Friday, February 17, 2012

Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի անդամ...


Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ի շարքերը համալրելու լուրը մեծ աղմուկ բարձրացրեց: Առկա քաղաքական փտած ռեժիմների դեպքում բնական է, որ յուրաքանչյուր առողջ որոշում և քայլ մի տեսակ զարմանքով է ընդունվում հասարակության կողմից: Անխոս, ողջունելի է Վարդան Օսկանյանի վերադարձը մեծ քաղաքականություն, քանի որ Հայաստանն այսօր փակուղու առջև է հայտնվել, և մենք հենց Օսկանյանի նման կայուն, խելամիտ, լրջախոհ և փորձառու քաղաքական գործիչների կարիք ունենք: Ողջունելի է նաև այն, որ ԲՀԿ-ն ևս մի անգամ ապացուցեց իր ժողովրդավարական լինելը: ԲՀԿ-ն ուժեղ կուսակցություն է, որն էլ իր հերթին  ինտելեկտուալ զանգվածի մեծացման կարիք ուներ, ուստի Օսկանյան-ԲՀԿ համագործակցությունը ուժի և խելքի միաձուլում է, որը կարող է դրական անդրադառնալ առաջին հերթին ժողովրդի վրա: Սա ԱԺ ընտրությունների նախաշեմին  շատ լուրջ երկկողմանի քաղաքական քայլ էր: Եզրակացություններ անելու տեղիք է տալիս նաև այն, թե ինչո՞ւ Օսկանյանը  հենց ԲՀԿ-ն ընտրեց որպես իրեն սատարող քաղաքական ուժ: Օսկանյանը մեծամասնականով էլ եթե դներ իր թեկնածությունը հաղթելու մեծ հնարավորություն ուներ, քանի որ նա քաղաքական այն գործիչներից է, ով իր արած գործերի և քայլերի շնորհիվ վայելում է հանրության հարգանքն ու վստահությունը: Օսկանյանն իր գործունեության ողջ ընթացքում կոպիտ սխալներ թույլ չի տվել, ուստի նրա այս  որոշումն էլ ևս մի անգամ ապացուցում է, որ առկա քաղաքական ուժերի մեջ հենց ԲՀԿ-ն է այն առողջ ու կայուն ուժը, որի շուրջ կարելի է համախմբվել:  ԲՀԿ-ն այսօր լուրջ մրցակից է ՀՀԿ-ի համար, ԲՀԿ-ն դեմագոգիայով չի զբաղվում, իր յուրաքանչյուր խոսք գործի է վերածում, ստեղծման օրվանից ժողովրդի հետ սերտ կապ է պաշտպանում, աջակցում է և գործում ելնելով առաջին հերթին ժողովրդի շահերից: Այս ամենը հաշվի առնելով բավականին խելամիտ է Օսկանյանի ընտրությունը, ով էլ իր պատրաստվածությունը, փորձը և հմտությունը կգումարի ԲՀԿ-ի ուժին: Այս համագործակցությունը կարելի է վերջին շրջանում քաղաքական դաշտում ընդունված ամենաառողջ որոշումներից մեկը համարել:
                                                                                                      Ա. Հովհաննիսյան

Wednesday, February 8, 2012

<ԵՐԻՏՀԱՅ>-ի նմուշներից...




Այս հարցազրույցը դիտելիս պարզ երևում է, որ ՀՀԿ-ն ոչ թե տեղեկացված և օրենսդիր գործունեությամբ զբաղվելու ունակ երիտասարդների է ընդգրկում իր շարքերը, այլ ուղղակի հայերենին տիրապետող, իրենց սազի տակ պարող և յուրաքանչյուր հարցի դիմաց ոչ թե կոնկրետ պատասխան տվող, այլ արագ-արագ <փիլիսոփայող>,  իրենք իրենց եվրոպացու հետ նույնացնող, բայց ազգային արժեքները իբր թե պահպանող երևույթների: Այդ երևույթների թվին է պատկանում նաև փուչ խոսքերով զինված Մենուան: Չանդրադառնանք նրա գործունեությանը և առհասարակ նրա անձին, այլ վերլուծենք այս տեսանյութում նրա արտահայտած մտքերը: Սկսենք նրանից, որ այս <երիտհայը> կամ չարաշահում է իր լիազորությունները` խոսելով ոչ միայն ՀՀԿ-ի ղեկավարության, այլ նաև ԲՀԿ-ի ղեկավարության  անունից, ՕԷԿ-ին մի կողմ թողնենք, կամ էլ  նրան իրոք թևեր են տվել, որ խոսի ողջ հանրապետության, հասարակության, կուսակցությունների և բոլորիս անունից: ԲՀԿ-ի անդամներն անգամ նման համոզվածությամբ չեն խոսում կոալիցիոն հուշագրի վերաբերյալ, քան ոմն Մենուան: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն <երիտհայ> Մենուային իր անունից խոսելու իրավունք  տված լինի: Այս արագ-արագ բառերն իրար կապող երևույթը վարչապետին գովեստի խոսքեր ասելու առիթն էլ բաց չթողեց: 
Մեջբերում . <Վարչապետը իր արտաքինով ևս միգուցե այսպես էն հայը չի, հա, որը որ մենք ենք պատկերացնում, միգուցե իր հագուկապը, իր մազերի սանրվածքը եվրոպական է, բայց հավատացեք ինքը ազգային մարդ է> :
Չեմ կարծում, որ հայ հասարակության մեջ այնպիսի անկիրթ ու թերզարգացած մարդիկ կան, ովքեր  քննադատում են  պետական գործչին արտաքին տեսքի համար,  իսկ ազգային լինելն էլ ազգի համար արված գործերով է բնորոշվում, այլ ոչ թե ճառերով կամ.
մեջբերում. <Վարչապետը կարդում է Գարեգին Նժդեհ, նրա հետ զրուցելիս դու չես ստանում տպավորություն , որ դու խոսում ես ուլտրամանուշակագույն եվրոպացու հետ, դու ստանում ես տպավորություն, որ խոսում ես հայ մարդու հետ>:
Հետաքրքիր է ի՞նչ պատասխան կտա Հայաստանի իշխանությունը Եվրոպային, եթե վերջիններս իմանան, որ ՀՀԿ-ի <երիտհայ> Մենուան եվրոպացիներին ուլտրամանուշակագույն է անվանում, հետո էլ կոչ անում, որ պետք է Հայաստան բերենք Եվրոպայի դրական երևույթները: Շատ լավն է նաև <ստանում ես տպավորություն> արտահայտությունը, իրոք որ վարչապետը հայերեն է խոսում, Գարեգին Նժդեհ է կարդում, վերջիվերջո ՀՀ վարչապետն է, գոնե հայ մարդու տպավորություն պիտի թողներ, թե՞ չէ, բայց տպավորությունը շատ հեռու է էություն լինելուց: Վարչապետով այսքան տարված Մենուան նույնիսկ տեղյակ էլ չի Տիգրան Սարգսյանի գործունեությունից, այլապես չէր ասի, թե պետք է գոհ լինենք, որ  Հայաստանը գոյատևեց ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: Իր պաշտելի վարչապետը ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբնական փուլում համայն ազգի առջև  հայտարարություն արեց, որ Հայաստանը վախենալու ոչինչ չունի, ճգնաժամը մեզ չի սպառնում, թե հետո ինչ եղավ գիտենք բոլորս, իսկ հիմա նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորների անգործության մեջ էլ է այդ զզվելի ճգնաժամը մեղավոր: Մենուայի հաջորդ հայտնագործությունն այն է, որ իշխանությունն այսօր ամեն ինչ անում է ժողովրդի համար, մի բան հասկանալի չէ, թե ի՞նչ է անում, և ժողովուրդ ասելով ո՞ւմ ի նկատի ունի այս <երիտհայը>: Եթե խոսքը հայ ազգի մասին է, ապա ինչպե՞ս հասկանանք ահռելի չափերի հասնող արտագաղթը, նվազող ՀՆԱ-ն, գնաճը, միջին ու փոքր բիզնեսի ոչնչացումը և նման բացառապես հակաժողովրդավարական  քայլերը, որոնք այդ նույն իշխանությունն է անում: Մենուաին ՀՀԿ-ն հաստատ կընդգրկի իր ցուցակում, քանի որ բավականին հաջող կերպով խուսափում է բոլոր հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց` օգտագործելով <շատ դժվար է բառերով բացատրել>,  <դժվար է սեփական արածը ցույց տալ> արտահայտությունները: Նշենք, որ բառերով դժվար է լինում բացատրել միայն այն դեպքում, երբ ուզում ես մածունը սև դարձնել, իսկ <սեփական արած> էլ պետք է լինի, որ հեշտությամբ ցույց տաս: 
Մի հարցազրույցի ընթացքում այսքան սխալներ թույլ տված Մենուան չի բավարարվում և անդրադառնում է նաև մեր հասարակության մեծամասնությանը` համոզված հայտարարելով, թե նրանք հասկանում  են, որ <ՀՀԿ-ն ամեն ինչ անում է ժողովրդի համար> և <հավատը դեպի գործող  նախագահը կա>:  NO COMMENT
ՀՀԿ-ի <երիտհայկական> կազմի այս մի ներկայացուցչին լսելուց հետո կարող ենք համոզված ասել, որ Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում է Հայաստանում ավտորիտար ռեժիմ ստեղծելու համար: Սա շատ վտանգավոր է, քանի որ նույն ԲՀԿ, ՀՅԴ-ն, Ժառանգությունը և մնացած բոլոր կուսակցությունները կամ պետք է անվերապահորեն կատարեն պարոն նախագահի կամքը կամ էլ նրանց փոխարինելու կգան գովել իմացող,  հնազանդվող, ազգային գաղափարներից հեռու, բայց հայերեն խոսող մենուաներ: Սա վերաբերում է նաև ՀՀԿ-ի այն անդամներին, ովքեր մեծ ներդրում ունեն ՀՀԿ-ի գործունեության մեջ, բայց չեն կարող մենուա դառնալ և մի կողմ դնել ՀՀԿ-ի գաղափարները, համոզմունքները, արժեքային համակարգը, որն ինչպես տեսնում ենք այսօր արմատախիլ է արվում, քանի որ ՀՀԿ-ի ղեկավարը իրավական պետություն ստեղծելու գաղափարն օգտագործելով որոշել է ավտորիտար քաղաքական ռեժիմ ստեղծել: Մի նրբություն էլ կա, եթե նույնիսկ բոլոր կուսակցությունները ենթարկվեն   պարոն նախագահ Սերժ Սարգսյանին, դա էլ չի փրկի, քանի որ ընտրություններից հետո նրանք այլևս պետք չեն լինի, ուստի նախագահի հաջորդ քայլերն արդեն կուղղվեն այդ կուսակցությունների վերացմանը, և նպատակ կդրվի ՀՀԿ-ն դարձնել գերիշխող կուսակցություն, այն էլ մենուաների կազմով: 
Առջևում ԱԺ ընտրություններն են, ուստի հիմա պետք է հնարավորինս ուշադիր լինենք և չխաբնվենք դատարկ խոսքերին, սխալվելու իրավունք չունենք, այստեղ ոչ միայն ժողովրդի խնդիրն է, այլ նաև կուսակցությունների, ում գոյությունը ՀՀԿ-ի հաղթանակի և Սերժ Սարգսյանի մի անգամ էլ նախագահ դառնալու դեպքում վտանգված է:

P.S. Մենուան էլ նախքան իրեն ԱԺ-ում պատկերացնելը ավելի լավ կլիներ էթիկայի տարրական կանոններին գոնե հետևեր և ծամոնը  եթեր դուրս գալուղ առաջ շպրտեր:

Tuesday, December 27, 2011

Ամփոփում

Մի քանի օրից ևս մի տարի հրաժեշտ կտա Հայաստանին, պարոն նախագահն էլ հպարտորեն  կշնորհավորի հայ ազգին ու կսկսի նշել, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել Հայաստանն իր գլխավորությամբ այս մի տարվա ընթացքում: Մենք էլ փորձեցինք մի փոքր առաջ անցնել իրադարձություններից և  գոնե մի քանի ձեռքբերումներ գտնել: Սկսենք քաղաքական դաշտից, որտեղ այս մի տարվա ընթացքում մենք ականատես եղանք տարբեր տեսակի բեմադրությունների` երգիծական, տրագիկ, մելոդրամիկ, նույնիսկ մեքսիկական <սերիալ> ունեցանք` ՀԱԿ-ի գլխավորությամբ: Այս ամբողջ կրկեսը ոչ միայն օգուտ չտվեց հայերին ու Հայաստանին, այլ նաև ցույց տվեց աշխարհին մեր թուլությունը, բոլորին պարզ դարձավ, որ Հայաստանում ընդդիմությունն էլ, որը միայն իր ու իր մտերիմների շահերի մասին է մտածում, փաստորեն ձևավորվել է տապալված իշխանությանը փրկելու համար,: Այս փտած մթնոլորտում հանկարծ աղմուկ բարձրացավ, որը  կապված էր Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի հետ: Այդ մի քանի տողանոց հարցազրույցը սկսեցին էջերով մեկնաբանել, չնայած որ Քոչարյանն իր ասելիքը շատ պարզ ու հստակ էր ձևակերպել: Իշխանության վերին օղակներում պանիկա սկսվեց, բոլորն էլ գիտակցում են, որ ժողովրդի մի ստվար զանգված Քոչարյանին է սատարում: Այս խառնաշփոթն էլ անցավ, բայց մի բան պարզ դարձավ այս տարվա ընթացքում, որ Սերժ Սարգսյանը  բացի իր հպատակներից ուրիշ ոչ մեկի չի ուզում և չի կարող հանդուրժել քաղաքական դաշտում` ԲՀԿ-ն վառ օրինակ է:
 Հիմա անցնենք տնտեսական ոլորտին, որտեղ խայտառակ հետընթաց գրանցեցինք, չկա մի ոլորտ, որը գոնե մի թեթև աճ գրանցած լինի, բացի արտագաղթից և գործազրկությունից, որտեղ մենք իրոք ռեկորդային աճ գրանցեցինք: Սա էլ է արդյունք, ամեն  պետության  նախագահին ու վարչապետին չի հաջողվում այսպիսի պարտաճանաչությամբ երեք տարի շարունակ նպաստել գործազուրկների և արտագաղթողների թվի կտրուկ ավելացմանը:
 Այս տարի պարզեցինք, որ այժմյան իշխանության գերագույն ֆունկցիան ոչ թե ժողովրդին ծառայելն ու երկրի վիճակը բարելավելն է, այլ աթոռապահպանումը, ինչի համար իշխանությունը ջանք ու եռանդ չխնայեց և օգտագործելով բազմաթիվ հնարքներ փորձեց ժողովրդի ուշադրությունը շեղել գլխավորից` կենտրոնացնելով իրենցից ոչինչ չներկայացնող, բայց ամպագոռգոռ նախագծերի ու որոշումների վրա: Այս տարի նշանավոր է նաև նրանով, որ Հայաստանում գրեթե վերացավ փոքր ու միջին բիզնեսը, իսկ հիմա էլ նպատակ է դրված վերացնել օլիգարխիան, այսինքն մարդիկ մտածել և որոշել են, որ Հայաստանի նման փոքր երկրում մի հոգի պետք է զբաղվի բիզնեսով, ուստի մեզ ոչ օլիգարխներ են պետք, ոչ էլ առևտրականներ, միայն հպատակներ: 
 Տարվա վերջում էլ մեծ շուքով Ֆրանսիան մեզ կոնֆետի թուղթ ցույց տվեց, մենք էլ ազգովի փառաբանեցինք, ծափահարեցինք, պարոն նախագահն էլ սա ձեռքբերում համարեց, այնինչ այդ օրինագիծը դեռ չի հաստատվել ոչ Վերին Պալատի, ոչ էլ Սարկոզիի կողմից, բայց մենք տեղը տեղին շնորհակալ եղանք: 
 Վերջում էլ ավելացնենք, որ հայ ազգն ու Հայաստանն այսօր բարդ իրադրության մեջ են,  և եթե գալիք տարի  համապատասխան քայլեր չձեռնարկվեն, ապա Հայաստանի ճակատագիրը շատ անորոշ ու մռայլ կլինի: Այս ամենը հաշվի առնելով կոչ ենք անում Սերժ Սարգսյանին մի փոքր մտածել մինչ Ամանորյա քաղցրահունչ ելույթն ասելը ու չխոսել գոյություն չունեցող ձեռքբերումների և առաջընթացի մասին, անկեղծությունը միշտ էլ ավելի բարձր է գնահատվում: 
  ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐԻՍ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ: ԹՈՂ ԳԱԼԻՔ ՏԱՐԻՆ ՄԵԶ` ՀԱՅԵՐԻՍ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԻ: 

           

Thursday, December 8, 2011

ԲՀԿ-ն վտանգի մեջ է.....

Հայաստանում քաղաքական կյանքը կանգ է առել, բայց սա տեղի է ունենում ոչ այն պատճառով, որ իշխանությունն ընդդիմության հետ միասին հոգնել է ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկելուց, այլ ուղղակի դադար է վերցրել նոր թափով ժողովրդի ուղեղը գրոհելու համար: Տիգրան Սարգսյանին այլևս չի հաջողվում իտալական մակարոններ կախել հայ ազգի ականջներին, համոզել, որ Հայաստանի տնտեսությունն իրականում աճել է, այլ ոչ թե անդունդի եզրին հայտնվել, արտագաղթի իրական ծավալն ինչքան էլ ցանկանան թաքցնել, միևնույն է պաշտոնական տվյալներն անգամ  ահագույժ են, ընդդիմության դիմակն էլ արդեն այնքան բացահայտ է դարձել, որ նույնիսկ երեխան կարող է նկատել նրանց պատվեր կատարողի իրական դեմքը, այս <գեղագիտական> ֆոնի վրա էլ ԲՀԿ-ի վրա գործադրած բացահայտ ճնշումները` թմրամոլ ԲՀԿ-ականներ, կրակոցներ.... Տիգրան Սարգսյանի սպառնալիքը սկսում է իրականանալ` ով ՀՀԿ-ի հետ չի, կոտրած տաշտակի առջև է հայտնվելու: ԲՀԿ-ն էլ հայտնվել է անելանելի վիճակում, որը եթե երկար տևի կարող է ԲՀԿ-ի համար բավականին ծանր հետևանքներ ունենալ: ԲՀԿ-ն պետք է վերջապես կամք ու քաջություն ունենա և հայտարարի իր քաղաքական կողմնորոշման մասին: Այն որ ԲՀԿ-ՀՀԿ համագործակցությունը ԲՀԿ-ի օգտին չի կարող լինել փաստ է, քանի որ պարոն նախագահին այս կուսակցությունից միայն ձայներ են պետք, որից հետո ԲՀԿ-ի գոյությունը որպես սպառնալիք կընկալվի ու պարոն Ծառուկյանի կուսակցական ընկերները կպարզվի ոչ միայն թմրամոլ են, այլ նաև կուռուպացված պաշտոնյաներ, ազգի դավաճաններ, անբարո մարդիկ, մի խոսքով հնարավոր բոլոր ձևերով իշխանությունը կփորձի ոչնչացնել ԲՀԿ-ականների բարի համբավը, որը նրանք այսօր վայելում են: ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը չեն հանդուրժի քաղաքական դաշտում մեկ ուրիշ ազդեցիկ կուսակցության գոյության փաստն անգամ, առավել ևո որ այն ավելի ժողովրդականություն է վայելում: ԲՀԿ-ն այս իրավիճակից կարող է դուրս գալ միայն այն դեպքում, երբ կարողանա քաղաքական կամք դրսևորել ու խոստովանի, որ իր կայացումը տեղի է ունեցել շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի: Այսօր երկրորդ նախագահը ոչ մի հայտարարություն չի արել իր վերադարձի վերաբերյալ, բայց չի էլ կարելի բացառել, որ նման բան տեղի  կունենա: ԲՀԿ-ն էլ ուղղակի պետք է կարողանա ճիշտ ու արագ կողմնորոշվել, քանի որ երկար մտածելու դեպքում կարող է կորցնել ոչ միայն իր դիրքը, այլ անհետանա քաղաքական դաշտից: Այս դեպքում կարծում եմ ԲՀԿ-ի համար լավագույն ելքը կլինի արագ ու ճիշտ կողմնորոշվելը, ինչքան էլ որ իշխանությունները ցանկանան ճնշել այս կուսակցությանը, միևնույն է այսօր ԲՀԿ-ն այն քիչ  կուսակցություններից է, որին ժողովուրդը հավատում է: Հայաստանում քաղաքական դաշտն արդեն երկար ժամանակ է տրագիկոմեդիայի է վերածվել, որտեղ որպես քավության նոխազ միշտ ընտրվում են համեմատաբար ավելի անվնաս, խելամիտ ու ժողովրդամետ ուժերը, իսկ պատվեր կատարողներին, Սերժ Սարգսյանին անվերապահորեն ենթարկվողներին, ընտրությունների ժամանակ <ձեն բերողներին> ու նմանատիպ էժանագին և միանգամյա օգտագործման մարդկանց պարգևներ ու պաշտոնի բարձրացում է խոստացվում, բայց <ձկնիկ եմ որսում> տրամաբնությամբ, պարոն նախագահն իր ուզածին հասնելուց հետո կամ կարթը որսի կոկորդում այս ու այն կողմ տանելով թողնում է նրան մի քիչ էլ լող տալ ջրի մեջ կամ էլ վերջ տալիս նրա ծովային դրախտին: Հուսով ենք ԲՀԿ-ն էլ չի հայտնվի ձկնիկների թվում ու կկարողանա արագ ու ճիշտ կողմնորոշվել:
                                                                                                           Ա.Հովհաննիսյան.....

Thursday, November 24, 2011

Տապալված իշխանություն

Քաղաքական դաշտում վերջին շրջանում բավականին հանգիստ մթնոլորտ է տիրում: Վերջապես հաջողվեց գտնել մարդկանց, ում շուրջ կարելի է կենտրոնացնել հասարակության ուշադրությունը և շեղել գլխավոր թեմաներից: Տիգրան Սարգսյանն էլ կարծես թե արդեն կորցնում է իր երկարատև գործունեության ընթացքում ձեռք բերած խելացի մարդու համբավը: Խելացիությունը միայն ամպագոռգոռ նախագծեր մտածելու մեջ չէ, պետք է այդ նախագծերի գոնե նվազագույն մասն իրականացնելու կարողություն ունենալ: Տիգրան Սարգսյանին հաջորդեց Վլադիմիր Գասպարյանը, ով այսօր մամուլի ուշադրության կենտրոնում է: Վերջին օրերին <աստղ> դարձած այս անձանցից զատ  հետաքրքիր  է, թե ինչով է զբաղված մեր  հանրապետության նախագահը: Այս հարցի պատասխանը պահանջում է զուտ ուշադրություն նախագահի քայլերի նկատմամբ և տեղի ունեցող կադրային փոփոխությունների վերլուծություն` նախագահն իր աշխատանքային ժամերի գերակշիռ մասը տրամադրում է գալիք ընտրությունների կազմակերպմանը: Առհասարակ ժողովրդավարական երկրի համար շատ կարևոր է, երբ ընտրություններն արդար ու ճիշտ են կազմակերպված, բայց երբ ողջ իշխանությունը կենտրոնանում է ոչ թե այս գործառույթի ապահովման վրա, այլ իր հաղթելու վրա, և այն դեպքում, երբ այդ նույն իշխանությունն իր ստեղծման օրվանից ոչ միայն խնդիր չի լուծել, այլ նորանոր խնդիրներ է ավելացրել, դա արդեն կործանարար կարող է լինել Հայաստանի համար: Այս պարագայում ճիշտ կլիներ, որ հենց իրենց ուսերին էլ թողնեինք իրենց ստեղծած շիլափլավի միջից դուրս գալու գրեթե անհնարին գործը, սակայն, այդ դեպքում էլ մենք վտանգում ենք մեր հայրենիքը: Այսօր գրեթե յուրաքանչյուր հայ մարդ գիտակցում է, որ այժմյան իշխանությունների ուժերից վեր է Հայաստանի տնտեսության բարելավումը, արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում ճիշտ հարաբերությունների կառուցումը, մի խոսքով երկիր կառավարելը նրանց պատկերացմամբ գեղեցիկ շարադրված նախագծերն են, որոնք հպարտորեն ստորագրվում են և շարվում մնացած մեղրածոր, բայց թղթի վրա մնացած նախագծերի վրա: Ժողովուրդն այս ամենը շատ լավ գիտի, ուստի այսօր իշխանությունը պետք է ամեն քայլ ձեռնարկի, որպեսզի մարդիկ մոռանան իրականությունը տարվեն ինչ-որ անկարևոր իրադարձություններով, որոշ ժամանակով հանգիստ թողնեն իրենց, մինչև նրանք ժողովրդի մոտ անմեղ գառի դիմակով ներկայանալու ձև կգտնեն: Լևոնն էլ իր հերթին այս նախագծի իրագործման մեջ իր ներդրումը կունենա` շեղելով իր թիմ կոչեցյալին գլխավորից  հերթական աննպատակ ցույցերի շարանի միջոցով: Մեր իշխանական վերնախավն այսօր որդեգրել է <Ես մեղավոր չեմ, սպասեք մինչև մեղավորին կգտնենք> քաղաքականությունը: Այս վիճակը կտևի այնքան ժամանակ, մինչև քավության նոխազ չհայտնվի, ում գլխին էլ կբարդվի այժմյան իշխանության բոլոր սխալները, բայց բանականություն ունեցող յուրաքանչյուր անհատ էլ գիտակցում է, որ թերացում ոչ միայն կառավարության որևէ օղակի մոտ է նկատվում, այլ ողջ համակարգի, քանի որ այսօր Հայաստանում կաղում է թե արտաքին ու ներքին քաղաքականությունը, թե տնտեսական ու արդյունաբերական ոլորտը, էլ չենք խոսում ներդրումների բացակայության, արտագաղթի, գործազրկության, գնաճի և սոցիալական անբարո պայմանների մասին: Ուստի մեղավորներ փնտրելու, ընտրություններում հաղթելու մասին մտածելու փոխարեն իշխանությունն այսօր պետք է քայլեր ձեռնարկի առկա խնդիրների լուծման համար կամ էլ <տղամարդավարի> ընդունի իր անկարողունակ լինելու փաստն ու երկրի ղեկը հանձնի այնպիսի մարդու, ով կարող է դուրս բերել Հայաստանն այս վիճակից:

P.S.Լավատեսությունը լավ բան է, բայց այն ժամանակ, երբ դրա հիմքում ռեալիզմն է ընկած:
                                                                                                                 Ա.Հովհաննիսյան      

Saturday, November 5, 2011

Աթոռապահպանման գործընթաց

<Մի ծաղկով գարուն չի գա>. Կարծում եմ այս արտահայտությունն այսօր բավականին ակտուալ է մեր քաղաքական դաշտի համար: Աշունը ոնց որ այդքան էլ լավ չանդրադարձավ մեր քաղաքական գործիչների վրա, փոխարենը նախագահականի վրա արդրադարձավ` սրելով հիվանդությունները, որոնք այս պարագայում վախի տեսքով են դրսևորվում: Իշխանության վերին օղակները բոլորովին կորցրել են իրենց իրական պարտականությունների գիտակցման զգացումը, այնպիսի տպավորություն է, որ Հայաստան երկրում գերագույն հարցն ԱԺ ընտրություններն են, և գոյություն ունեցող բոլոր լծակները պետք է ուղղորդել դեպի այն: Ընտրություններն, իհարկե, պատրվակ են մարդկանց հրաժարականներն ինչ-որ կերպ մեկնաբանելու համար, բայց եկեք մի փոքր ուսումնասիրենք և հասկանանք այս շարունակվող պանիկայի պատճառը: Մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում, որ պր. Սարգսյանը աթոռաթող է անում Ռոբերտ Քոչարյանի <մարդկանց>` իրենց միջև ծագած հակամարտության պատճառով: Այս տեսակետը միանգամից կարելի է բացառել, քանի որ գործող նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը միանշանակ Քոչարյանի կողմնակից չէր կարող լինել, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երևի թե ավելի շատ ինքն իր կողմնակիցն է, և եթե Սերժ Սարգսյանը կասկածեր նրա քաղաքական ոչ իրեն ձեռնտու հայացքների վրա, ապա նախընտրական շտաբի ղեկավար դժվար թե նշանակեր, Միքայել Մինասյանի Քոչարյանի <մարդ> լինելն էլ միանգամից կարելի է բացառել, Վլադիմիր Գասպարյանն էլ ավելի արտահայտված  Քոչարյանի կողմնակից է , քան Ալիկ Սարգսյանը: Այս պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Գագիկ Բեգլարյանը, ում տարածված լուրերի համաձայն պաշտոն են տալու, բոլորս էլ հիշում ենք, թե Բեգլարյանին ինչպես ազատեցին աշխատանքից, ու բավականին աբսուրդային կլինի, եթե նրան հիմա նշանակեն ավելի բարձր պաշտոնի այն դեպքում, երբ մարդ ծեծելու համար հեռացրել են, չանդրադառնանք այն փաստին, որ մարդ ծեծելու համար դատարանի համապատասխան որոշման համաձայն մարդուն պատժում են, այլ ոչ թե աշխատանքից հեռացնում: Բեգլարյանի քաղաքական կողմնորոշումներն էլ դժվար է որոշել, բայց նույնիսկ եթե վերը թվարկված մարդիկ բոլորն էլ Քոչարյանին սատարող բանակից լինեն, ինչի համար էլ որոշ մարդկանց կարծիքով ազատվել են աշխատանքից, ապա Սերժ Ազատիչն ինքն իրեն էլ պետք է ազատի աշխատանքից, քանի որ Քոչարյանի <մարդ> հասկացությունն առաջին հերթին հենց իրեն  է վերաբերում: Հանգամանքների բերումով այնպես է դասավորվել, որ այսօր պարոն Սարգսյանը սկսել է իրեն հանել  Քոչարյանի մարդկանց շարքից և Սերժի <մարդ> նորամուծությունը մտցնել, բայց այս պարագայում էլ մեկ ուրիշ խնդիր կարող է ծագել` պետական պաշտոնյաների փոխարեն Հայաստանի քաղաքացիներին պետք է վտարանդի դարձնի, քանզի Քոչարյանին սատարող բանակն օրեցօր մեծանում է: Ուստի հրաժարականների այս շարունակվող ալիքի պատճառն ավելի շատ անհաջող քայլ է սեփական պաշտոնը փրկելու համար, քան թե ճիշտ քաղաքական որոշում: Ընդհանուր առմամբ մարդկանց տեղերը փոխելուց ոչինչ էլ չի փոխվելու, քանի որ Հայաստանն անմխիթար վիճակից դուրս հանելու համար պետք է համապատասխան նախագիծ կազմվի և իրագործվի, ինչը մեր գերխելացի վարչապետն արդեն երեք տարի է փորձում է անել, իսկ փորձերն էլ հերթով փորձանքի վերածվեցին ու կախվեցին մեր ժողովրդի գլխին: Սերժ Սարգսյանն էլ երկրի և ժողովրդի գերագույն խնդիրները թողած նախընտրական շտաբի ձևավորմամբ է զբաղված կամ ավելի շուտ իր աթոռի պահպանմամբ: Հրաժարականների գլխավոր պատճառը կարծում ենք հենց աթոռապահպանումը հնարավոր դարձնելն է, բայց գործող նախագահի ընտրած ձևն ավելի շատ քարեդարյան ժամանակաշրջանին է հատուկ, քան ժամանակակից քաղաքակրթությանը: Միայն պարոն Սարգսյանը չի, մեր իշխանավորներից շատերին է  մի տեսակ հոգեհարազատ դարձել <տապոռային>  քաղաքականությունը` մեջբերում Տիգրան Սարգսյանի խոսքերից.<Հանրապետական կուսակցությունը երկրի ամենաազդեցիկ ուժն է, որը կարող է  ապագայում էլ ձևավորել քաղաքական դաշտի միջուկը: Ուստի նրանք, ովքեր կհամագործակցեն մեր կուսակցության հետ, կհաղթեն դրանից, ով չի ցանկանա, կմնա կոտրած տաշտակի առջև>: Այս ամպագոռգոռ հայտարարությունը կարծում ենք վերլուծելու կարիք էլ չկա, ուղղակի պետք  չէր այդքան քարկոծել մեր միակ անկեղծ պաշտոնյային, ով առանց ձևապաշտության և կեղծավորության համայն ազգի դիմաց <գողական>-ով հարց դրեց, բայց ՀՀԿ-ն էլի թերացավ , իրենց կուսակցության անունից այդպիսի <գողական> հայտարարություն անելու համար ընտրությունը մի փոքր սխալ մարդու վրա էր կանգնել: Այս հայտարարությունն էլ ինչի մեջբերեցինք, քանի որ ամեն ինչ հենց այս հայտարարությամբ էլ սկսվեց, <հրաժարականների> շարանը հաջորդեց մեր վարչապետի այս հայտարարությունից հետո: Կարծում ենք արդեն պարզ է` ինչի համար է այս կատակերգությունը, որը կարելի է անվանել` <Աթոռապահպանման գործընթաց>:
                                                                                                               Ա. Հովհաննիսյան