ ի՞նչ է, եթե Աստված մի արա , պատերազմ սկսվի Լևոնի կարծիքով հայ ընդդիմադիր տղամարդը  չի՞ պաշտպանի իր հայրենիքն ու ընտանիքը, թե Լևոնի կարգելի իր հետևորդներին կռվել հանուն Ղարաբաղի, մինչև իշխանությունը չհամաձայնի բավարարել ընդդիմության պահանջները: Չնայած չենք զարմանա, մի անգամ հայերն արդեն տեսել են Լևոնի ոչ այնքան էլ բարիդրացիական մոտեցումը Ղարաբաղում կռվող հայ մարտիկների նկատմամբ: Սա բոլորովին ուրիշ թեմա, որը ցանկանում ենք թողնել անցյալում, չենք ուզում քննարկել անցած-գնացած տարիները, պետք է դեպի ապագան նայել, իսկ այս պարագայում ապագան գուշակելու կարողություն պետք չէ, որպեսզի հասկանանք, որ փաստորեն Ազատության հրապարակում լավ էլ լուրջ խաղ էր տարվում, և ո՞վ իմանա այսօրվա իշխանություններին գուցե ձեռնտու էր այդ խաղը, և երկխոսությունն էլ կար ծրագրերի մեջ, ուղղակի հիմա է ժամանակը, ավելի շուտ հնարավոր չէր գնալ երկխոսության, քանի որ ընդդիմության արհեստական լինելը միանգամից աչքի կզարնեն, իսկ հիմա գուցեև հաջողվի համոզել ժողովրդին ընդդիմություն-իշխանություն երկխոսության մարդասիրական և ժողովրդի շահերից բխող լինելու մեջ, բայց այստեղ են ասում <Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում>, ուստի մի գրամ չենք կասկածում հայ մարդու խելամիտ լինելու մեջ: Համոզված ենք, որ հայը երբեք էժանագին խաղերի զոհ չի դառնա, գուցե հիասթափություն է տիրում հիմա, բայց ավելի լավ է հիասթափվել, քան հիմարացվել:

Wednesday, June 1, 2011

31.05.2011 Բեմական ներկայացում

Շատ հետաքրքիր ստացվեց ամեն ինչ, մի մարդ, ով որոշել էր պայքարել ավազակապետության դեմ հանկարծ որոշում է իր կարծիքով գլխավոր ավազակապետի հետ երկխոսության գնալ և որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել: Այս իրավիճակը յուրաքանչյուր խելացի մարդ վերլուծելով հասկանում է, որ տվյալ մարդը փաստորեն ոչ թե ուզում էր իր կողքին կանգնած մարդկանց խնդիրները լուծել, այլ ուղղակի մտքով անցել էր իր զբաղվածությունն ավելացնել ու իր անձնական նպատակներն իրականացնել: Ստեղծվում է շատ հետաքրքիր կերպար` պայքարը շարունակվում է, բայց չի հասկացվում ինչի կամ ում դեմ է այդ պայքարն ուղղված: Եթե պայքարում էր ավազակապետության դեմ, ապա ինչ բանակցությունների մասին է խոսքը, ապա ինչի համար մարդիկ տարիներ անցկացրեցին բանտում, այն ժամանակ էլ էր իշխանությունը բանակցություններ առաջարկում, թե պետք էր մարդկանց կորցրած տարիների հաշվին բանակցություններ ձևավորելու հնարավորություն հայտնվեր: Զարմանալի է, աբսուրդի հասնող երևույթ է, կարելի է պատկերացնել այն մարդկանց դրությունը, ովքեր հավատալով գնում էին ցույցերին ու մինչև վերջ փորձում էին համոզել իրենք իրենց, որ չեն սխալվել, բայց գալիս է մի պահ, երբ մարդ այլևս ի վիճակի չէ խաբել ինքն իրեն, այն էլ ինչ-որ մեկի կամ մի քանիսի անձնական շահի համար: Ուստի վերջին ներկայացումը, որ բեմադրվեց 31.05.2011-ին  կոտրեց նույնիսկ այն մարդկանց, ովքեր ֆանատիկորեն շարունակում էին հավատալ, որ իրենց չեն խաբում, որ գաղափարախոսության համար է պայքարը մղվում, բարեփոխումների, արդարության, ժողովրդի, բայց երևի շատ քչերը կարող էին պատկերացնել, որ դա շատ հեռու է իրականությունից, պայքարը ոչ թե գաղափարախոսություն կամ նպատակ էր, այլ ընդամենը խաղ, շատ լավ մշակված խաղ: Այդ խաղն այնքան մանրամասն էր մշակված, որ նույնիսկ բեմի վրա կանգնածներից ոմանք, ովքեր իրենց կյանքից տարիներ կորցրեցին ուրիշի խաղն իրականության տեղ ընդունելու համար, նոր են գիտակցում, որ վերջնական նպատակն ամենևին էլ ժողովրդավարության ու ժողովրդի, նույնիսկ իրենց նպատակների ու գաղափարների հետ կապ չունի: Մենք, լինելով ազատ քաղաքական դաշտում այս ամենին ուղղակի տալիս ենք մի գնահատական` վերջ տվեք բեմականացված ներկայացումներին, որոնք դատապարտված են բացահայտման, հայ ժողովուրդը երբեք հիմար չի եղել, չի էլ լինի, ուստի մի փորձեք նրանց ձեր անձնական խաղում ուղղակի զինվորներ դարձնել, ձեր նպատակին հասնելուց հետո էլ ոտքով հրել ու անդունդը գլորել: Մենք հայ ենք ու հիմար չենք: