Tuesday, April 26, 2011

Մեր իրավունքները

Այսօր շատ են բողոքները Հայաստանում դժվար կյանքի վերաբերյալ: Ոմանք իրենց կարծիքով հեշտ տարբերակն են ընտրում և լքելով իրենց հայրենիքը փորձում են օտար երկրում հաստատվել և իրենց լեզվով ասած մարդավարի ապրեն: Մենք որոշեցինք անդրադառնալ այս խնդրին և հասկանալ` ինչ կարելի է անել, որպեսզի մի <տգեղ> օր չգա, երբ շրջենք Երևանի փողոցներով և երազենք, որ ինչ-որ մեկը հասկանա մեր մայրենի հայոց լեզուն: Նախ ի սկզբանե ասեմ, որ մենք ասելով ի նկատի ունեմ մի խումբ երիտասարդների, ովքեր անկախ են բոլոր քաղաքական ուժերից, քրիստոնա են, չեն պատկանում որևէ աղանդի և մտահոգված են իրենց երկրի` իրենց տան խնդիրներով: Հայրենիքը նաև տուն է, և եթե այն վերանորոգված չէ, պետք չէ գնալ և ապրել հարևանի թարմ ու գեղեցիկ վերանորոգված տանմեջ, այլ պետք է վերանորոգես քո տունը, շենացնես, լուսավորես և ԴՈՒ տեղ տաս քո տան մեջ անտուններին, այլ ոչ թե անտուն դառնաս ու բնակվելու վայր ման գաս:  Հիմա Հայաստանյան բարդ կյանքի մասին: Փորձեցինք հասկանալ պատճառները, որոնք դրդում են մեր ազգակիցներին լքել իրենց տները:
Հիմնական պատճառը սոցիալական պայմաններն են: Չենք ժխտի, որ այսօր Հայաստանում իրոք բարդ է ոչ միայն մարդավայել ապրելն, այլ նաև գոյատևումն ապահովելը, բայց փորձենք հասկանալ` ինչու է այդպես: Մի կողմ դնենք այն, որ մենք ընդամենը քսան տարի անկախություն ունեցող երկիր ենք, քանի որ քսան տարին բավականին երկար ժամանակահատված է պայմանները բարելավելու և երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Այստեղ առաջանում է հարց, իսկ ինչն է պատճառը, որ այդ պայմաններն այդպես էլ չզարգացան:  Փորձենք մի կողմ դնել բոլոր գոյություն ունեցող քաղաքական և ոչ քաղաքական ուժերի գուցե դրական, գուցե բացասական ազդեցությունը մեր վրա և առողջ տրամաբանենք: Մի կողմ դնենք մեր քաղաքական կողմնորոշումը, ինչ-որ անձի հանդեպ ունեցած համակրանքն ու հակակրանքը, մեղադրանքներն ու չարդարացված հույսերը, ուղղակի մտածենք ու գտնենք իրական պատճառը, քանի որ Հայաստանն առաջին հերթին մեր հայրենիքն է, և մենք` բոլոր հայերս իրավունք ունենք  ոչ միայն պահանջներ ներկայացնելու, այլ նաև խելամիտ լուծումներ գտնելու, առաջարկելու և մեր երկիրը` մեր տունը ավելի շենացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու համար: Հաշվի առնելով այս ամենը մենք որոշեցինք մի պահ հետ հայացք գցել դեպի անցյալ, ուղղակի հասկանալու համար կատարվածը, այնուհետև սկսենք մտածել և ստեղծված բարդ իրավիճակից ելքեր գտնենք:
Արագ ամփոփենք վերջին տարիները: Անկախացումից հետո Հայաստանն, իհարկե, գտնվում էր բարդ վիճակում, բայց ոչ ծայրահեղ, քանի որ Հայաստանն ուներ բավականին ռեսուրսներ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում կզարգացնեին ու կշենացնեին մեր հայրենիքը: Չեմ գտնում, որ պետք է նորից ասել այն, ինչ տեղի է ունեցել այդ թվականներին` Լևոն Տեր Պետրոսյանի կառավարման տարիներին, բոլորս էլ գիտենք, ուստի ավելի լավ է դա դառը ու դաժան փորձ համարենք հայ ազգի համար ու անցնենք առաջ: Լևոն Տեր Պետրոսյանի թողած սնանկ պետությանը նայելով այն թվականներին ոչ մեկ չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր Հայաստանը կարող է ոտք մեկնել Եվրոպայի թեկուզ ամենացածր պետություններից որև մեկի հետ: Լևոն Տեր Պետրոսյանին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանը, ով բավականին կարճ ժամանակահատվածում Հայաստանը դարձրեց պետություն, որտեղ ձգտում էին գալ ոչ միայն սփյուռքահայերը, այլ նաև եվրոպացիներն ու արտասահմանցիները, երիտասարդները չէին շտապում հեռանալ, քանի որ հեռանկար էին տեսնում իրենց հայրենիքում, այս և այլ բազմաթիվ թեմաներին մենք ավելի մանրամասն կանդրադառնանք հետո. իսկ հիմա` որպես ազատ քաղաքացիներ ուզում ենք կարծիք հայտնել այժմ կատարվող իրադարձությունների մասին, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս:
                                                                                                                                .........

1915, April 24

Հայ ազգն այսօր նորից կհիշի օրն իր վերքի , որը դեռ սպիանալ էլ չի հասցրել,
Որոշ երկրներ  հայերի հետ միասին ցավ են ապրում և հանուն մարդասիրության թեկուզ քայլեր են անում,
Որոշներն էլ ուղակի աչքերն են փակում և հանուն իրենց շահի ձայնազուրկ կամ կույր են ձևանում,
Գնահատելի է, երբ օտարն է ցավդ կիսում, հասկանում, ձեռք մեկնում,
Բայց ամենակարևորը մենք ենք` հայ մարդը, ով պիտի ուժ ունենա և իր վերքերը հիշելով առաջ քայլի,
Պետք է տանը լացի, երբեք իր արցունքներն աշխարհին ի ցույց չդնի,
Ջարդվելուց հետո, պետք է ոչ թե կոտրվի, այլ նոր շունչ առնի և ավելի պինդ դարձած միայն ինքն իրեն վստահի,
Հայ մարդը չպետք է մուրա, թուրքի դիմաց ծառա դառնա,հայ աղջիկը չպետք է <բնամթերքի> դիմաց թուրքի տված փողով ուրախանա, թշնամու տարածքում հանգստանա, որի շնորհիվ նույն թշնամին կհարստանա:
Ես ընդունում եմ ցեղասպանության ահավորությունը, ցավում եմ ամեն հայի համար, մինչև հոգուս խորքը զգում եմ անմարդկային արարքի դաժանությունը,
Բայց չեմ ուզում ոչ մեկին խնդրել, համոզել, որ ընդունեն, պատժեն, քանի որ դա մեր խնդիրն է,
Մենք պետք է հզորանանք, միասնական դառնանք ու կշիռ ունենանք այս դաժան աշխարհում,
Միայն այդ դեպքում աշխարհին կհուզեն մեր խնդիրներն ու պահանջները,մեր դարդերն ու ցավերը,
Ուստի կուզեմ, որ այսօր. ապրիլի 24 -ին ամեն հայ գիտակցի, որ պետք է առաջ քայլի.
Անցյալի դասերը լավ սերտած երբեք չկոտրվի,
Հանուն փողի իր ազգին ու ինքն իրեն չդավաճանի,
Արյան գնի մասին չմոռանա, իր արմատների ուժը զգա ու միայն հզորանա,
Ամեն հայի պարտքն է դա` իմ, քո ,նրա, բոլորիս...