Thursday, November 24, 2011

Տապալված իշխանություն

Քաղաքական դաշտում վերջին շրջանում բավականին հանգիստ մթնոլորտ է տիրում: Վերջապես հաջողվեց գտնել մարդկանց, ում շուրջ կարելի է կենտրոնացնել հասարակության ուշադրությունը և շեղել գլխավոր թեմաներից: Տիգրան Սարգսյանն էլ կարծես թե արդեն կորցնում է իր երկարատև գործունեության ընթացքում ձեռք բերած խելացի մարդու համբավը: Խելացիությունը միայն ամպագոռգոռ նախագծեր մտածելու մեջ չէ, պետք է այդ նախագծերի գոնե նվազագույն մասն իրականացնելու կարողություն ունենալ: Տիգրան Սարգսյանին հաջորդեց Վլադիմիր Գասպարյանը, ով այսօր մամուլի ուշադրության կենտրոնում է: Վերջին օրերին <աստղ> դարձած այս անձանցից զատ  հետաքրքիր  է, թե ինչով է զբաղված մեր  հանրապետության նախագահը: Այս հարցի պատասխանը պահանջում է զուտ ուշադրություն նախագահի քայլերի նկատմամբ և տեղի ունեցող կադրային փոփոխությունների վերլուծություն` նախագահն իր աշխատանքային ժամերի գերակշիռ մասը տրամադրում է գալիք ընտրությունների կազմակերպմանը: Առհասարակ ժողովրդավարական երկրի համար շատ կարևոր է, երբ ընտրություններն արդար ու ճիշտ են կազմակերպված, բայց երբ ողջ իշխանությունը կենտրոնանում է ոչ թե այս գործառույթի ապահովման վրա, այլ իր հաղթելու վրա, և այն դեպքում, երբ այդ նույն իշխանությունն իր ստեղծման օրվանից ոչ միայն խնդիր չի լուծել, այլ նորանոր խնդիրներ է ավելացրել, դա արդեն կործանարար կարող է լինել Հայաստանի համար: Այս պարագայում ճիշտ կլիներ, որ հենց իրենց ուսերին էլ թողնեինք իրենց ստեղծած շիլափլավի միջից դուրս գալու գրեթե անհնարին գործը, սակայն, այդ դեպքում էլ մենք վտանգում ենք մեր հայրենիքը: Այսօր գրեթե յուրաքանչյուր հայ մարդ գիտակցում է, որ այժմյան իշխանությունների ուժերից վեր է Հայաստանի տնտեսության բարելավումը, արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում ճիշտ հարաբերությունների կառուցումը, մի խոսքով երկիր կառավարելը նրանց պատկերացմամբ գեղեցիկ շարադրված նախագծերն են, որոնք հպարտորեն ստորագրվում են և շարվում մնացած մեղրածոր, բայց թղթի վրա մնացած նախագծերի վրա: Ժողովուրդն այս ամենը շատ լավ գիտի, ուստի այսօր իշխանությունը պետք է ամեն քայլ ձեռնարկի, որպեսզի մարդիկ մոռանան իրականությունը տարվեն ինչ-որ անկարևոր իրադարձություններով, որոշ ժամանակով հանգիստ թողնեն իրենց, մինչև նրանք ժողովրդի մոտ անմեղ գառի դիմակով ներկայանալու ձև կգտնեն: Լևոնն էլ իր հերթին այս նախագծի իրագործման մեջ իր ներդրումը կունենա` շեղելով իր թիմ կոչեցյալին գլխավորից  հերթական աննպատակ ցույցերի շարանի միջոցով: Մեր իշխանական վերնախավն այսօր որդեգրել է <Ես մեղավոր չեմ, սպասեք մինչև մեղավորին կգտնենք> քաղաքականությունը: Այս վիճակը կտևի այնքան ժամանակ, մինչև քավության նոխազ չհայտնվի, ում գլխին էլ կբարդվի այժմյան իշխանության բոլոր սխալները, բայց բանականություն ունեցող յուրաքանչյուր անհատ էլ գիտակցում է, որ թերացում ոչ միայն կառավարության որևէ օղակի մոտ է նկատվում, այլ ողջ համակարգի, քանի որ այսօր Հայաստանում կաղում է թե արտաքին ու ներքին քաղաքականությունը, թե տնտեսական ու արդյունաբերական ոլորտը, էլ չենք խոսում ներդրումների բացակայության, արտագաղթի, գործազրկության, գնաճի և սոցիալական անբարո պայմանների մասին: Ուստի մեղավորներ փնտրելու, ընտրություններում հաղթելու մասին մտածելու փոխարեն իշխանությունն այսօր պետք է քայլեր ձեռնարկի առկա խնդիրների լուծման համար կամ էլ <տղամարդավարի> ընդունի իր անկարողունակ լինելու փաստն ու երկրի ղեկը հանձնի այնպիսի մարդու, ով կարող է դուրս բերել Հայաստանն այս վիճակից:

P.S.Լավատեսությունը լավ բան է, բայց այն ժամանակ, երբ դրա հիմքում ռեալիզմն է ընկած:
                                                                                                                 Ա.Հովհաննիսյան      

Saturday, November 5, 2011

Աթոռապահպանման գործընթաց

<Մի ծաղկով գարուն չի գա>. Կարծում եմ այս արտահայտությունն այսօր բավականին ակտուալ է մեր քաղաքական դաշտի համար: Աշունը ոնց որ այդքան էլ լավ չանդրադարձավ մեր քաղաքական գործիչների վրա, փոխարենը նախագահականի վրա արդրադարձավ` սրելով հիվանդությունները, որոնք այս պարագայում վախի տեսքով են դրսևորվում: Իշխանության վերին օղակները բոլորովին կորցրել են իրենց իրական պարտականությունների գիտակցման զգացումը, այնպիսի տպավորություն է, որ Հայաստան երկրում գերագույն հարցն ԱԺ ընտրություններն են, և գոյություն ունեցող բոլոր լծակները պետք է ուղղորդել դեպի այն: Ընտրություններն, իհարկե, պատրվակ են մարդկանց հրաժարականներն ինչ-որ կերպ մեկնաբանելու համար, բայց եկեք մի փոքր ուսումնասիրենք և հասկանանք այս շարունակվող պանիկայի պատճառը: Մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում, որ պր. Սարգսյանը աթոռաթող է անում Ռոբերտ Քոչարյանի <մարդկանց>` իրենց միջև ծագած հակամարտության պատճառով: Այս տեսակետը միանգամից կարելի է բացառել, քանի որ գործող նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը միանշանակ Քոչարյանի կողմնակից չէր կարող լինել, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երևի թե ավելի շատ ինքն իր կողմնակիցն է, և եթե Սերժ Սարգսյանը կասկածեր նրա քաղաքական ոչ իրեն ձեռնտու հայացքների վրա, ապա նախընտրական շտաբի ղեկավար դժվար թե նշանակեր, Միքայել Մինասյանի Քոչարյանի <մարդ> լինելն էլ միանգամից կարելի է բացառել, Վլադիմիր Գասպարյանն էլ ավելի արտահայտված  Քոչարյանի կողմնակից է , քան Ալիկ Սարգսյանը: Այս պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Գագիկ Բեգլարյանը, ում տարածված լուրերի համաձայն պաշտոն են տալու, բոլորս էլ հիշում ենք, թե Բեգլարյանին ինչպես ազատեցին աշխատանքից, ու բավականին աբսուրդային կլինի, եթե նրան հիմա նշանակեն ավելի բարձր պաշտոնի այն դեպքում, երբ մարդ ծեծելու համար հեռացրել են, չանդրադառնանք այն փաստին, որ մարդ ծեծելու համար դատարանի համապատասխան որոշման համաձայն մարդուն պատժում են, այլ ոչ թե աշխատանքից հեռացնում: Բեգլարյանի քաղաքական կողմնորոշումներն էլ դժվար է որոշել, բայց նույնիսկ եթե վերը թվարկված մարդիկ բոլորն էլ Քոչարյանին սատարող բանակից լինեն, ինչի համար էլ որոշ մարդկանց կարծիքով ազատվել են աշխատանքից, ապա Սերժ Ազատիչն ինքն իրեն էլ պետք է ազատի աշխատանքից, քանի որ Քոչարյանի <մարդ> հասկացությունն առաջին հերթին հենց իրեն  է վերաբերում: Հանգամանքների բերումով այնպես է դասավորվել, որ այսօր պարոն Սարգսյանը սկսել է իրեն հանել  Քոչարյանի մարդկանց շարքից և Սերժի <մարդ> նորամուծությունը մտցնել, բայց այս պարագայում էլ մեկ ուրիշ խնդիր կարող է ծագել` պետական պաշտոնյաների փոխարեն Հայաստանի քաղաքացիներին պետք է վտարանդի դարձնի, քանզի Քոչարյանին սատարող բանակն օրեցօր մեծանում է: Ուստի հրաժարականների այս շարունակվող ալիքի պատճառն ավելի շատ անհաջող քայլ է սեփական պաշտոնը փրկելու համար, քան թե ճիշտ քաղաքական որոշում: Ընդհանուր առմամբ մարդկանց տեղերը փոխելուց ոչինչ էլ չի փոխվելու, քանի որ Հայաստանն անմխիթար վիճակից դուրս հանելու համար պետք է համապատասխան նախագիծ կազմվի և իրագործվի, ինչը մեր գերխելացի վարչապետն արդեն երեք տարի է փորձում է անել, իսկ փորձերն էլ հերթով փորձանքի վերածվեցին ու կախվեցին մեր ժողովրդի գլխին: Սերժ Սարգսյանն էլ երկրի և ժողովրդի գերագույն խնդիրները թողած նախընտրական շտաբի ձևավորմամբ է զբաղված կամ ավելի շուտ իր աթոռի պահպանմամբ: Հրաժարականների գլխավոր պատճառը կարծում ենք հենց աթոռապահպանումը հնարավոր դարձնելն է, բայց գործող նախագահի ընտրած ձևն ավելի շատ քարեդարյան ժամանակաշրջանին է հատուկ, քան ժամանակակից քաղաքակրթությանը: Միայն պարոն Սարգսյանը չի, մեր իշխանավորներից շատերին է  մի տեսակ հոգեհարազատ դարձել <տապոռային>  քաղաքականությունը` մեջբերում Տիգրան Սարգսյանի խոսքերից.<Հանրապետական կուսակցությունը երկրի ամենաազդեցիկ ուժն է, որը կարող է  ապագայում էլ ձևավորել քաղաքական դաշտի միջուկը: Ուստի նրանք, ովքեր կհամագործակցեն մեր կուսակցության հետ, կհաղթեն դրանից, ով չի ցանկանա, կմնա կոտրած տաշտակի առջև>: Այս ամպագոռգոռ հայտարարությունը կարծում ենք վերլուծելու կարիք էլ չկա, ուղղակի պետք  չէր այդքան քարկոծել մեր միակ անկեղծ պաշտոնյային, ով առանց ձևապաշտության և կեղծավորության համայն ազգի դիմաց <գողական>-ով հարց դրեց, բայց ՀՀԿ-ն էլի թերացավ , իրենց կուսակցության անունից այդպիսի <գողական> հայտարարություն անելու համար ընտրությունը մի փոքր սխալ մարդու վրա էր կանգնել: Այս հայտարարությունն էլ ինչի մեջբերեցինք, քանի որ ամեն ինչ հենց այս հայտարարությամբ էլ սկսվեց, <հրաժարականների> շարանը հաջորդեց մեր վարչապետի այս հայտարարությունից հետո: Կարծում ենք արդեն պարզ է` ինչի համար է այս կատակերգությունը, որը կարելի է անվանել` <Աթոռապահպանման գործընթաց>:
                                                                                                               Ա. Հովհաննիսյան